«Լրագիր» 8-2-2012- Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» վերլուծական կենտրոնի գնահատականը Հայաստանի զինուժում առկա իրավիճակի վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ բրիտանական կենտրոնը հայկական զինուժի իրավիճակը գնահատելով, մատնանշելով հայտնի խնդիրները կարգապահական վիճակի հետ կապված, արձանագրել էր, որ զինուժում առկա է երկու թեւի հակադրություն՝ Սեյրան Օհանյան եւ բարեփոխիչ նոր սերունդ, ու հին պահպանողական զինվորականներ: Համընդհանուր ընկալմամբ, այդ թեւի «հրամանատար» է դիտվում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Օհանյանն ասել է, որ ինքը որեւէ հակասություն չունի Խաչատուրովի հետ: Օհանյանի խոսքով, իրենց գործակցությունը տարեցտարի զարգանում է: «Նախարարության եւ բանակի համակարգում չկա մարդ, որը չկատարի իմ հրամանները: Այլ հարց է, թե անձնակազմի պատրաստվածությունն ու էֆեկտիվությունը որքանով է թույլ տալիս տեղերում էֆեկտիվ եւ լիարժեք կատարել բանակի ղեկավարության հրամանները: Դրա վրա մենք աշխատում ենք», հայտարարել է Սեյրան Օհանյանը:
Բրիտանացի վերլուծաբանները նշել էին, որ բանակում երկու թեւերի՝ բարեփոխիչների եւ «պահպանողականների» հակադրությունը պետք է հանգուցալուծի Սերժ Սարգսյանն ու օգնի Օհանյանին առաջ մղել բարեփոխումները եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը:
Ըստ ամենայնի, Սեյրան Օհանյանն այդ հարցում Սերժ Սարգսյանից առանձնահատուկ աջակցություն չի սպասում: Միգուցե դա նաեւ օրինաչափ է, որովհետեւ Սարգսյանն էլ հազիվ թե բանակի գեներալակազմի հետ որեւէ բախման գնա, քանի որ առջեւում ընտրություն է եւ այդ գեներալակազմն, ինչպես միշտ, այժմ էլ հանդիսանալու է ընտրական գործընթացում պասիվ կամ ակտիվ գործիք: Իսկ աջակցել բանակի բարեփոխումներին, նշանակում է անպայմանորեն հակադրության մեջ մտնել բանակի տանիքի տակ իրականում անձնական բիզնես-մտահոգություններով ապրող գեներալակազմի մի զգալի մասի հետ:
Սեյրան Օհանյանին այդ պայմաններում մնում է հայտարարել, որ բրիտանացի փորձագետների վերլուծությունը չի համապատասխանում իրականությանը եւ ինքն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը որեւէ խնդիր չունեն, իսկ մեղավորը տեղերի անձնակազմն է, որը լավ չի կատարում բանակի ղեկավարության հրամանները:
Փաստացի, Սեյրան Օհանյանն ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա՝ նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի գործառույթների պատասխանատվությունը: Եթե այդ ամենը համապատասխանում է իրականությանն ու ասենք Խաչատուրովն իսկապես որեւէ խնդիր չի հարուցում Օհանյանի համար, ապա պաշտպանության նախարարն ազնվորեն է վարվում եւ պատասխանատվության իր բեռը չի դնում Խաչատուրովի կամ այլ բարձրաստիճան զինվորականների ուսերին: Իսկ տեղերի անձնակազմի պատրաստվածության խնդիրը իսկապես կա, այսինքն բանակի բարձրագույն հրամկազմի խնդրից բացի, իսկապես կա տեղերի անձնականազմի էֆեկտիվության հարցը: Բայց դա թերեւս այլ խոսակցության նյութ է:
Իսկ տվյալ թեմայի շրջանակում, պետք է փաստել, որ Օհանյանն իրեն է հայտարարում բանակում առկա իրավիճակի գլխավոր պատասխանատու: Հարցն այն է՝ նա դա անում է ազնվորեն, թե ստիպված՝ այսինքն պարզապես չի ուզում հայտարարել բանակում առկա հակադրության մասին:
Ի վերջո, խոշոր հաշվով տրամաբանական չէր լինի, եթե պաշտպանության նախարարը հայտարարեր, թե գիտեք, իսկապես կա ներզինուժային հակադրություն իմ եւ գլխավոր շտաբի պետի եւ գեներալակազմի մի սեգմենտի միջեւ: Այդօրինակ հայտարարությունը պարզապես անհեթեթ կլիներ, որովհետեւ այդ դեպքում պաշտպանության նախարարը կամ պետք է հրաժարական տա, կամ պետք է կոնկրետ հայտարարի, որ այս, այս եւ այս պաշտոնյաները խանգարում են իրեն եւ Գերագույն գլխավոր հրամանատարը պետք է նրանց ազատի զբաղեցրած պաշտոնից: Ավելին, նախարարը ԳԳ հրամանատարին պետք է թերեւս վաղուց դիմած լիներ այդ հորդորով, պահանջով կամ խնդրանքով, իսկ իրականացված չլինելու դեպքում էլ պետք է վաղուց հրաժարական տված լիներ:
Հստակ է, որ ինչ էր լիներ, Օհանյանը չէր կարող չհերքել բրիտանական կենտրոնի վերլուծության այդ դրվագը: Մյուս կողմից սակայն, նախարարը կարող էր այն պարզապես մատնել լռության: Որեւէ մեկը նրան հազիվ թե խանգարեր հայտարարել, որ աշխարհի, այդ թվում Հայաստանին զինված ուժերի մասին հարյուրավոր եւ հազարավոր տարբեր վերլուծություններ են լինում, իսկ նախարարը պետք է զբաղվի իր անմիջական աշխատանքով, որի մեջ մտնում է վերլուծությունները նկատի առնելն ու հետեւություններ անելը, սակայն ոչ դրանք մեկնաբանելը:
Ինչի հետ գործ ունենք տվյալ պարագայում՝ սեփական գերակա եւ անվերապահ պատասխանատվության մասին ազնիվ խոստովանության, թե պարզապես իրավիճակային սխալ որոշման հետ:
Մյուս կողմից, հասարակությանն իհարկե չի հետաքրքրում, թե ինչ խնդիրներ կան նախարարի եւ որեւէ այլ բարձրաստիճան զինվորականի միջեւ: Հասարակությանը հետաքրքրում է, թե ինչ խնդիրներ կան բանակում եւ որքանով են դրանք սպառնալից իր համար: Իսկ եթե բանակում սպանվում են հայ զինվորները, խաղաղ պայմաններում եւ պարզապես սարսափելի ինտենսիվությամբ, ապա դա հասարակության համար սպառնալից իրավիճակ է, որովհետեւ 18-20 տարեկան զոհերը հասարակության մի մասն են, եւ դժվար է ասել, թե ով կլինի զորակոչված հաջորդ զոհը:
Նորմալ երկրներում, բանակային ողբերգությունների այդօրինակ հաճախականությունը, երբ տեղի են ունենում ոչ թե պարզապես աղմկոտ միջադեպեր, այլ իրար հետեւից մահեր են գրանցվում, անպայմանորեն հանգեցնում է աղմկոտ հրաժարականների եւ պաշտոնանկությունների: Ողջունելի է իհարկե, որ պաշտպանության նախարարը չի խուսափում պատասխանատվությունն իր վրա վերցնելուց եւ դրսեւորում է այդ խիզախությունը: Բայց, խոսքը ոչ թե սովորական անփութության, թերության մասին է, այլ մարդկային կյանքեր արժեցող իրավիճակի: Հետեւաբար, անձնական խիզախումների ժամանակը չէ, այլ ժամանակն է արդյունավետ եւ բեկումնային որոշումների եւ լուծումների:
Եթե Սեյրան Օհանյանը համարում է, որ իր հրամաններին որեւէ բարձրաստիճան զինվորական չի հակադրվում, ուրեմն պետք է հենց ինքը վաղուց հրաժարական տված լիներ: Օրինակ, երբ բանակում տարիներ շարունակ կա մահվան դեպքերի բարձր ցուցանիշ, եւ երբ Տարեմուտից ի վեր հազիվ մեկուկես ամսվա ընթացքում բանակում արձանագրվում է չորս մահվան դեպք /ներառյալ Նոր տարվա շեմին ջրծաղիկից մահացած զինվորի դեպքը/, ապա այդ պարագայում պաշտպանության նախարարը կամ անկեղծ ու բաց զրույց է սկսում հասարակության հետ եւ ներկայացնում է կոնկրետ անուններ, թե ովքեր են վատ աշխատում եւ խոչընդոտում բանակի կառավարման համակարգի աշխատանքին, կամ ազնվորեն խոստովանում է, որ վատ է աշխատում ինքն ու հանրությանը ներկայացնում իր հրաժարականի դիմումը:
Մեկ էլ տարբերակ է իհարկե Գերագույն գլխավոր հրամանատարի միջամտությունը, ի վերջո: Բայց, Սերժ Սարգսյանը կարծես թե որոշել է հաստատուն լռություն պահպանել բանակի թեմայով, կամ ասելիք չունենալու պատճառով, կամ էլ պարզապես բանակից արտասահմանադրական ակնկալիքներ ունենալու պատճառով, որոնք Հայաստանում իշխանություններն ավանդաբար ունեցել են ընտրական շրջանում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment