Panorama.am. 25-2-2012- Անցած տարի Իրանի փոխնախագահի և Իրանի Կասպից ծովի էկոլոգիայի ինստիտուտի տնօրենի կողմից խորը մտահոգություններ հնչեցին Կասպից ծովի բնապահպանական վիճակի մասին, որը ըստ նրանց հասել է կրիտիկական մակարդակի: Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը մեղադրվեցին լճի աղտոտման և կենսաբանական ռեսուսների անխնա շահագործման համար, որտեղ հատկապես մեղադրվեց Ադրբեջանի Հանրապետությունը: Հայտնի է, որ Ապշերոնի թերակղզուն հարող մերձակա ջրային տարածքները և ծով լցվող Քուռ գետի գետաբերանը հարող ջրային հատվածները հանդիսանում են Կասպից ծովի կենտրոնական, հարավային և հարավ-արևմտյան մասի աղտոտման հիմնական օջախները:
Իրանի փորձերը օրակարգում պահելու Կասպից ծովի էկոլոգիական վիճակը հասկանալի է` նախ այս երկիրը իսկապես մտահոգված է բնական էկոհամակարգի պահպանմամբ, ինչպես նաև էկոլոգիական և սեյսմիկ խնդիրները վերհանելով փորձում է խոչընդոտել տրանսկասպիան գազամուղի կառուցմանը: Նշենք, որ Իրանից բացի Ադրբեջանին Կասպիցի աղտոտման համար մեղադրում են նաև մի շարք միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնց զեկուցագրերում ներկայացվում է նավթաարդյունահանման արդյունքում, ինչպես նաև գյուղատնտեսության և արդյունաբերության մյուս ճյուղերի` նավթաքիմիական, քիմիական ու մետալուրգիական գործունեության արդյունքում Կասպից ծովի էկոլոգիական աղետալի վիճակը:
Սակայն Ադրբեջանը Ադրբեջան չէր լինի, եթե չփորձեր կամ ընդհանրապես չհերքեր այդ մեղադրանքները կամ չարդարանար` դրանք վերահասցեագրելով այլ երկրներին, հաճախ դրանք ուղեկցելով անհեթեթ, տիպիկ ադրբեջանական պրիմիտիվ և հիստերիկ մեկնաբանություններով: Պարզվում է, որ Իրանը մեղադրում է Ադրբեջանին այն պատճառով, որ նախանձում է Ադրբեջանին իր սոցիալ-տնտեսական զարգացման և հաջող իրականացվող նավթային ազգային ստրատեգիայի համար….. Համենայն դեպս այս միտքը պատկանում է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ղեկավար չինովնիկներից մեկին:
Հերքումների շարքից պարզվում է, որ Ադրբեջանը ընդհանրապես չի աղտոտում Կասպից ծովը, այլ դա անում է Ռուսաստանը, որի տարածքով հոսող Վոլգա գետը Կասպից ծով է լցնում այդ ծովը աղտոտող վնասակար նյութերի 95%-ը, ապա Ղազախստանը, որը լիճը աղտոտում է իր երկու գիգանտ նավթի հանքավայրերի` Թենգիզի և Քաշագանի շահագործման արդյունքում, ինչպես նաև այդ երկրների, Իրանի և Թուրքմենստանի ափամերձ բնակավայրերը, որոնք ջրային տարածքը աղտոտում են արդյունաբերական, կենցաղային և կոմունալ հոսքաջրերով:
Բացի այդ նշվում է, որ Ադրբեջանում ներկայումս կիրառվում են նավթի արդյունահանման արևմտյան առաջավոր տեխնոլոգիաներ, որի արդյունքում նավթամթերքներով աղտոտումը նվազագույնի է հասնում: Նշենք, որ իսկապես առաջավոր տեխնոլոգիաներ օգտագործվում են Ադրբեջանի նավթի և գազի հանքավայրերում (հիմնականում արևմտյան ընկերությունների կողմից, իսկ Ադրբեջանի նավթային պետական ընկերության Socar-ի սարքավորումները հիմնականում հին են և մաշված), սակայն այդ տեխնոլոգիաները ավելի շուտ մեծացնում են նավթի կորզման աստիճանը, իսկ բնապահպանական առումով դրանք վիճակը չեն բարելավում, այսպես օրինակ թե հին տեխնոլոգիաներով, թե նորով մեկ տոննա արդյունահանված նավթի հետ ծով է լցվում մոտ 5-8 կգ հում նավթ, որը տարեկան 50 մլն տ. արդյունահանվող ադրբեջանական նավթի դեպքում կազմում է նվազագույնը 35-40 հազար տոննա: Դրան էլ ավելացած ցամաքային նավթահանքերից գետերով դեպի ծով հոսող ևս մի քանի տասնյակ հազար տոննա հում նավթը, տեխնիկական վթարներից արտանետումերը, ջրային ավազան լցվող հորատման լուծույթները և այլ վնասակար բաղադրիչները, վիճակը ավելի պատկերավոր կլինի:
Իսկ արդարացումների շարքից, գերիշխում է այս վարկածը` այո Ադրբեջանի տարածքից Կասպից ծովը իսկապես աղտոտվում է ծանր մետաղներով, քիմիական, ռադիոակտիվ, անօրգանական նյութերով և այլ վնասակար միացություններով, ապա Ադրբեջանի մեղքը այստեղ զրոյական է, քանի որ Կասպից լցվող գետերի աղտոտումը ունի տրանսսահմանային աղբյուր և դրա մեղավորները հիմնականում Վրաստան ու Հայաստանն են, մի փոքր էլ Թուրքիան և Իրանը: Այսպես Վրաստանի տարածքում մինչ Ադրբեջան մտնելը Քուռը աղտոտվում Թբիլիսիում, ապա Ռուսթավիի և Մարնեուլիի մետալուրգիական գործարանների արդյունաբերական թափոններով, ինչպես նաև Հայաստանից հոսող Դեբեդ և Աղստև գետերով տեղափոխվող հեղուկ արդյունաբերական թափոններով: Իսկ Արաքս գետը հիմնականում աղտոտվում է Հայաստանի կողմից:
Բնականաբար թե Վրաստանը, թե Հայաստանը երբեք չեն հերքել, որ այդ գետերը իսկապես աղտոտվում են կենցաղային և արդյունաբերական թափոններով, քանի որ հեղուկ թափոնների ջրհեռացման համակարգերը նախագծված և կառուցված են եղել խորհրդային տարիներին: Իսկ Հայաստանի բնապահպանության նախարարարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ ադրբեջանցիների հայտարարվող տվյալները գերչափազանցված են և չեն համապատասխանում հայկական կողմի իրականացվող մոնիտորինգի տվյալների հետ, որոնք իրականացվում են միջազգային կազմակերպությունների հսկողության տակ:
Սակայն այստեղ զավեշտալին այն է, որ էկոլոգիական մշակույթի ավանդույթներ չունեցող ադրբեջանցիները, չգիտես ինչու համոզված են, որ իրենց տարածքով անցնելով այդ գետերը բացարձակ չեն աղտոտվում: Մի կողմ թողնենք, որ նույն Արաքսը, որը սահմանային գետ է և կենցաղային թափոններով աղտոտվում է նաև Թուրքիայի և Իրանի կողմից, ինչպես նաև աղտոտվում է Ադրբեջանի տարածքում, որտեղ գետի ավազան են լցվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարբեր գործարանների արդյունաբերական և կոմունալ հոսքաջրեր, ինչպես նաև տարատեսակ պեստիցիդներ և գյուղատնտեսական նշանակության թափոններ: Իսկ Քուռը իր հերթին աղտոտվում է անցնելով ադրբեջանական` Մինգեչաուր, Եվլախ, Սաբիրաբադ, Ալի Բայրամլի և Սալյան քաղաքներով, աղտոտվելով տարատեսակ վնասակար նյութերով: Քուռը աղտոտվում է իր մեջ լցվող այլ ադրբեջանական բնակավայրերից հոսող աղտոտված գետերով և առվակներով: Այնպես, որ հարց է թե ով է ավելի շատ իրականում աղտոտում Կասպից լցվող այս գետերը:
Այսպիսով Ադրբեջանը փորձելով խուսափել արտաքին մեղադրանքներից, միջազգային պարտավորություններից, ինչպես նաև թյուրիմացության մեջ գցելով սեփական ժողովրդին, մի քանի կլանների վերահսկողության տակ գտնվող տարբեր բնական ռեսուրսների` նավթի, խավիարի, թառափի և այլ ռեսուրսների անխնա գերշահագործմամբ, զուգահեռաբար աղտոտում է իր ջրային, օդային և ափամերձ ցամաքային տարածքերը: Միաժամանակ բյուջեից մեծ քանակի փողեր դուրս գրելով, բնապահպանական միջոցառումների անվան տակ յուրացվում են հարյուր միլիոնների հասնող այդ գումարները, առանց էական օգուտ տալով (օրինակ Արաքսի հունի փոփոխման ձախողված նախագիծը, հարյուրավոր ջրազտման կայանների կառուցումը, ջրապաշտպան ամբարտակների կառուցումը և այլն), շարունակելով հայտարարել թե էկոլոգիական վիճակը բարելավվում է, իսկ այդ ընթացքում Կասպից ծովի ադրբեջանական հատվածի նոր ջրային տարածքներ շարունակվում են հայտնվել նավթի ծածկույթի տակ, արդյունաբերական, քիմիական և կենցաղային կոյուղաջրերի մեծաքանակ ու մշտական հոսքը անընդհատ նվազեցնում է թթվածնի պարունակությունը ջրում, ամեն տարի կործանվում են հարյուր հազարավոր կենսատեսակներ:
Համենայն դեպս դա է վկայում նաև միջազգային բնապահպանական ինդեքսի` EPI–ի գնահատականը Ադրբեջանի ընդհանուր էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ, հատկապես ջրային ռեսուրսների ազդեցությունը էկոհամակարգի վրա ցուցանիշը: Ըստ այդ ցուցանիշի այս երկիրը գտնվում է 132 երկրների ցանկում 127 տեղում` համարվելով ամենաթույլ գործունեություն և խոցելիություն ունեցող երկիր:
Սարգիս Մանուկյան
Sunday, February 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment