Sunday, February 26, 2012

Ադրբեջանի հրաժարումը վարել բանակցություններ ԼՂՀ ընտրված ղեկավարության հետ հարցի կարգավորման հիմնական խոչընդոտներից է

Mardik.am. 24-2-2012- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում երեկ տեղի է ունեցել քննարկում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրի ներքո, որին մասնակցում էին կազմակերպության անդամ երկրների հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ: Քննարկմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Նազարյանն իր ելույթում անդրադարձել է քննարկման առանցքային հարցի` հակամարտությունների ընթացքում կանանց և աղջիկների հանդեպ գործած բռնություններին. Դեսպան Նազարյանը նշել, որ նմանօրինակ հանցագործությունները պետք է բացահայտվեն և մեղավորները պատժվեն, այլապես անպատժելիությունը նոր զոհեր կծնի, նշելով նաև որ պատժելը միայն բավարար չէ, անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ ինտիուցիոնալ և հասարակության գիտակցության մակարդակներում: Իր ելույթում դեսպան Նազարյանն ի մասնավորապես նշել է. «Մի քանի օրից մենք ոգեկոչելու ենք Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը, ովքեր ենթարկվեցին սպանդի ու սարսափելի բռնությունների միայն այն պատճառով, որ հայեր էին»: Ակնարկելով Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին` Հայաստանի դեսպանը հիշեցրել է, որ այսօրվա քննարկումը վերաբերում է միայն Անվտանգության խորհրդի օրակարգում ներառված հակամարտությունների ընթացքում գործած բռնություններին և ոճրագործություններն, ու անհեթեթ համարել Խոջալու բնակավայրում տեղի ունեցած դեպքերին կատարած ակնարկը: Նա այնուհետև նշել է, որ պաշտպանությունն ու կանխարգելումն ապահովելու, իրական արդյունքներ ստանալու համար ԱԽ-ի քննարկումների ընթացքում անհրաժեշտ է դրսևորել ճշգրտություն և հավաստիություն, ու Խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նույնիսկ ԱԽ ընտրվելուց հետո Ադրբեջանը շարունակում է իր անպատասխանատու գործելաոճը թաքցնելու համար իր կատարած հանցագործություններն ու սադրանքները: Քննարկումների ընթացքում Հայաստանի ներկայացուցչի կողմից կոչ է արվել Ադրբեջանին զերծ մնալ էժանագին քայլերից ու ԱԽ-ում անհարկի շահարկումներից և փոխարենը կենտրոնանալ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների միջնորդությամբ իրականացվող ԼՂ բանակցային գործընթացին ու կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումների ընթացքում: Հակադարձելով ադրբեջանական քարոզչությանը` դեսպանը նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, որոնք կոչ են անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով և ուղիղ շփումների միջոցով, և որ Ադրբեջանի հրաժարումը վարել բանակցություններ ԼՂՀ ընտրված ղեկավարության հետ հարցի կարգավորման հիմնական խոչընդոտներից է:

No comments: