Tuesday, February 7, 2012

Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ավելորդ խստությունն էլ ավելի կբարդացնի Թուրքիայի վիճակը. Կռիլով

Tert.am. 6-2-2012- Ռուսաստանի Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը, ադրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում անդրադառնալով Ֆրանսիայի խորհրդրանի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի բողոքարկմանը, կարծիք է հայտնել, որ այդ հայցը, ամենայն հավանականությամբ, չի բավարարվելու: Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին (դիմումի տակ ստորագրել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 76 և ստորին պալատի՝ Ազգային ժողովի 65 խորհրդարանականները): Սահմանադրական խորհուրդն օրինագծի առնչությամբ լսումներ կանցկացնի մինչև մարտի 1-ը: «Թե ինչպիսին կլինի Սահմանադրական խորհրդի որոշումը, դժվար է կանխատեսել: Իմ կարծիքով, սակայն, առավել հավանական է, որ պատասխանը բացասական կլինի, և դրա համար երկու պատճառ կա. առաջինն այն է, որ այդ օրենքը երկու ցեղասպանությունների է առնչվում, և օրենքի չեղյալ հայտարարումը նշանակելու է նաև Ֆրանսիայի դիրքորոշման փոփոխություն Հոլոքոստի ( հրեաների ցեղասպանության) հանդեպ, ինչը դժվար է պատկերացնել: Երկրորդն այն է, որ այդ հարցը ոչ միայն իրավաբանական, այլև քաղաքական հարթություն ունի. եթե Սահմանադրական խորհուրդը չեղյալ հայտարարի Ֆրանսիայի Սենատի որոշումը, դա շատ անբարենսպատ կերպով կազդի Սարկոզիի նախընտրական հեռանկարների վրա: Ընդդիմադիր կուսակցությունները և թեկնածուները պետք է զգուշություն ցուցաբերեն այս հարցում, քանի որ Սենատի կողմից ընդունված օրինագծի դեմ նրանց ակտիվ քննատությունը կհանգեցնի նրան, որ հայ համայքը միաձայն քվեարկի ներկայիս նախագահի օգտին»,-ասել է Կռիլովը: Վերլուծաբանի կարծիքով ստեղծված իրավիճակում Անկարան երկու բան կարող է անել` կամ պատժամիջոցներ կիրառել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք ճանաչում են հայերի ցեղասպանությունը, ինչը, սակայն, ըստ վերլուծաբանի, խնդիրներ կստեղծի, կամ վերադառնալ ցեղասպանության այսպես կոչված «մասամբ ճանաչման» քաղաքականությանը: «Ինչը նշանակում է, որ Թուրքիան ճանաչում է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը (ոչ թե ժամանակակից Թուրքիայում, ինչպես շատերն են կարծում), և դրա դիմաց հստակ երաշխիքներ է ստանում առ այն, որ իր նկատմամբ նյութական, կամ տարածքային պահանջներ չեն ներկայացվելու, չէ որ գլխավոր խնդիրն էլ հենց դրանում է, և ներկայիս Թուրքիայի ղեկավարությունը ձգտում է դա լուծել ցեղասպանության փաստը ժխտելու ճանապարհով»,-ասել է նա: Կռիլովն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Անկարայի ավելորդ խստությունը կարող է էլ ավելի բարդացնել Թուրքիայի վիճակը միջազգային ասպարեզում: «Ոչ հեռու անցյալում Անկարայի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ ավելի ճկուն էր. նա նախընտրում էր չնկատել տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, կամ շատ բուռն չարձագանքել: Իսկ վերջին 10 տարիների ընթացքում այդ հարցի առնչությամբ Անկարայի ընդգծված խիստ դիրքորոշումը որևէ դրական արդյունք չի տվել: Կարծում եմ, որ խելամիտ կլինի վերադառնալ «մասամբ ճանաչման» տարբերակին, կամ գոնե սկսել նման տարբերակի քննարկումը: Վերլուծաբանը նշել է նաև, որ վերոնշյալ օրինագծի շուրջ զարգացումները որևէ կերպ չեն ազդելու Հարավային Կովկասում, ԼՂ հակամարտության գոտում ուժերի հարաբերակցության վրա:

No comments: