Wednesday, February 8, 2012

Այլընտրանքային Հայաստան

«Լրագիր» 8-2-2012- Հայաստանում կազմակերպված սեմինարի ընթացքում, Հայաստանում ԱՄՆ եւ Գերմանիայի դեսպանները հայտարարել էին, որ Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական, քաղաքական եւ անվտանգության այլընտրանք: Ակնարկը պարզ է՝ Հայաստանը միակողմանի չափազանց շատ է կախված Ռուսաստանից, եւ անհրաժեշտ է ձեւավորել այլընտրանքային հնարավորություններ: Հազիվ թե որեւէ մեկը վիճարկի այդ այլընտրանքի անհրաժեշտությունը: Գտնվելով բավական բարդ տարածաշրջանում, Հայաստանն իրավունք չունի բավարարվել Ռուսաստանից միակողմանի կախվածությամբ, ինչքան էլ որ Ռուսաստանը թվա հուսալի գործընկեր: Ավելին, առավել եւս այժմ Հայաստանն իրավունք չունի չանել այլընտրանքի գործնական փնտրտուք, երբ վերջին տարիները ցույց տվեցին, որ Ռուսաստանը կարող է հանգիստ խղճով իրեն թույլ տալ քայլեր, որոնք էապես հակասում են Հայաստանի պետական շահին: Դեսպանները համարում են, որ այլընտրանքը պետք է փնտրել հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ: Այստեղ էլ, վիճելը թերեւս բավական դժվար է: Հազիվ թե գտնվի մարդ, ով կասի, թե հայ-թուրքական բարվոք հարաբերությունը պետք չէ Հայաստանին: Բայց, այստեղ հարցը պայմաններն են, այն պայմանները, թե ինչպես պետք է հարաբերությունը կարգավորվի: Հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվեցին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, Հայաստանի համար հայ-թուրքական կարգավորման ոչ ձեռնտու թղթեր են, քանի որ դրանցում արտացոլված են բավական բացահայտ, կամ էլ հմտորեն քողարկված պայմաններ, որոնք չեն բխում Հայաստանի պետական շահից: Հետեւաբար, եթե հայ-թուրքական հարաբերությունը պետք է կարգավորվի այդ թղթերի հիման վրա, ապա դա գրեթե բացարձակապես անարդյունավետ ճանապարհ է եւ Հայաստանի համար ոչ թե այլընտրանքային հնարավորություններ է ստեղծելու, այլ թուլացնելու է Հայաստանի պետական պոտենցիալը Հարավային Կովկասում: Պետք է հուսալ, որ Արեւմուտքը լավ է հասկանում այդ վտանգը, եւ հայ-թուրքական արձանագրությունների մասին պարբերական հիշատակումները ընդամենը տոնուսը պահելու համար են, իսկ իրականում Արեւմուտքն էլ լավ գիտակցում է, որ հայ-թուրքական կարգավորման նոր պլատֆորմ է անհրաժեշտ՝ իսկապես առանց նախապայմանների: Հայաստանը չի կարող այլընտրանք ստանալ իր պետական պոտենցիալի թուլացման հաշվին: Ըստ ամենայնի, Ֆրանսիայի ձեռամբ սկսված ցեղասպանության միջազգային ճանաչման նոր ալիքը կարծես թե հետապնդում է հենց այդ նպատակը՝ Թուրքիային մղել հայ-թուրքական կարգավորման նոր պլատֆորմի շուրջ քննարկումների: Բայց, երբ խոսք է գնում Հայաստանի այլընտրանքների մասին, այստեղ թերեւս պետք է դնել ելակետային նախապայման. դա Հայաստանի ներքին բարեփոխումներն են: Առանց դրա, Հայաստանի տնտեսա-քաղաքական եւ անվտանգության որեւէ այլընտրանք չի կարող ապահովել որակական փոփոխություն: Հայաստանին նախ անհրաժեշտ է փոխել երկրում հաստատված արատավոր համակարգը, ապահովել մրցակցային տնտեսություն, սեփականության պահպանման երաշխիքային հստակ համակարգ՝ անկախ դատարան, ձերբազատվել քաղաքական մենաշնորհից, չկեղծել ընտրությունը, ապահովել մարդու քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, երկրում պետական, քաղաքական, հասարակական կյանքը դնել բացառապես սահմանադրական գծի վրա: Միայն այդ ամենից հետո է հնարավոր օպտիմալ գնահատական տալ Հայաստանի ներկայիս հնարավորություններին եւ փնտրել այլընտրանքային նոր ուղիներ: Միայն այդ Հայաստանն է ունակ օգտագործել այլընտրանքը, քանի որ ներկայիս որակի Հայաստանը, ներկայիս արատավոր համակարգի ազդեցության տակ գտնվող Հայաստանը ցանկացած այլընտրանք առավելագույնը կարող է մսխել: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: