Wednesday, February 15, 2012

Ամերիկյան ևս մեկ ռազմանավ է մուտք գործել Պարսից ծոց

Panorama.am. 15-2-2012- Ամերիկյան ևս մեկ ռազմանավ է մուտք գործել Պարսից ծոց: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը: Տեղեկատվության համաձայն` ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը Հորմոզի նեղուցն անցնելիս մոտեցել է Իրանի ջրային սահմաններին, այնուհետև մուտք գործել Պարսից ծոց: Բացի այդ, նշվում է, որ մարտ ամսին ծովային վարժանքներ իրականացնելու նպատակով «Ինթերփրայզ» ավիակիրը ևս կմոտենա Պարսից ծոցի ջրերին: ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Թրոյ Շումեյքերը հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերի տեղաշարժը Հորմոզի նեղուցում նախատեսված սովորական գործողություններ են: Իրանական աղբյուրը նաև հավելում է, որ երբ ամերիկյան ռազմանավը հատում էր Հորմոզի նեղուցը, ԻԻՀ ԶՈւ օդային ուժերի ռազմական ինքնաթիռը մոտ տարածության վրա դիտարկում էր ռազմանավի շարժը: Հիշեցնենք, որ հունվար ամսին ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ևս մեկ ավիակիր, ֆրանսիական և անգլիական երեք ռազմանավերի ուղեկցությամբ, հատելով Հորմոզի նեղուցը, մտել էր Պարսից ծոց: Իրանական «փարսինե.քոմ» կայքի հաղորդմամբ` ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մոհամմադ Քոուսարին, վերջերս անդրադառնալով Պարսից ծոցում ստեղծված իրավիճակին, նշել էր. «Հորմոզի նեղուցը փակվելու դեպքում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ի զորու չեն լինի այն կրկին բացել, սակայն, եթե ԱՄՆ-ն նեղուցը փակելուց հետո որևէ արկածախնդության դիմի, ապա կարճ ժամանակում ողջ աշխարհը կապակայունանա, իսկ ամերիկացի զինվորները կփախչեն տարածաշրջանից»:

No comments: