«Լրագիր» 9-2-2012- Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունում բավական ուժեղ է բանկերի լոբբինգը, նկատի ունենալով այն, թե կառավարության որքան մեծ թվով նախաձեռնություններ են ուղղված բանկային հավելյալ եկամուտների ապահովմանը:
Անկասկած, այդ հարցում զգալի դեր ունի նաեւ այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանը մինչեւ վարչապետ դառնալը երկար տարիներ աշխատում էր Կենտրոնական բանկի նախագահ:
Ըստ երեւույթին, Տիգրան Սարգսյանի կառավարությունը համարում է, որ բանկային համակարգը Հայաստանում ամենակայացած կառույցներից է եւ պետք է այն էլ ավելի ամրապնդել, էլ ավելի մեծացնել դրա զարգացման հնարավորությունը, քանի որ այն կարող է դառնալ տնտեսության զարգացած օղակներից կամ առանցքներից մեկը, իսկ գուցե առաջնայինը:
Հայաստանում կա երկու տասնյակից ավելի բանկ, որտեղ աշխատում է մի քանի հազար մարդ: Բանկերը լավ են վարձատրում իրենց աշխատակիցներին: Այսինքն, համակարգը Հայաստանում պահում է մի քանի հազար լավ վարձատրվող մարդ: Ավելացնելով բանկերի հնարավորությունները, գուցե հնարավոր կլինի ավելացնել նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր աշխատում են համակարգում:
Այսինքն, կառավարությունը գուցե պատկերացնում է, որ բանկային համակարգի հիման վրա կարելի է կայուն միջին խավի յուրօրինակ ձվաբջիջ կառուցել: Դրա համար էլ կառավարությունն ավելի ու ավելի հաճախ է որոշումներ կայացնում կամ օրինագծեր մշակում, որոնք ենթադրում են կենսագործունեության նորանոր ոլորտներում բանկային գործառնությունների ավելացում:
Անշուշտ, երկրում կայացած եւ զարգացած բանկային համակարգը շատ կարեւոր է տնտեսական առաջընթացի եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի համար: Բայց, էական նշանակություն ունի այն, թե արդյոք բանկային համակարգի զարգացմանն ուղղված քայլերը կատարվում են տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանն ուղղված քայլերին զուգահեռ:
Մինչդեռ, այդ առումով Հայաստանում կարծես թե կա զգալի տարբերություն, իսկ հաճախ նաեւ ակնհայտ է դառնում, որ բանկային համակարգի աջակցության քայլերը արվում են ի հաշիվ տնտեսության մյուս ճյուղերի, երբ այդ մյուս հատվածներում ավելանում են հավելյալ հոգսեր, ծախսեր: Դրա լավագույն օրինակներից մեկն էլ անկանխիկ շրջանառության մասին օրենքի աղմկահարույց դարձած նախագիծն է:
Հայաստանում բանկային համակարգի հանդեպ հանրային վստահությունն անշուշտ էական աճ է արձանագրել, քանի որ երկրում վաղուց արդեն չկան առասպելական տոկոսադրույքներ խոստացող եւ ավանդները ներգրավելուց հետո դրանց հետ միասին լեգենդ դարձող բանկեր: Հայաստանում բանկային համակարգը կայուն է, պետությունն էլ երաշխավորում է այնտեղ դրված ավանդների վերադարձը:
Բայց, բանկային համակարգ-հասարակություն փոխհարաբերությունն անշուշտ միայն դրանով չէ, որ պայմանավորվում է: Բանն այն է, որ կառավարությունը որոշումներ եւ նախաձեռնություններ հանդես բերելով բանկային ուժեղ լոբբինգի ազդեցության ներքո, կարող է հակադրություն առաջացնել բանկային համակարգի եւ տնտեսության, հատկապես փոքր ու միջին բիզնեսի միջեւ, նաեւ բանկային համակարգի եւ քաղաքացիների միջեւ, որոնց կառավարությունն ավելի ու ավելի հաճախ է պարտադրում վճարել բանկերին:
Այլ կերպ ասած, բանկային համակարգի ուժեղ լոբբինգի ազդեցության տակ կայացվող որոշումներն ու նախաձեռնությունները Հայաստանում կարող են առաջ բերել բանկերի եւ հասարակության շահերի նկատելի բախում, այնքան նկատելի, որ հասարակությունը բանկային համակարգն էլ կարող է սկսել ընկալել օլիգարխիայի պես մի բան, որը հարստանում է բնակչության գրպանի հաշվին: Դա Հայաստանի համար մեղմ ասած այդքան էլ հաճելի հեռանկար չէ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, February 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment