Thursday, February 2, 2012

Կգնա՞ Սարգսյանը երկրորդ ժամկետի

«Լրագիր» 1-2-2012- Երբ Սերժ Սարգսյանը, գլխավորելով ՀՀԿ-ն, պատրաստվում էր խորհրդարանի 2007 թվականի ընտրությանը, 2008 թվականի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին լրագրողական հարցերին ի պատասխան, ասում էր, որ ամեն ինչ կախված է խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ արձանագրած արդյունքից: Սարգսյանն ասում էր, որ եթե ՀՀԿ-ն արձանագրի լավ արդյունք, ապա ինքը կդնի իր թեկնածությունը 2008 թվականի նախագահի ընտրությանը: Ներկայում, Սերժ Սարգսյանը խորհրդարանի ընտրության է գնում արդեն իսկ գործող նախագահի կարգավիճակով: Բայց, 2012 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո 2013 թվականի նախագահի նոր ընտրությունն է, որին Սերժ Սարգսյանն ունի առաջադրվելու իրավունք, քանի որ նա իր առաջին նախագահական ժամկետի մեջ է: Բայց, ներկայում կարծես թե չեն հնչում հարցադրումներ, թե արդյոք Սերժ Սարգսյանը մտադիր է առաջադրվել 2013-ի համար: Գուցե դրա պատասխան է դիտվում 2011 թվականի փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագիրը, որտեղ երեք իշխող կուսակցությունները՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ստորագրել են «գալիք նախագահական ընտրություններում գործող նախագահին սատարելու» մասին համաձայնություն: Բայց, հենց միայն այն փաստը, որ այդ հուշագիրը ստորագրողներից ոմանք բազմաթիվ անգամներ թե խոսքով, թե նաեւ իրենց վարքով հիմք են տվել հանրությանը կասկածի տակ առնել հուշագրի «վավերականությունը», կարծես թե բավարար է, որպեսզի կոալիցիոն այդ հուշագիրը չհամարվի Սերժ Սարգսյանի նոր առաջադրման մտադրության վերաբերյալ բավարար վկայություն: Այնպես որ, թերեւս աստիճանաբար արդիականանում է հարցը, թե արդյոք Սարգսյանն առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար: Հետաքրքիր է, արդյոք Սերժ Սարգսյանի պատասխանը կլինի նույն ոգով՝ «ամեն ինչ կախված է խորհրդարանի 2012 թվականի ընտրությունից, եւ իմ որոշումը պայմանավորված կլինի ՀՀԿ արձանագրած արդյունքից»: Թե ներկայում իրավիճակը բոլորովին այլ է, եւ Սերժ Սարգսյանն իր նախագահական հաջողությունն ամենեւին չի պայմանավորում խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ հաջողությամբ: Խնդիրն այստեղ այն չէ, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ հաջողություններն իրար հետ այլեւս կապ չունեն: Խնդիրն այն է, որ ներկայում կարծես թե փոխվում են հաջողության մասին պատկերացումները, եւ ՀՀԿ համար հաջողությունն այն կլինի, որ կուսակցությունը զիջի խորհրդարանում բացարձակ մեծամասնության դիրքերը: Բանն այն է, որ պարզապես արկածախնդրություն կլինի գնալ այդ մեծամասնությունը պահպանելու ճանապարհով, եւ դեռ մի բան էլ ավելացնելու, ինչպես հայտարարում են որոշ ՀՀԿ-ականներ: Եթե դա է ՀՀԿ պատկերացրած հաջողությունը, եւ եթե Սարգսյանին չհաջողվի խորհրդարանի ընտրությունից առաջ փոխել հաջողության մասին ներկուսակցական պատկերացումները, ապա կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի համար որեւէ այլ բան չի կարող ավելի մեծ անհաջողություն բերել նախագահի ընտրությանը, քան ՀՀԿ այդ հաջողությունը խորհրդարանի ընտրությանը: Այդ իսկ պատճառով, թերեւս առավել ողջախոհ կլինի, եթե Սերժ Սարգսյանը նախագահի երկրորդ ժամկետի համար իր առաջադրումը պայմանավորի ոչ թե խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ հաջողությամբ՝ դրա «ավանդական» պատկերացումների շրջանակում, այլ հակառակը, հաջողություն համարելով Հայաստանում ոչ թե որակով քողարկված, այլ որակապես նկատելի իրական առաջընթացով ընտրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կընձեռի էապես թուլացնել հասարակական-քաղաքական լարվածությունը եւ գործընթացների բեւեռացվածությունը վերածել հակակշռվածության, այդպիսով ստանալով քաղաքական մանեւրի հնարավորություն: Իսկ եթե խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ն այդուհանդերձ տոնի հերթական բացարձակ հաղթանակը, ապա Սերժ Սարգսյանին թերեւս ճիշտ կլինի պարզապես չառաջադրվել 2013 թվականի համար, եթե ոչ ինքզինքը, ապա գոնե պետությանը անելանելիությունից զերծ պահելու մտահոգությամբ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: