Thursday, February 2, 2012

Նախագահ դառնալու դեպքում Ժիրինովսկին առաջարկելու է Հայաստանն ու Ադրբեջանը միացնել Ռուսաստանին

Tert.am. 1-2-2012- Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ։ -Ռուսաստանի նախագահ ընտրվելու դեպքում (Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 4–ին) ինչպիսի՞ն են լինելու ռուս–ադրբեջանական հարաբերությունները -Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի չեն կարողանա լուծել ղարաբաղյան հարցը, այդ իսկ պատճառով ես, նախագահ դառնալու դեպքում, առաջարկելու եմ, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը, որպես Անդրկովկասի դաշնային մարզ, ընդգրկվեն Ռուսաստանի կազմում։ Դաշնային մարզի ղեկավարի պաշտոնը, բնակչության ավելի մեծ թվով պայմանավորված, Ադրբեջանին պետք է «հանձնվի», իսկ ղեկավարի տեղակալները կարող են ընտրվել հայեր։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը չհամաձայնեն այդ առաջարկի հետ, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես որ ճանաչել ենք Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ - Այսօր Ռուսաստանի ղեկավարությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը - Մենք չենք ճանաչում։ Եթե ճանաչենք, հայերի հետ հարաբերությունները կփչանան։ Հայաստանը մեզ պետք է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց։ Ադրբեջանին Թուրքիան է խանգարում։ Եթե չլիներ Թուրքիան, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված կլիներ։ Թուրքիան մեծ երկիր է, ՆԱՏՕ–ի անդամ, այն ուժեղ բանակ ունի։ Հայաստանը պաշտպանում է մեր սահմանը Թուրքիայից, այդ իսկ պատճառով էլ Հայաստանը մեզ պետք է։ -Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Հնարավոր է, որ նման օրենք ընդունվի Ռուսաստանում -Ես դրական եմ վերաբերվում Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված որոշմանը։ Մենք չենք ցանկանում բարկացնել Հայաստանին և Ադրբեջանին։ Ինչպես ցանկանում եք ապրել, ապրեք։ Սովետական Միության կազմում դուք լավ էիք ապրում, հենց որ դուրս եկաք դրա կազմից, սկսեցիք կռվել։ Ես արևելագետ եմ, դեռ 20 տարի առաջ ասել եմ այս խոսքերը. արաբների հետ Իսրայելի պատերազմը չի ավարտվելու, նույնը նաև Հայաստանի ևԱդրբեջանի միջև պատերազմի դեպքում է։ Այդ հարցը միայնումիայն Ռուսաստանը կարող է լուծել, ես Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չեմ ցանկանում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ֆրանսիան և մյուսները, երբեք չեն կարողանա օգնել լուծել այդ հարցը։ Մենք երբեք Հայաստանին մենակ չենք թողնի, քանի որ Թուրքիան անմիջականորեն սպառնում է մեզ։ Դուք տեղյա՞կ եք «Թուրքիայի 3–րդ դաշտային բանակի» մասին։ Նրանք ցանկանում են զավթել ողջ Կովկասը, Վորոնեժը, Վոլգոգրադը և Ռոստովը։ Մենք դա թույլ տալ չենք կարող։

No comments: