«Լրագիր» 21-2-2012- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փետրվարի 21-ին հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում աննախադեպ հայտարարություն է արել, նշելով, որ ՀԱՊԿ-ը քննարկում է պետություններում հասարակական կարգի վերականգնման հարցում ՀԱՊԿ արագ արձագանքման նորաստեղծ ուժերի կիրառման հարցը:
«Հարկ է, որ լինեն մեխանիզմներ. Եթե երկրի իրավապահ մարմինները չեն կարողանում երկրի կյանքը բերել քաոսից դեպի նորմալ հուն, ապա ՀԱՊԿ-ը կարող է օգտագործել իր պոտենցիալը: Այո, մեզ մոտ ընթանում են այդ հարցի քննարկումներ, բայց այդ քննարկումները չեն վերաբերում ռազմական գործոնին, ռազմական միջամտությանը: Մենք չենք դառնա ժանդարմերիա, եւ դա ընդդիմության հետ պայքարի հարց չէ, այլ կարող է ընդամենը նպաստել երկրում կարգուկանոնի վերականգնմանը», հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան:
Ցանկացած երկրում, այդօրինակ հայտարարությունը պետք է որ քաղաքական աղմուկ բարձրացնի, քանի որ փաստացի խոսք է գնում այն մասին, որ ՀԱՊԿ-ում քննարկվում է անդամ երկրների, մասնավորապես այդ թվում նաեւ Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեխանիզմների հարցը: Արդյոք ինչպես է Բորդյուժայի այդ հայտարարությանն արձագանքելու Հայաստանի քաղաքական դասը:
Բորդյուժան հայտարարում է, թե խոսքը ռազմական միջամտության մասին չէ, եւ իրենք ժանդարմերիա չեն դառնա ու չեն պայքարի ընդդիմությունների դեմ, այլ կօգնեն կարգուկանոնի վերականգնմանը: Ի գիտություն ՀԱՊԿ գործադիր քարտուղարի, թերեւս ավելորդ չէ հիշեցնել, որ, օրինակ Հայաստանում մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին ցրելը ամենեւին էլ չէր մատուցվում որպես ընդդիմության դեմ պայքար, եւ ոչ էլ հետո տասը քաղաքացիների սպանությունն էր այդպես մատուցվում: Այդ ամենը հենց այդպես էլ ներկայացվում էր՝ պայքար անկարգության դեմ եւ ուժի կիրառում կարգուկանոնի վերականգնման համար:
Բայց, Նիկոլայ Բորդյուժան այդ ամենը հաստատ շատ լավ գիտե, գուցե մեզանից էլ ավելի լավ: Պարզապես պետք է, որ այդ ամենը հստակ գիտենա Հայաստանի քաղաքական դասն ու հասկանա, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը երկրներում կարգուկանոնի վերականգնմանը ծաղկեփնջերով չէ, որ մասնակցելու են, այլ այսպես ասած հատուկ միջոցներով:
Փաստացի, ՀԱՊԿ քարտուղարը հայտարարում է, որ այդ կառույցում քննարկվում է արագ արձագանքման ուժերի միջոցով անդամ երկրների ներքին գործերին միջամտելու եւ իշխանություններին հարկ եղած դեպքում հասարակական բողոքից պաշտպանելու հարցը:
Թեեւ, խոշոր հաշվով խոսքը միայն իշխանություններին պաշտպանելու մասին էլ չէ, քանի որ կասկած չկա, որ եթե Ռուսաստանը դժգոհ լինի որեւէ իշխանությունից, ապա արագ արձագանքման ուժերի կիրառման մեխանիզմը կդառնա նաեւ տվյալ իշխանության դեմ ռազմական ուժ գործադրելու լեգիտիմ միջոց: Այնպես որ, մեխանիզմը էապես մեծացնելու է երկրների իշխանությունների կախվածությունը Ռուսաստանից:
Այդպիսով, խոսք է գնում ոչ միայն ընդդիմություն-իշխանություն հարաբերությանը ուժային միջամտություն թույլ տալու լեգիտիմ մեխանիզմի մասին, այլ փաստացի պարզապես ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու լեգիտիմ մեխանիզմի մասին: Այսինքն, սուվերեն պետությունների ներքին գործերին անհարկի եւ բռնի միջամտության համար Արեւմուտքին մեղադրելով, Ռուսաստանը ինքն է քայլ կատարում այդ ուղղությամբ, ընդ որում Արեւմուտքից «առաջ» անցնելով եւ նախապես այդպիսի իրավունքի ստորագրություն կորզելով այն երկրներից, որոնց ներքին գործերին պատրաստվում է միջամտել:
Կարծես թե Բորդյուժայի հայտարարությունն ու դրանից բխող հետեւություններն ու եզրակացությունները՝ հավանական վտանգների մասին, բավականաչափ հիմք պետք է լինեն Հայաստանի քաղաքական դասի համար, որպեսզի այդ հարցը դրվի քաղաքական օրակարգում եւ համընդհանուր ուժերով ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի մի օր հանկարծ չպարզվի՝ ինչպես ԱՊՀ ազատ առեւտրի մասին համաձայնագրի պարագայում, որ Հայաստանը ստորագրել է ՀԱՊԿ ազատ միջամտության «համաձայնագիրը»:
Իսկ Հայաստանի իշխանությունը թերեւս արդեն այժմ պետք է հասարակությանը պարզաբանում տա, թե ինչ քննարկման մասին էր խոսում Բորդյուժան, թե արդյոք Հայաստանը մասնակցում է այդ քննարկումներին, ինչպիսին է դրանց բովանդակությունը, ինչ պայմաններ եւ պայմանագրեր են դրված կողմերի առաջ:
Աներկբա է, որ Հայաստանի համար այստեղ չի կարող լինել քննարկման որեւէ հարց, եւ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար պետք է լինի բացառապես արտաքին անվտանգության ապահովման աղբյուր, երբ երկիրը ենթարկվի այլ պետության ագրեսիայի: Որեւէ այլ օգնություն, Հայաստանը ՀԱՊԿ-ից, ինչպես եւ որեւէ այլ ռազմականացված, միջազգային ուժային կառույցից, չպետք է ակնկալի, եւ չունի նաեւ դրա սահմանադրական իրավունքը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment