Saturday, February 25, 2012

Իրանցի պաշտոնյա. Ադրբեջանի գործողությունները լրջորեն սպառնում են Կասպից ծովի էկոլոգիային

Panorama.am. 25-2-2012-Ադրբեջանի Հանրապետությունը Կասպից ծովի էկոլոգիային ոչ մի ուշադրություն չի դարձնում: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել Իրանի Բնության պահպանության կազմակերպության փոխնախագահ Աբդոլռեզա Քարբասին: Իրանցի պաշտոնյան նշել է, որ տիեզերքից կատարված նկարահանումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից մոտ 110 կմ երկարությամբ նավթի արտաթորանքները են շարժվոււմ դեպի Իրանի կողմը, որոնք լրջորեն սպառնում են ծովի էկոլոգիային: «Այն ժամանակ, երբ Կասպից ծովը բաժանված էր Իրանի և Ռուսաստանի միջև, վերջիններս նավթն ավելի խելամիտ և տրամաբանական ձևով էին արդյունահանում, սակայն երբ ավելացան ևս երեք երկրներ, այդ ժամանակ հավասարակշռությունը խախտվեց»,-նշել է Աբդոլռեզա Քարբասին: Հիշեցնենք, որ վերջերս Իրանի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադզադեն «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` նշել էր, որ ամենաշատն Ադրբեջանն է նավթի արդյունահանման հետևանքով աղտոտում Կասպից ծովը և անուշադրության մատնում շրջակա միջավայրի պահպանության խնդիրները: Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Թեհրանը պնդում է, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

No comments: