Tuesday, February 7, 2012

Իսրայելի հայերը վրդովված են Երուսաղեմի քաղաքային իշխանությունների գործողություններից

News.am. 6-2-2012- Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչները վրդովված են քաղաքային իշխանությունների` Հայոց պատրիարքարանի տարածքի վրա գտնվող ավտոկանգառ հայերի մուտքն արգելելու որոշումից, հաղորդում է «Հաարեց» պարբերականը: Ըստ թերթի` մեքենաների կանգառատեղիի անբավարարության հարցը Երուսաղեմի կենտրոնական մասի հիմնական խնդիրներից է: Հրեական թաղամասի կողմից օգտագործվող ավտոկանգառներից մեկը մասնակիորեն տեղակայված է Հայոց պատրիարքարանի հողերի վրա, որոնք վարձակալվել են հրեական թաղամասի զարգացման ընկերության կողմից 1970-ականներից: Տասնամյակներ շարունակ ավտոկանգառը բաց է եղել բոլորի, այդ թվում` հայերի համար, որոնք, սակայն, ավելի բարձր վճար էին մուծում: Սակայն երկու տարի առաջ ընկերությունը որոշել է հայերին արգելել օգտվել ավտոկանգառից: «Մի անգամ աշխատանքից վերադառնալիս տեսա, որ կանգառը փակ է: Պարզվում է, որ կառավարիչները որոշել են, որ մենք չպետք է օգտվենք դրանից, մինչդեռ նույնիսկ մահմեդական թաղամասերում բնակվող հրեաներին թույլ է տրվել օգտվել կանգառից, իսկ ես որ անմիջապես կողքին եմ ապրում, չի կարելի»,-ասել է հայկական թաղամասի բնակիչ Մուսա Մարիզյանը: Անցած շաբաթ, չնայած տեղի հայերի եւ Պատրիարքարանի ներկայացուցիչների բողոքին, քաղաքապետարանի պլանավորման եւ կառուցապատման հանձնաժողովը թույլտվություն է տվել ընկերությանը: «Շատ տարօրինակ էր լսել հրեական թաղամասի բնակիչների ոչնչով չհիմնավարված փաստարկները իրենց հայ հարեւանների կարիքների վերաբերյալ»,-հայտարարել է Մերեցի փոխքաղաքապետ Յոզեֆ Ալալուն` հանդես գալով հանձնաժողովի որոշման դեմ: «Ինչպես է հնարավոր, որ ավտոկանգառը բաց լինի բոլորի համար, սակայն հայերին արգելվի օգտվել դրանից»,-հարցադրում է արել նա: Ավտոկանգառի սեփականատեր ընկերությունը պնդում է, որ հայերն ունեն իրենց ընդարձակ կանգառը 150մ հեռավորության վրա:

No comments: