Tuesday, February 7, 2012

Ալիևը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն օրենքի ուժ չի ստանալու

Tert.am. 6-2-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի խորհրդարական պատվիրակության անդամներին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, պատվիրակությունը գլխավորում է Ֆրանսիա-Կովկաս բարեկամության խորհրդարանական խմբի փոխնախագահ, ադրբեջանա-ֆրանսիական աշխատանքային խմբի ղեկավար, սենատոր Նատալի Գուլեն: Հանդիպման ընթացքում Ալիևը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը և շնորհակալություն է հայտնել Գուլեին և օրինագծին դեմ քվեարկած մյուս սենատորներին` «արդարացի դիրքորոշում արտահայտելու համար»: Ալիևը հավելել է, որ այդ օրինագիծը հակասում է խոսքի ազատությանն ու ժողովրդավարությանը, և հույս հայտնել, որ այն երբեք «ուժի մեջ չի մտնի»: Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին (դիմումի տակ ստորագրել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 76 և ստորին պալատի՝ Ազգային ժողովի 65 խորհրդարանականները): Սահմանադրական խորհուրդն օրինագծի առնչությամբ լսումներ կանցկացնի մինչև մարտի 1-ը:

No comments: