Tuesday, February 7, 2012

Փորձագետ. հազիվ թե Իսրայելը որոշի Իրանի նկատմամբ հիստերիկ գործողությունների դիմել

News.am. 7-2-2012- Հազիվ թե Իսրայելը վճռի Իրանի նկատմամբ հիստերիկ գործողությունների դիմել: Դա քիչ հավանական է: NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի հայտնի իրանագետ Կարինե Գեւորգյանը: Նրա խոսքով` Իսրայելում միասնական կարծիք չկա` ինչպես վարվել Իրանի հետ, միաժամանակ ԱՄՆ-ն ավելի շուտ հրահրում է Իսրայելին, քան զսպում: «Ռազմական մասնագետների կարծիքով` եւ ոչ մի կողմի ռեսուրսները բավարար չեն պատերազմի համար: Հարվածն ինքնին ցանկալի արդյունքի չի բերի, այստեղ ցամաքային գործողությունների անհրաժեշտություն կառաջանա, իսկ այդպիսի օպերացիան կպահանջի 800 հազ. մարդ եւ առնվազն մեկ տարվա նախապատրաստություն: Ամերիկան կոնցենտրացնում է ուժերը մոտ երեք ամիս»,- նշեց Գեւորգյանը: Անդրադառնալով Իրանի կողմից հնարավոր գործողություններին, փորձագետը նշեց, որ ամեն ինչ հնարավոր է, թեեւ պետք է հիշել, որ վերջին 200 տարվա ընթացքում Իրանը հարձակողական պատերազմներ չի նախաձեռնել եւ ուրիշների տարածքը չի գրավել: Ավելին, այաթոլլահների իշխանության գալուց հետո, Իրանը չի խախտել միջազգային կոնվենցիաները: «Մի բան է դիվանագիտական խաղը, հայտարարությունները, թեկուզ կտրուկ, այլ բան` գործողությունները»,-հիշեցրեց փորձագետը: Նա ուշադրություն հրավիրեց ոչ պակաս կարեւոր մի մանրամասնի վրա եւս. Իրանի ղեկավարության հայտարարությունները ռուսերեն եւ անգլերեն են թարգմանվում խեղաթյուրված, դրանց ավելի սուր բնույթ է տրվում: «Եւ Իրանում դա լավ հասկանում են: Համակարգված տեղեկատվական պատերազմ է իրականացվում»,-նշեց փորձագետը: Իրանագետը չի բացառում, որ Իրանի շուրջ աղմուկը կարող է ուշադրություն շեղող մանյովր լինել, իսկ իրադարձությունների հիմնական թատրոնը ծավալվի ավելի արեւելք: «Իրանի շուրջ հակամարտությունը չի կարելի դիտարկել համաշխարհային գործընթացներից առանձին: Գերտերությունների քաղաքական հակամարտությունն ակնհայտ է»,- նշեց Գեւորգյանը:

No comments: