1in.am. 15-2-2012- Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պետության տրամադրել իր տարածքը` որպես Իրանի դեմ հարձակման պլացդարմ: Այս մասին երեկ Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է Միլի մեջլիսի նախագահ Օքտայ Ասադովը:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, նրա այս հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից, երբ Թեհրանը պաշտոնական բողոքի նոտա է ներկայացրել Ադրբեջանի իշխանություններին` վերջիններիս մեղադրելով իսրայելական հատուկ ծառայությունների հակաիրանական գործողություններին օժանդակելու մեջ:
Իրանցիները պնդում են, որ երկրի միջուկային ծրագրի վրա աշխատող ֆիզիկոսների միմյանց հաջորդած սպանությունների հեղինակը իսրայելական «Մոսադն» է, որի գործակալները Իրան են մուտք գործել հենց Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանական կողմը հերքում է իրանցիների մեղադրանքները: Ընդ որում, ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն անում է հնարավորը` հարավային հարևանի հետ հարաբերությունները չսրելու համար:
«Թեև Իրանի խորհրդարանում էլ են հնչում հակաադրբեջանական հայտարարություններ, այնուհանդերձ մենք պետք է պահպանենք բարիդրացիական հարաբերություններն ու չիջնենք նրանց մակարդակին»,- Միլի մեջլիսում երեկ հայտարարել էր Ասադովը:
Արևմտյան որոշ փորձագետների կարծիքով, մինչդեռ, Իրանի շուրջ իրադրության սրմանը զուգահեռ Ադրբեջանի կարևորությունը միջազգային հանրության աչքում աճելու է:
Վաշինգտոնցի վերլուծաբան Ռոս Ուիլսոնը, ով 2000-2003թթ. զբաղեցրել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը, իսկ 2005-2008թթ. ղեկավարել է Անկարայում ամերիկյան դեսպանությունը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե «Վաշինգտոնում ընդունում են, որ Ադրբեջանը առանձնահատուկ դիրք ունի, քանի որ սահմանակից է Իրանին»:
Վերլուծաբանը հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի աջակցությունը Արևմուտքին հարկավոր է նախևառաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
«Եթե Անվտանգության խորհուրդը կրկին որոշի անդրադառնալ այն փաստին, որ Իրանը չի կատարում միջազգային հանրության առջև իր իսկ ստանձնած պարտավորությունները, ապա ակնհայտ է, որ Վաշինգտոնին կրկին անհրաժեշտ կլինի Ադրբեջանի օժանդակությունն այդ հարցում»,- համոզված է պաշտոնաթող ամերիկացի դիվանագետը:
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment