«Լրագիր» 15-2-2012- Հայաստանի տարբեր երգիչներ, այսպես ասած մտավորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, շարունակում են իրենց տեսլականը ներկայացնել, թե ում են պատկերացնում Եվրատեսիլ 2012-ին Բաքվի բեմում:
Ինչպես ասում էր հին ու բարի ֆիլմի հերոսը՝ “Եթե մարդը ապուշ է, ապա դա երկար կտեւի”:
Եթե հասարակական-քաղաքական միտքը դեգրադացվել է, ապա դա ըստ երեւույթին երկար կտեւի, որովհետեւ երկրում չի ձեւավորվում այն վերնախավը, որը կփոխի դեգրադացիոն ընթացքը, որը հասարակությանն այլ միտք կտա, այլ արժեքներ, այլ պատկերացումներ այն մասին, թե ինչպես կարելի է համադրել խաղաղասիրությունն ու ազգային արժանապատվությունը, թույլ կտա հասկանալ, որ համաշխարհային կամ տարածաշրջանային խաղաղությունն ուժի, ոչ թե հանդուրժողության արդյունք է:
Հանդուրժում են ուժեղին, իսկ հանդուրժողի հանդեպ վարվում են ըստ նպատակահարմարության:
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան ընդառաջեց Լեւոն Արոնյանին եւ տեղափոխեց աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որը նախատեսված էր անցկացնել Բաքվում: Արոնյանը նշել էր, որ Բաքվում ինքը չի կարող լիարժեք մասնակցել մրցաշարին եւ ֆեդերացիային կոչ է անում փոխել մրցաշարի վայրը, կամ էլ ինքը հրաժարվում է մասնակցել դրան եւ հաջողություն է մաղթում մյուս մասնակիցներին:
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան որոշեց, որ մրցաշարը կտեղափոխվի եւ կանցկացվի Լոնդոնում: Արոնյանը փորձեց ցուցադրել իր ուժը, ոչ թե հանդուրժողությունը: Նա փորձեց ասել ուժեղ շախմատիստի իր խոսքը, ու այդ խոսքը հարգվեց, որովհետեւ ուժեղի խոսք էր՝ արդարացիորեն, իրավամբ ուժեղի, այսինքն Արոնյանն ինքն իրեն չէր համոզել, որ ուժեղ է, այլ դրանում համոզվել է աշխարհը:
Հայաստանն իհարկե չէր կարող պահանջել տեղափոխել Եվրատեսիլը: Բայց Հայաստանը կարող էր իր մեջ ուժ գտնել եւ հրաժարվել դրան մասնակցելուց, առավել եւս ունենալով բազմաթիվ ծանրակշիռ պատճառներ: Ընդ որում, Հայաստանը պետք է հրաժարվեր ոչ թե այն պատճառով, որ Բաքվում կարող են խանգարել երգել, այլ որովհետեւ Հայաստանի երգելուն պետք է խանգարեին ներքին զգացումներն ու զգացմունքները:
Հայաստանը ներքուստ չպիտի կարողանար երգել Բաքվում: Ինչպես է հնարավոր երգել մի քաղաքում, մի երկրում, որտեղ հենց այդ պահին կան հայ գերիներ եւ պատանդներ, որոնք ենթարկվում են խոշտանգումների, կտտանքների, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության: Ինչպես երգել, ի՞նչ երգել, երգել որ ի՞նչ:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment