Wednesday, February 15, 2012

Դինքի սպանության գործով «մոռացված» մեղադրյալն արդարացվել է

Tert.am. 15-2-2012- Ստամբուլի շրջանային դատարանը (Թուրքիա) երկուշաբթի արդարացրել է «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող19 մեղադրյալներից մեկին` Ջոշկուն Ըղջիին: Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականը, մեղադրյալ Ըղջիի անունը (Ըղջին Դինքին սպանած Յասին Հայալին կոչ էր արել զենք գնել և դրանով սպանել նրան), «դուրս էր մնացել հունվարի 17-ին Դինքի սպանության գործով կայացված վերջնական դատավճռից, ուստի դատավորը որոշում էր ընդունել նրա նկատմամբ առանձին դատավճիռ կայացնել»: Ստամբուլի առաջին ատյանի շրջանային դատարանը հունվարի 17–ին Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի խմբագրապետ Դինքի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին ցմահ ազատազրկման դատապարտեց, գործով անցնող մեկ այլ մեղադրյալ էր՝ Էրհան Թունջելը, արդարացվեց սպանության գործով, սակայն 10,5 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ 2004թ. Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկության կազմակերպմանը մեղսակից լինելու համար։ Բացի այդ, դատարանը սպանության գործով անցնող մյուս մեղադրյալների վրայից հանել էր որևէ հանցախմբի անդամակցելու մեղադրանքը։ Դատավճռի հրապարակումից հետո էր միայն պարզվել, որ դատարանը մոռացել է վճիռ կայացնել մեղադրյալներից մեկի նկատմամբ: Դեռ 2011թ. սեպտեմբերի 19-ին պաշտպանական կողմն առաջարկել էր արդարացնել Ըղջիին` նրա մեղսակցությունն ապացուցող փաստերի բացակայության պատճառաբանությամբ: Ըղջիի իրավաբանը երկուշաբթի դատարանում հայտարարել էր, թե իր պաշտպանյալը որևէ կապ չունի սպանության հետ, բացի նրանից, որ Յասին Հայալի ազգականն է հանդիսանում:

No comments: