Tuesday, February 28, 2012

Ահմադինեժադը «թշնամական երկրներին» նավթի մատակարարման դադարեցման հարց երբեք չի դրել

Tert.am. 27-2-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «թշնամական երկրներին» նավթի մատակարարման դադարեցման վերաբերյալ հարց երբեք չի դրել և չի պնդել, որ նման գործողություններ կատարվեն: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` այս մասին, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ԻԻՀ-ի նախագահի խորհրդական Ալի Ակբար Ջավանֆեքրը: Նրա խոսքերով, Իրանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներն են` հանդուրժողականությունը, համագործակցությունը և վեճերը բանակցությունների միջոցով կարգավորելու ցանկությունը: Իսկ ինչ վերաբերվում է «Իրանին թշնամական պետություններ» արտահայտությանը, ապա դրանք են. «սիոնիստական (իսրայելական) ռեժիմը և Ամերիկան»` նշել է Ահամդինեժադի խորհրդականը, ով միաժամանակ նաև ղեկավարում է Իրանի առաջատար ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: «Արևմտյան Եվրոպայի որոշ երկրների հետ մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք, այլոց հետ որոշակի խնդիրներ կան, որոնք սակայն կարող են հարթվել», - նշել է Ջավանֆեքրը: Վերջին շրջանում իրարամերժ տեղեկություններ են ստացվում Իրանի կողմից այս կամ այն երկրին նավթի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ: Հայտարարություններ են հնչեցվում ինչպես իրանական պաշտոնատար անձանց, այնպես էլ նավթային ընկերությունների ներկայացուցիչների և լրատվամիջոցների կողմից: Ջավանֆեքրը նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է այդ թեմայի շուրջ լարվածության խթանումից զերծ մնալ, հասկացնելով, որ Իրանի նախագահի վարչակազմը ծայրահեղական միջոցների կողմնակից չէ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նավթային տերմինալների ընկերության ղեկավար Փիրվուզ Մուսավին հերքել էր այն տեղեկությունները, թե Իրանը հրաժարվում է Հունաստանին 500 հազար բարել նավթ մատակարարել: Նման հայտարարության անհրաժեշտություն էր առաջացել այն բանից հետո, երբ լրատվամիոցները` մեջբերելով իրանական «Ֆարս»գործակալության հաղորդագրությունը գրել էին, որ նավթային լցանավերը, որոնք եկել էին Հունաստան 500 հազար բարել նավթ տանելու, դատարկ են վերադարձել այն բանից հետո: Նաև, որոշ իրանական լրատվամիջոցներ հայտարարել էին, որ Իրանը դադարեցնում է նավթ առաքել Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, Իսպանիա, Նիդեռլանդներ և Պորտուգալիա:

No comments: