Friday, February 24, 2012

Քրդական կուսակցությունը կոչ է արել թուրքական իշխանություններին` բանակցել PKK-ի հետ

Panorama.am. 23-2-2012- Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը որպես քրդական խնդրի լուծման միակ ելք կոչ է արել այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատվիրակություն կազմել` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) հետ նոր բանակցությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը` «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբի նիստի ժամանակ, կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքը նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պետք է հասկանա, որ ժամանակ շահելով լուծում չի տրվի և պետք է սկսեն անկեղծ ու բաց գործընթաց: Իր վարած քաղաքականության շնորհիվ, կուսակցությունը կորցրել է իր բարձր դիրքը և խորտակման եզրին է: Նա նաև ավելացրել է, որ պատվիրակության ստեղծումը միակ ելքն է քրդական հարցի լուծման համար: Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Քըշանաքն իր ելույթը սկսել է քրդերենով: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հորդորել է վարչապետ Էրդողանին` անհապաղ վերադառնալ Թուրքիայի իրողություններին և ուշադրությունը կրկին կենտրոնացնել քրդական հիմնախնդրի վրա` ահազանգելով, որ «երկրի ներսում անջատողականների համար արաբական գարունը օրինակ է դառնում»:

No comments: