Thursday, February 16, 2012

Իշխանությունը մերկանում է

«Լրագիր» 15-2-2012- Վարդան Օսկանյանի անդամակցումը Բարգավաճ Հայաստանին թարմացնում է 2013 թվականի նախագահի ընտրությանը Բարգավաճ Հայաստանի դիրքորոշման մասին հարցը: Այն կարծես թե լուծվել էր 2011 թվականի փետրվարի 17-ի հուշագրով, երբ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց մի թուղթ, որտեղ նշված էր, որ կոալիցիոն ուժերը նախագահի առաջիկա ընտրությանը սատարելու են գործող նախագահին: Սակայն, հետագայում ԲՀԿ առաջնորդը սկսեց խուսափել որոշակիությունից եւ հայտարարել, թե նախագահի ընտրությանը սատարելու մասին կխոսի “հաջորդ դասին”: Փետրվարի 13-ին, իշխող կոալիցիան հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում էր խորհրդարանի ընտրության գործընթացի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին: Նախագահի ընտրությունը բաց էր թողնված, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ այդ առումով կողմերը դեռեւս հեռու են պայմանավորվածությունից: Թեեւ, չի բացառվում, որ պարզապես փորձում են ձեռնպահ մնալ պայմանավորվածությունը հրապարակայնացնելուց: Վարդան Օսկանյանի հայտարարությունը, ԲՀԿ-ին անդամակցելու որոշման վերաբերյալ, քաղաքական զարգացումների տեսանկյունից թերեւս առավել հետաքրքրական է հենց նախագահի ընտրության հեռանկարում: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ խորհրդարանի ընտրությանը ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանի կարիքը բացարձակապես չունի: Անգամ Ռոբերտ Քոչարյանը, խորհրդարանի ընտրությանը ԲՀԿ միջոցով ինչ որ շահ հետապնդելու հարցում չունի Օսկանյանի կարիքը: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի հետ Վարդան Օսկանյանի ասոցիացիան նույնիսկ կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել ԲՀԿ-ի համար, քանի որ կուսակցությունը ստիպված է լինելու ամեն քայլափոխի հավաստիացնել, որ ինքը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ եւ ընդամենը Քոչարյանի վերադարձի գործիք չէ: Բայց, Ռոբերտ Քոչարյանն ունի քաղաքական գործընթացներում մնալու անհրաժեշտություն: Այդ հարցում ներկայում նա ակնհայտ խնդիրներ ունի բոլոր ուղղություններով՝ թե իշխանական՝ Սերժ Սարգսյանը նրան չի տալիս իշխանության այսպես ասած համանախագահության իրավունք, հասարակական՝ հասարակությունը հազիվ թե “խնդրի Քոչարյանին” վերադառնալ՝ գոնե այդքան շուտ, թե միջազգային ասպարեզի՝ ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներn առայժմ զգալիորեն աջակցում են Սերժ Սարգսյանին: Ըստ երեւույթին, Ռոբերտ Քոչարյանին մնում է ընտրել քաղաքական գործընթացներում մնալու միջանկյալ կամ միջնորդավորված տարբերակը, նաեւ այդ հարցում փոխզիջման գալով երեք խոչընդոտ ուղղություններից երկուսի հետ՝ Սերժ Սարգսյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների: Սերժ Սարգսյանի համար Վարդան Օսկանյանը մեղմ ասած վտանգավոր մրցակից լինել չի կարող, իսկ միջազգային հանրության համար էլ ընդունելի կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում ստվերային ուղղակի ազդեցության փոխարեն, փորձի մասնակից լինել միջնորդավորված ճաապարհով՝ առավել եւս Վարդան Օսկանյանի կերպարով, որը զերծ է քրեաօլիգարխիկ տոնայնությունից եւ մոտ է արդիականությանը: Ընդ որում, հասարակական ուղղության վրա էլ Վարդան Օսկանյանի կերպարը փոքր ինչ նվազ զայրույթով եւ հակադրությամբ կընդունվի, քան Քոչարյանինը, թեեւ հանրությունը կարծես թե բավական հարցեր ունի նաեւ Օսկանյանի համար, հատկապես մարտի 1-ի իրադարձություններում նրա կեցվածքի մասով: Այդպիսով, Օսկանյանի քաղաքական ներգրավումը կարող է լինել Հայաստանի ներիշխանական հակասությունների պալատական բնույթին քաղաքական աստառ տալու հնարավորություն, գոնե արտաքին փաթեթի մասով քաղաքականացնելով ներպալատական “ռազբորկա” հիշեցնող ներիշխանական վեճը: Ըստ երեւույթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում դա ընկալվում է որպես Հայաստանի կառավարման համակարգի արդիականացման մի փուլ՝ որն անշուշտ խիստ անբավարար է արդյունավետության համար, բայց գոնե եւս մեկ քայլ է քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման ուղղությամբ, թեկուզ ընդամենը արտաքին “սալիկները” քանդելու մասով: Ի վերջո, շենքի արտաքին “սալիկները” քանդելով, պատերը դառնում են եղանակային ազդեցության դեմ առավել անպաշտպան եւ այդ ազդեցություններին առավել արագ ենթարկվող: Թերեւս անհրաժեշտ է, որ այդ իրողությունների հանդեպ համարժեք վերաբերմունք ձեւավորվի նաեւ հասարակական, քաղաքացիական դաշտում եւ քաղաքական ընդդիմության հարթության վրա, ներիշխանական նոր իրողություններին եւ միտումներին համարժեք հասարակական եղանակ ձեւավորելու համար եւ դրանցից հետ չմնալու համար: Իհարկե, կասկած չկա, որ ընտրելով քաղաքական ներգրավվածության միջնորդավորված տարբերակը, Ռոբերտ Քոչարյանն ակնկալում է ժամանակի ընթացքում հասնել այնպիսի միջավայրի եւ մթնոլորտի, երբ արդեն ուղղակիորեն կարող է ստանձնել իշխանությունը եւ քաղաքական ազդեցության լծակները: Հենց դրա համար է անհրաժեշտ, որ հանրությունը համարժեք լինի ներիշխանական միտումներին եւ եղանակային օպտիմալ ու արդյունավետ ազդեցություն գործի դրանց վրա, որպեսզի այդ միտումները կրեն ոչ թե կոսմետիկ, այլ կապիտալ նորոգման բնույթ, եթե հանրության ջանքը առայժմ չի բավականացնում սեփական միջոցներով հասնել իշխանությունը “պետական կարիքների” համար հիմքից “oտարելուն”: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: