Thursday, February 16, 2012

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն նորացվում

«Լրագիր» 15-2-2011- Լրագրողներ Պետրոս Ղազարյանի, Անդրանիկ Թևանյանի, Երվանդ Բոզոյանի, երեկ էլ Վարդան Օսկանյանի ԲՀԿ մտնել-չմտնելու մասին քննարկումները օրինաչափ են ու հանգում են մի կետի: ՀՀԿ-ն, որը Հայաստանում ունի ամենամեծ «ընտրազանգվածը»՝ հիերարխիկ համակարգերը (կարծես բոլորն էլ նրանց են պատկանում), չի կասկածում, որ հաղթելու է առաջիկա երկու ընտրություններին: Բայց, ինչպես ասում են, ապահովագրվելը լավ բան է: Այս դեպքում ումից է ապահովագրվում ՀՀԿ-ն, կամ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը: Քաղաքականության մեջ կանխատեսելիությունը կարևոր չափանիշ է, հատկապես ավանդական մշակույթ ունեցող միջավայրերում: Հետևաբար կարելի է ենթադրել, որ ապաովագրվել պետք է անկախատեսելի ուժերից ՝ ասենք Ժառանգություն, Ազատ Դեմոկրատներ, ՀԱԿ և այլն: ԲՀԿ-ն վերջին շրջանում բավական ակտիվ գործունեություն ծավալեց ՝ քիչ թե շատ անկախ երևալու համար: Օրինագիծ տապալեց, այն պատճաշ հիմնավորեց: ԲՀԿ-ականներիը մի տեսակ զարմանալիորեն արագ մտան հալածյալի կերպարի մեջ, կարծես թե կոալիցիա մտնելով ԲՀԿ-ն ծանոթ չէր ՀՀԿ հնարավոր գործելաոճին: Ներքին կոնֆլիկտների պատմությունը թողնելով մի կողմ, ընդհանուր տպավորություն ստեղծվեց, որ ԲՀԿ-ն անկախ ու ինքնուրույն ուժ է: Ընդ որում, դա ավելի վաղ հասկացել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձելով առաջարկություն անել: Սակայն դա մերժվել էր: Այն, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կպաշտպանի Սերժ Սարգսյանին, կարծում եմ՝ 99 տոկոսով հաստատ է: Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերություններն ըստ էության հարթ են, ու վերջիններս հեշտ են կոնսենսուս գտնում: Նրանց միջև առկա հակասությունը զուտ ինստիտուցիոնալ է, այսինքն՝ կուսակցությունների մակարդակով: Ու, որպես ընդգծված կուսակցապետեր, նրանք երբեմն բախվելու են իրար: Ու ամբողջ խնդիրը հենց այստեղ է: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը նախագահի հավանական թեկնածուն է: Լևոն Տեր-Պետրոսյանին, ըստ էության, իր թիմից բացի ոչ ոք չի աջակցելու: Գագիկ Ծառուկյանի քաղաքական փորձառությունն էլ թույլ չի տա մրցակցության մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ: Բայց մինչև նախագահականը կան խորհրդարանական ընտրություններ: Այստեղ արդեն Սերժ Սարգսյանը եթե ոչ լիովին, ապա գոնե մասնակի իրավիճակի վերահսկողություն պետք է անի՝ պետք է ապահովագրվի ու կանխատեսի իրավիճակը: Ասենք, օրինակ, «ազատ ընտրազանգվածի» մի մեծ մաս, որ հնարավոր է «բաժին հասնի» Ժառանգությանը, Ազատ Դեմոկրատներին, կամ ՀԱԿ-ին, բաժին կհասնի ԲՀԿ-ին: Եթե ԲՀԿ-ն շարունակի դիմադրական նույն ոգին, քաղաքական ու հասարակական դաշտից նոր մարդկանց ներգրավի, ապա ԲՀԿ-ն ավելի շատ շանսեր կունենա ձայներ տանելու ազատ ընտրողների ցուցակից, քան իրենց ընդդիմադիր հայտարարող Ժառանգությունը, Ազատ Դեմոկրատները, ՀԱԿ-ը միասին: Նախ, անկախ ամեն ինչից ակնհայտ է, որ ՀՀԿ-ից հետո ԲՀԿ-ն որպես միավոր ամենազորեղն է: Խոսքը քաղաքական միավորի կամ ներքին ենթակառուցվածքների մասին չէ: Խոսքը հենց միավորային զորեղության մեջ է: ԲՀԿ-ն ունի մեծ գումարներ, հայկական մի շարք չափանիշներով խարիզմատիկ լիդեր, հնարավորություն ունի մեդիառեսուրսներով ազդել իրականության վրա, ԲՀԿ մարզային կառույցներում ունի տեղական՝ երկրորդ կարգի բազմաթիվ ակտորներ/հեղինակություններ: Այս դեպքում, երբ ասենք միջին վիճակագրական քաղաքացին փորձում է հակա-ՀՀԿ-ական ընտրություն անել, սկսում է տատանվել ԲՀԿ, ՀԱԿ, Ազատ Դեմոկրատներ, Ժառանգություն տարբերակների մեջ: ԲՀԿ-ին ընտրելը նույն ընդդիմադիր նկատառումներից ելնելով ավելի ձեռնտու է մի պատճառով՝ ԲՀԿ-ն բացի նորեկ ինտելեկտուալ կազմից, ունի նաև բավական ուժ և հեղինակություն, ունակություն, կարողություններ՝ ոչ տեսանելի ու հայտարարված միջոցներով խաղի կանոններ փոխելու: ՀԱԿ-ը կարծես այդ ամենից զրկվել է շատ վաղուց, ու եթե ընդդիմադիր հռետորականության տեսանկյունից նմանը չունի, ներքին ադմինիստրատիվ լծակներից զուրկ է: Ժառանգությունը, Ազատ Դեմոկրատներն էլ ինչքան էլ դեմոկրատ ու քաղաքացիական երևան, ու ինչքան էլ գովելի ինտելեկտուալությամբ աչքի ընկնեն, նույնպես ունեն այդ խնդիրը: Ընդ որում, այս խնդիրը խիստ մշակութային է՝ որովհետև հենց մշակույթն է սահմանում հեղինակության ու խարիզմայի նման չափումները, ու դրանք ձևակերպում որպես սոցիալական պահանջարկ: Հետևաբար մի քանի պատճառներով կարելի է ենթադրել, որ ԲՀԿ – ն կկարողանա վերցնել այն ձայները ՝ որոնք դեռևս կողմնորոշված չեն, որոնք ոչ աջ հանրապետական, ոչ ձախ ընդդիմական են: ԲՀԿ-ն փաստորեն ՀՀԿ-ին ապագա խորհրդարանում հաստատուն «ոչ»-եր ասելու համար ամենաուժեղ միավորն է: Բացի այդ, ԲՀԿ-ն համալրված է ոչ միայն ուժ ներկայացնող մարդկանցով, այլև ինտելեկտուալ ճակատի համալրման փորձեր է անում՝ ասենք Օսկանյանի մուտքը դրա վերջին վառ վկայությունն է: Ամենակարևորը՝ քաղաքական մշակույթի մի շարք չափումներով, մտածողության շատ հատկանիշներով, ասենք պետականություն, պահպանողականություն, կենտրոնամետություն, առաջնորդի խարիզմա և այլն, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար ավելի նման են: Նույնիսկ հեռանկարում իրար հանդեպ ագրեսիվ քաղաքական վարքի պարագայում, ակնհայտ է, որ սուր գաղափարական հակասություններ շատ չեն լինելու: Ուստի ԲՀԿ դիմադրականության հզորացումը, նոր կադրերի ներգրավումը, ինչպես նաև քաղաքական հասկացությունների շարքում ինքն իրեն ձևակերպելը (Վարդան Օսկանյան), սոցիալական ակտիվության ճակատից մարդկանց բերելը (Թևանյան, Բոզոյան, Պետրոս Ղազարյան) բացի, ձեռնտու է նախ և առաջ ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին: ԲՀԿ-ն որպես խորհրդարանում ընդդիմության կամ ՀՀԿ-ին դիմադրություն ցուցաբերող ամենաընդունելի տարբերակն է նախագահի համար: Լեւոն Մարգարյան

No comments: