Monday, February 27, 2012

Հանրային իշխանությունները` քաղաքապետարանը, պետք է առաջնորդվեն հանրության շահերի պաշտպանությամբ, այլ ոչ թե աշխատեն մի քանի հոգու մասնավոր շահի օգտին:

Մեր զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ նախագահ, քաղաքացիական ակտիվիստ Արփինե Գալֆայանը -Արփինե, նախորդ մեր զրույցում նշում էիք, որ հասունանում է սոցիալական շարժման տեքստը: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ այն, ինչ տեղի է ունենում տասնութ օր Մաշտոցի պուրակում, հենց այդ հասունացած տեքստի արդյունքն է: -Ես կասեի`սա հասարակության և քաղաքացիական շարժման հասունացման ընթացքն է, որն արդեն զարգացման մի նոր մակարդակ է տեղափոխվել: Քաղաքացիական պայքարի այս փուլն արդյունքն է Թեղուտի շարժման, Թռչկանի հաղթանակի, Ուսանողական այգու և Վիշապի այգու պայքարների, Բանակն իրականում նախաձեռնության և ուրիշների: Մենք այստեղ արդեն տեսնում ենք համագործակցություն տարբեր նախաձեռնությունների միջև, ավելի մեծ թվով մարդկանց ներգրավում: Բացի այդ, խնդիրները շեշտադրվում են իրենց էական պատճառների հարթության վրա` ոչ միայն այգու ու կանաչ տարածքի պաշտպանություն, այլև հանրային տարածքների ու հանրային սեփականության խնդիր`ի հակադրության մասնավոր և խոշոր սեփականության: Ստացվում է, որ հանրային իշխանությունները, տվյալ դեպքում քաղաքապետարանը, առաջնորդվում է ոչ թե հանրության շահերի պաշտպանությամբ, այլ աշխատում է մի քանի հոգու մասնավոր շահի օգտին: Այդ պատճառով Մաշտոցի այգու պաշտպաններն այսօր բարձրացնում են նաև մասնակցային, թափանցիկ ու հաշվետու կառավարման հարցը` ինչպե՞ս է քաղաքապետարանը որոշումներ կայացրել, ինչո՞ւ չի հարցրել հանրության կարծիքը, ովքե՞ր են այն մարդիկ, ում համար ոտնահարվում են հանրության իրավունքներն ու շահերը: Այս գործընթացը նաև նոր, քաղաքացիական մշակույթի ներդրման շարժում է` մասնակցային, բաց, ստեղծագործ... -Արփինե, այս անգամ մի քանի կուսակցություններ ակտիվացան, եկան կանգնեցին պուրակի պաշտպանների կողքին: Սա նախընտրական PR է, թե՞ հասկացել են` հասարակական շահը պետք է լինի իրենց գործունեության հիմքում: -Կարծում եմ`այստեղ երկու կողմ կա. կան կուսակցական և քաղաքական գործիչներ, ովքեր մշտապես մտահոգ են եղել, կանգնած են եղել քաղաքացիական նախաձեռնությունների կողքին, փորձել են օգնել որպես ՀՀ քաղաքացիներ: Դրա հետ միասին, կա նաև նախընտրական շրջանի գործոնը, քանի որ տարբեր քաղաքական ուժերի ակտիվությունն ակնհայտորեն ավելացել է: Ամեն դեպքում, հստակ է, որ Մաշտոցի այգու պաշտպանության շարժիչ ուժը քաղաքացիական խմբերն ու անհատ քաղաքացիներն են`անկախ իրենց քաղաքական հայացքներից: Քաղաքացիական նախաձեռնություններն ապակուսակցական են, և շարժումը զգոն է, որ կուսակցությունները, կամ որևէ ներքին և արտաքին կազմակերպված ուժեր չփորձեն սեփականաշնորհել պայքարը, չվարկաբեկեն, չշեղեն այն իր նպատակից կամ ոչնչացնեն այն: -Հանրային խորհրդում պուրակի հարցը քննարկելիս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ երիտասարդների հետ կոնֆլիկտ ունենալ իրենք էլ չեն ուզում և չեն ուզում բարիկադների տարբեր կողմերում գտնվել: Հարցը հիմա ինչպե՞ս պետք է լուծվի, որոշակի փոխզիջման, քննարկման տարբերակներով, թե՞... -Նախևառաջ պետք է ընկալեն, որ նման քննարկումները պետք է լինեն ոչ թե որոշումը կայացնելուց հետո, այլ որոշումը կայացնելուց առաջ, և որոշումները կայացվում են ոչ միայն զուտ հանրային քննարկումների արդյունքում, այլև հանրության լիիրավ տեղեկացվածությամբ ու մասնակցությամբ: Եթե ժամանակին իրական հանրային քննարկումներ անեն և էապես ներառեն հանրությանը տեղական կառավարման գործընթացներում, ապա լավագույն որոշումը կգտնվի հենց սկզբից և այն կընկալվի հանրության կողմից: Իրենք փորձում են հին ձևերով շարունակել հարցերը լուծել` ենթադրում են, որ հասարակությունը ուշադրություն չի դարձնի և հերթական անգամ իրենց անօրինական, հակաիրավական գործերն աննկատ կանցնեն: Սակայն իրավիճակը փոխվել է. կան մարդիկ, խմբեր, ովքեր իրենց տեր են համարում այս քաղաքին, այս երկրին և պահանջատեր են իրենց սահմանադրական իրավունքներին: Այն փաստը, որ քաղաքապետարանը սկսել է խոսել իրավունքի լեզվով, արդեն իսկ քաղաքացիական այս շարժման նվաճումն է: Եթե նրանք ընդունում են իրենց սխալը և պատրաստ են փոխելու իրենց էությունն ու աշխատելաոճը, ապա պետք է հարգեն ՀՀ Սահմանադրությունը, աշխատեն ի շահ հանրության և իրավական հարթությունում: Այս պարագայում, նրանք պիտի կատարեն հանրության պահանջը` ապամոնտաժեն խանութներն այգուց, հրապարակեն պահանջված ամբողջ տեղեկատվությունը հանրային տարածքների՝ անցյալում Աբովյան պուրակի և ներկայում Մաշտոցի այգու սեփականաշնորման ու խանութների սեփականության հետ կապված, և ամբողջությամբ վերականգնեն այս հանրային սեփականությունն ի շահ հանրության: Նոր սերնդի այս քաղաքացիական նախաձեռնություններն արմատական հարց են դնում` հանրային տարածքը և հանրային սեփականությունը չի կարող ստորադասվել մասնավոր շահին, և հանրությունը մինչև վերջ պաշտպանելու է իր այդ սահմանադրական իրավունքը, իսկ քաղաքային իշխանություններն այլևս պետք է վերջ տան ժողովրդի ունեցվածքի հաշվին անօրեն ու թաքուն կերպով որոշ արտոնյալ անհատների և խմբերի լավություն անելու մշակույթին: Հանրային ու ազգային հարստությունն իրենց չի պատկանում, նրանք պիտի գիտակցեն, որ պաշտոնյաներ են, հանրության ծառաներն են և առանց իրական տիրոջ՝ հանրության որոշման իրավունք չունեն որևէ բան առնել-ծախելու, և իրենց արածի ու չարածի համար էլ հաշվետու են իրենց միակ տիրոջը՝ ժողովրդին: -Դուք պայքարելու եք մինչև բուտիկների վերջնական քանդո՞ւմը: -Այո: Այգում արդեն մոտ մեկ շաբաթ է`դադարեցված է շինարարությունը, բայց քաղաքապետարանը պետք է պաշտոնական հայտարություն անի շինարարությունը դադարեցնելու մասին, ապամոնտաժի արդեն իսկ մասամբ տեղադրված բուտիկները և բարեկարգի հանրային տարածքը: Բացի այդ, հիմա մեկ այլ պրոցես է զարգանում` այգին արդեն իսկ օգտագործվում է որպես հանրային տարածք. ամեն օր այստեղ կազմակերպվում են հանրային զրույցներ, տեղի են ունենում մշակութային միջոցառումներ`համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ… կոնցեպտուալ և պատկերային մակարդակներում հանրությունը ստեղծագործում է և ստեղծում իր ուզած տարածքը: -Ազատության հրապարակը մեկ տարի առաջ ազատագրվեց, հիմա հերթը Մաշտոցի պուրակի՞նն է: -Ազատության հրապարակում ապօրինաբար արգելվում էին հանրահավաքները, այդ արգելքը վերացված է: Սակայն իմ կարծիքով Ազատության հրապարակը առայժմ միայն քաղաքական ուժերի, կուսակցությունների սեփականությունն է, դեռևս ժողովրդինը չէ: Մաշտոցի այգում շատ տպավորիչ է հենց այն փաստը, որ այստեղ տեղադրվել է Քաղաքացիական ամբիոն, որտեղից յուրաքանչյուր ոք կարող է արտահայտվել` ամեն օր ամբիոնից հանրային զրույցներ են հնչում: Այստեղ տեսնում ենք մշակույթների ու ենթամշակույթների բազմազանություն և համակեցություն, ամեն ոք հնարավորություն ունի որևէ բան նախաձեռնելու և իր նախաձեռնությունը կյանքի կոչելու: Միաժամանակ, բոլորը հոգ են տանում այս տարածքի և միմյանց մասին: Սա մի հրաշալի գործընթաց է, որը պետք է ամեն կերպ սնուցվի ու զարգացվի: Սիրանույշ Պապյան «Լրագիր» 27-2-2012.

No comments: