Tuesday, February 14, 2012

Happy Valentine

«Լրագիր» 14-2-2012- Հետաքրքրիր է Հայաստանի խորհրդավոր հակասականությունը: Գրեթե բոլորը դժգոհում են երկրի աննախադեպ վատ տնտեսական ու բարոյական վիճակից ու նույն այդ մարդիկ անմիջապես բուռն արձագանքում են հայապահպանման հեռանկարին,առանց երկար խորհրդածելու այն մասին, որ այդ պահպանման գործընթացն անխուսափելիորեն ներառելու է նաև այն որակները, որոնք ծնել են այդ տնտեսական ու բարոյական ճգնաժամը: Բայց առավել ակտիվ ընթանում է ոչ թե պահպանությունն ու յուրօրինակ կոնսերվացումը, այլ օտարաորսությունը, որի մեջ բազմաթիվ մարդիկ տեսնում են ազգային ստրատեգիայի միակ զարգացումն ու միակ հեռանկարը: Իհարկե, հեշտ է ներկա դրամաշորթության և տնտեսական յուրացումների հարցին հակադրել ազգային ինքնության կորստի խնդիրը: Իրոք, ինչ արժեք ունեն տնտեսական մենաշնորհները կան բնապահպանական աղետները «ազգային ինքնության կորստի վտանգի» առջև: Այդ «ինքնության կորստի» երեք հիմնական աղետներն են. - Օտարոտի մութ ուժերը. դրանց մասին ամեն բան ասված է 37 թվականից, ու ավելացնելու ոչինչ չկա: - Օտար բառերը. սրանք միտված են նենգափոխելու այն պարզ ճշմարտությունը, որ հայերս ստեղծել ենք արդիապաշտությունը, հետարդիապաշտությունը, առաջամարտիկությունը, իսկ հետո այդ երևույթներն աշխարհին թյուր ներկայացվել են իբրև մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ, ավանգարդ, վտանգելով դրանց հայկական ծագումը, ինչպես նաև մեր հայեցի մտածողությունը: - Օտար տոները, ինչպիսիք են դեկտեմբերի 25-ը և իհարկե Վալենտինը՝ սիրո տոնը և այլն: Նույնիսկ կոչեր են հնչում այդ թշնամական տոներին բոյկոտ հայտարարելու վերաբերյալ /հայերեն բառը կգտնեն 2-րդ կետի ջատագովները/: Ինչ կկատարվի, ասենք, եթե հայ պատանիներն ու աղջիկները սկսեն նշել սիրո տոնը, կամ դեկտեմբերի 25-ին մարդիկ մի ավելորդ անգամ նշեն մի տոն, որ նրանց կմիավորի աշխարհի միլիարդավոր մարդկանց հետ: Կամ ասենք չինական Նոր տարին նշելը, մի քանի չինական ավանդույթ իմանալն ինչպես կարող է կործանել մեր հաղթարշավը դարերի միջով: Տոների հարցն առավել հստակ է, քանի որ տոները Հին Հռոմից սկսած մարդկային գիտակցության պահանջն են, ամբոխը հենց իր կառավարողներից պահանջում էր հաց և տոնախմբություն: Եվ այդ բնատուր պահանջն իհարկե մարդկանց կառավարելու միջոց է դառնում, սակայն մարդիկ էլ «վերևի» տոնին միշտ հակադրել են «ներքևի» տոնը: Կամ իրենցն են համարել, կամ ոչ: Ու պայքարն այս հին է, ազդեցության ու նյութական շահի պայքար, քանզի տոնին տիրապետելը դրա հետ կապված նյութական ատրիբուտների տնօրինումն է: Վալենտինը՝ սիրո տոնը, եկել է ներքևից, երիտասարդներն ընդունում ու նշում են, քանի որ մեր երկրում, ամենահին քրիստոնեական պետության մեջ «սեր» բառը տաբու էր մինչև վերջին ժամանակները, հիմա է, որ մեր եկեղեցին վախվորած սկսել է խոսել այդ մասին: Սակայն Վալենտինի, ասել է թե սիրո /ոչ ընտանիքի, ոչ ամուսնության, այլ հենց սիրո/ տոնի արմատավորումը խոսում է այն մասին, որ մեր երկրում արդեն եկել է մարդկային, ոչ եկեղեցական, ոչ պետական տոն ունենալու ժամանակը: Ի վերջո, ինչ այլընտրանք է մեզ առաջարկվում՝ օրացույցային կարմիրով նշված մեռելո՞ցը, թե սովետական հնամենի ու անհասկանալի մարտի 8-ը: Ինչու մեր մշակութային օրակարգում չեն կարող լինել փոխառություններ ու հավելումներ: Եվ եթե մենք այնքան ազգային, ամբողջական ու ինքնաբավ հանրություն ենք, ինչու ենք այդքան… անկատար: Շնորհավոր սիրո տոնը, հայեր, մենք երբեք չենք ընդունել, որ դրա կարիքը շատ ենք զգում... Սամվել Կլեմյան

No comments: