Tuesday, February 14, 2012

Հյուսթոնը մահացել է հանգստացնող հաբի չափից շատ դոզա ընդունելու հետևանքով. Sky News

Tert.am. 13-2-2012- Ինչպես հաղորդում է անգլիական Sky News-ը, երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է հանգստացնող դեղահաբեր չափից շատ օգտագործելու հետևանքով: Հիշեցնենք, որ Բևերլի Հիլզի հյուրանոցային համարում, որտեղ մնում էր լեգենդար երգչուհին, ոստիկանությունը հայտնաբերել է բազմաթիվ հանգստացնող դեղահաբեր: Համաձայն Sky News-ի` խոսքը, մասնավորապես, «Քսանաքս» պրեպարատի մասին է, որը հայտնի է նաև «Ալպրոզոլամ» անվամբ և լայն տարածում ունի ԱՄՆ-ում: Միաժամանակ, Sky News-ը մեջբերել է ազդեցիկ TMZ էլեկտրոնային պարբերականին, համաձայն որի` Հյուսթոնը ոչ թե խեղդվել է հյուրանոցի համարի լոգարանում , այլ մահացել է «Քսանաքս»-ի չարաշահումից: Պարբերականը կասկածի տակ է դրել դատաբժիշկների այն եզրակացությունը, թե երգչուհին խեղդվել է: Ինչպես քիչ առաջ հայտնել էր Tert.am-ը, դատաբժիշկները նրա թոքերում ջուր են հայտնաբերել, սակայն վերջնական եզրակացությունը կհրապարակվի ավելի ուշ: Իսկ ահա Forbes ամսագրի հոդվածագիր Ռոջեր Ֆրիդմանը, ով մտերիմ է եղել երգչուհու հետ, գրել է, որ երգչուհուն սպանել են: Ավելի վաղ, բրիտանական The Sun պարբերականիի տեղեկություններով` Հյուսթոնը մահացել է երգչուհի Կելլի Փրայսի կազմակերպած և երկու օր տևած երեկույթից հետո, որի ժամանակ օգտագործել է ալկոհոլային խմիչքներ: Ականատեսների վկայությամբ` երգչուհին երեկույթից հետո Tru Hollywood ակումբից դուրս գալիս թափթփված ու շփոթված տեսք է ունեցել: Նրա ձեռքերին եղել են կապտուկներ, իսկ ոտքերն արնահոսել են: Հյուրանոցային համարում երգչուհուն մահացած վիճակում առաջինը հայտնաբերել է նրա մորաքույրը` Մերի Ջոնսը: Ուիթնի Հյուսթոնը մահացել է շաբաթ` օրվա երկրորդ կեսին, Բևերլի Հիլզում, 49 տարեկան հասակում: Վերջին տարիներին նա տառապում էր թմրանյութերից ու ալկոհոլից կախվածությունից:

No comments: