Wednesday, February 22, 2012

ՄԱԿ-ը սպառնալի՞ք է ինտերնետի ազատությանը. The Wall Street Journal

Tert.am. 21-2-2012- Փետրվարի 27-ին Ժնևում կսկսվի դիվանագիտական մի գործընթաց, որից հետո կարող է նոր կոնվենցիա ընդունվել, որով ՄԱԿ-ին աննախադեպ իշխանություն կշնորհվի ինտերնետի նկատմամբ: Այս մասին The Wall Street Journal-ի իր հոդվածում գրում է ԱՄՆ-ի Կապի հարցերով Դաշնային հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մ. Մըքդաուելը: Տասնյակ երկրներ, այդ թվում` Ռուսաստանն ու Չինաստանը, պահանջում են, որպեսզի կոնվենցիան ընդունվի մինչև տարվա վերջ: «Ինչպես անցած տարվա հունիսին ասել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, իր և իր դաշնակիցների նպատակն է միջազգային վերահսկում սահմանել ինտերնետի նկատմամբ` Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) միջոցով` ՄԱԿ-ի հովանու ներքո գործող մի կազմակերպության, որն առանջնորդվում է միջազգային համաձայնագրերով», - նշում է հոդվածագիրը: Հեղինակի կարծիքով` եթե ինտերնետի կարգավորման նոր ռեժիմն ընդունվի, դրանով կվերացվի ներկա կարգը, որը հաջողությամբ գործում է 1988-ից ի վեր: Ինտերնետը ավանդաբար ղեկավարվում է ոչ կառավարական կազմակերպությունների կողմից այսպես կոչված «բազմաբաժնետիրական» մոդելով, որը հեղինակը համարում է հաջողության գաղտնիքը: Կառավարությունները որպես կանոն չեն միջամտում ինտերնետի աշխատանքին: Մըքդաուելի գնահատականով մուտքն ինտերնետ ավելի արագ ու հիմնավոր է բարելավում մարդկանց կենսապայմաները, քան պատմության ցանկացած այլ տեխնոլոգիա: Սակայն այսօր Ռուսաստանը, Չինաստանն ու ԷՄՄ-ի անդամ նրանց դաշնակիցները ցանկանում են կոնվենցիան տարածել ինտերնետի այն ոլորտների վրա, որոնք նախկինում չեն կարգավորվել ըստ դրա: Հեղինակի կարծիքով «խաղի նոր կանոնները» կաթվածահար կանեն աշխատանքի արտադրողականությունը, կենսամակարդակի աճը և ազատության առաջընթացը, հատկապես զարգացող երկրներում: Կոնվենցիան ընդունելու համար բավական է միայն հավաքել ձայների մեծամասնությունը. ԷՄՄ-ի անդամ պետությունների թիվը 193 է: Կարգավորման կողմնակիցներն արդեն իսկ ավելի եռանդուն են գործում, քան բազմաբաժնետիրական մոտեցման ջատագովները: Ըստ որոշ գնահատականների` ինտերնետի միջկառավարական կարգավորմանը կարող է սատարել 90 երկիր: Մեծամասնության համար պակասում են ընդամենը հաշված ձայներ:

No comments: