Thursday, March 8, 2012

Նոր Հայաստանի տարածքը – 2

«Լրագիր» 7-3-2012-Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ռուսաստանին անհատույց մի քանի հեկտար տարածք եւ շինություններ նվիրելու ՀՀ կառավարության որոշումը, ասել է, թե դրանք մի 10 հազար դոլար էլ չարժեն: Փոխարենը, ռուսները Մոսկվայում 100 տարով շենք են հատկացրել Հայաստանին: Կանցնի 100 տարի, շենքը կվերադարձվի Ռուսաստանին, իսկ Հայաստանի մի քանի հեկտար հողը կմնա Ռուսաստանին, եթե իհարկե այդ 100 տարվա ընթացքում այլ հողեր էլ չնվիրվեն: Իսկ պարզ բանականությունը, արժանապատվությունը հուշում են, որ կարելի էր այդ տարածքները տրամադրել նույն 100 տարով: Թերեւս, այս հարյուր տարին թվա ինչ որ հեռավոր բան, գրեթե անէություն: Բայց հայ ժողովրդի հազարավոր տարիների պատմության մեջ պարբերաբար, «100 տարով», հեկտար առ հեկտար, տարածքներ են տրվել այլոց: Մի այնպիսի նախանձելի համառությամբ ու հետեւողականությամբ, որ շարժում էր անգամ ամենաանգութ նվաճողների զարմանքը: Իհարկե, չկան պատրանքներ, որ Հայաստանի իշխանության, քաղաքական կոչվող դասի համար Հայաստանի տարածքն արժեք ունի, թեկուզ մի 10 հազարի չափ, եթե իրենց անձնական սեփականությունը չէ: Հայերի պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունը, ձեռք-ձեռքի տված, երկիրը հանձնել է նվաճողների ողորմածությանը, միայն թե իրենց ձեռք չտան: Իրենց, ոչ թե երկրին, ժողովրդին: Գալուստ Սահակյանը ճշմարտությունն էր ասել՝ եթե պետք լինի, մուսուլմանական աշխարհ էլ կգնան: Կգնան, ամեն տեղ, որտեղ կարելի է փախչել երկրի հոգսից ու պահպանել սեփական ինչքը: Իսկ կառավարությունից մի քիչ հեռու, Մաշտոցի պուրակում հռչակվել է Հայաստանի ինքնորոշված քաղաքացու տարածքը: Այստեղ քաղաքացին տեր է կանգնել իր տարածքին, որը միայն նյութը չէ, որը չունի կադաստրային արժեք, եւ որը չի ՎԱՃԱՌՎՈՒՄ եւ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ: Այդ տարածքը հայ ժողովրդի արժանապատվությունն է եւ իրավունքը, որն ընդլայնվելու է հետեւողականորեն, եւ իր ճանապարհին մաքրելու է երկիրը նրանցից, ում համար հայրենիքը միայն կադաստրով հաստատված քառակուսիմետրերն ու հեկտարներն են: Հայկ Արամյան

No comments: