Thursday, March 8, 2012

Ն.Ս.Օ. Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում մեծազնիվ տիկնանց և օրիորդաց Մարտի ութի տոնական առիթով: Այսօր բերկրում են մեր հոգիները, քանզի մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և գնահատում նրանց բարեբեր ավանդը ընտանեկան կյանքում, պետական-հասարակական կյանքի ասպարեզներում: Տերունապարգև իրենց կոչմանը հավատարիմ` կանայք ամբողջանվեր նախանձախնդրությամբ ծառայում են մեր երկրի առաջընթացին, մեր ժողովրդի առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը, մասնակից են մեր ժողովրդի հաղթանակների կայացմանը, մեր ազգային ու հոգևոր վերազարթոնքին: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Իջման Սուրբ Սեղանի առջև Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, սիրելի կանայք, որ շարունակեք ապրել ու ստեղծել դարերի մեջ դրսևորված հայ կնոջ հավատքի, արիության ու նվիրումի օրինակով, ջանքեր բերեք, որ հավատավոր, հայրենասեր, արի զավակներով հայ կյանքը լինի շեն ու բարօր, հայոց հայրենին` հզոր ու ծաղկուն: Թող Տերն Ամենակալ հաստատուն պահպանի ձեզ բարի գործերի և առաքինությունների մեջ, պահի քաջառողջ ու արևշատ և մշտապես առիթներ շնորհի անսպառ երջանկության` ձեր ընտանիքների, զավակների ու սիրելիների հետ: Շնորհը, սերը, խաղաղությունը Փրկիչ մեր Տիրոջ թող լինի միշտ մեզ հետ և համայն աշխարհի. ամեն:

No comments: