Tuesday, March 13, 2012

Ազատ արձակված 4 լրագրողները խոստացել են պայքարել Հրանտ Դինքի սպանության բացահայտման համար

Թուրքիայում Էրգենեկոնի գործով ձերբակալված 4 լրագրող է ազատ արձակվել: Այսպես կոչված «Օդա TV»-ի գործով ձերբակալվածներ Նեդիմ Շեները, Ահմեդ Շըքը, Սաիթ Չաքըրը և Ջոշքուն Մուսլուքը բանտից ազատ են արձակվել: Սակայն գործով ձերբակալված 6 լրագրող դեռ շարունակում են մնալ բանտում: Լրագրող Նեդիմ Շեները, ով մինչև ձերբակալությունը ակտիվորեն զբաղվել է Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը բացահայտելով և սպանության հետ ոստիկանության առնչության մասին գիրք էր գրել, ազատ արձակվելուց հետո հայտարարել է, որ «ինքը բանտարկվել է Հրանտի և արդարության համար»: «Ինձ բանտարկելով փորձեցին վրեժ լուծել Հրանտ Դինքի սպանությանն առնչվող իմ բացահայտումների համար: Բանտ մտնելուց առաջ ես ասել եմ` Հրանտի համար, արդարության համար: Քանի դեռ Հրանտի գործը չի բացահայտվել, ոչ ազատության, ոչ էլ ապահով լինելու մասին կկարողանանք խոսել: Բանտից դուրս գալիս դարձյալ նույնն եմ ասում` Հրանտի համար, արդարության համար: Մենք արդարության կարիք ունենք և պայքարը դրա համար շարունակվելու է», - ասել է նա, բացառելով իրենց անդամակցությունը ահաբեկչական որևէ խմբավորման: Շեները նաև հայտարարել է, որ միշտ պայքարել է արդարության համար և Դինքի սպանությանը որևէ մասնակցություն ունեցած մարդկանց պատժելու համար իրենք կանեն հնարավորը: Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, լրագրողների հարցերին պատասխանել է նաև Ահմեթ Շըքը: «Կիսատ մնացած արդարությունը, այս երկրում օրինականություն և ժողովրդավարություն բերել չի կարող: Մեր գործով դեռևս 5 ձերբակալված կա, իսկ ընդհանուր առմամբ 100-ից ավելի լրագրող է ձերբակաված, իսկ խոսքի ազատության ոտնահարումները միայն լրագրողների խնդիրները չեն: Մոտ 600 համալսարանական է բանտում պահվում այդ պատճառով: Մենք շարունակելու ենք մեր պայքարը», - ասել է նա:

No comments: