News.am. 14-3-2012- NEWS.am-ը ներկայացնում է Էստեբանա Վիլյարեխոյի` իսպանական «ABC» պարբերականում հրապարակված հոդվածը.
«Ի տարբերություն 1981թ. Իրաքի «Օսիրիկ» միջուկային ռեակտորի նկատմամբ F-15 եւ F-16 կործանիչների գրոհի, այս անգամ Իսրայելը չունի կարեւոր եւ արժեքավոր զենքը` անսպասելիության գործոնը»: Սա առաջին ասպեկտն է, որի վրա ուշադրություն է հրավիրում մի զինվորական աղբյուր` Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհի ենթադրյալ սցենարների մշակման պարագայում:
Երկրորդ ասպեկտը, որը պետք է հաշվի առնել, ներկայացվել է Իսրայելի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (INSS) փորձագետ Բենեդետ Բերտիի կողմից: «Գրոհը միայն կհետաձգի իրանական միջուկային ծրագիրը: Իսրայելն ու միջազգային հանրությունը պետք է փոխեն իրանական ռեժիմի կամքը: Դրա համար ռազմական ճանապարհն ավելի օգտակար է որպես սպառնալիքի, քան իրական տարբերակ»:
Երրորդ դիտարկումն այն է, որ Իսրայելը կարող է առաքելությունը միայնակ իրականացնել, սակայն դա առավել բարդ եւ պակաս արդյունավետ կլինի` հաշվի առնելով իրանական որոշ օբյեկտների պաշտպանությունն ու գտնվելու վայրը (ստորգետնյա կամ լեռան մեջ): Ինչպե՞ս ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին:
Այս երեք ենթադրությունների օգնությամբ դիտարկենք Իրանի նկատմամբ Իսրայելի ենթադրյալ գրոհի չորս սցենար, որոնցից մեկը գերակա է մյուսների նկատմամբ` հարյուրավոր օդանավերի միջոցով օդային հարվածը Թել Ավիվից ավելի քան 1600 կմ հեռավորության վրա:
Օդային հարված. առնվազն 125 օդանավ եւ բարդ ռումբեր
Վերջին շրջանում «The New York Times»-ում ամերիկացի ռազմական աղբյուրները նշել էին, թե Իրանի նկատմամբ օդային հարվածը պետք է ներառի առնվազն 125 օդանավ, որոնք ունակ են թռչել դեպի թշնամու տարածք, լիցքավորվել օդում, չեզոքացել իրանական կործանիչները (ռուսական «ՄիԳ-29», «Սու-24», «Սու-25» եւ ամերկյան «F-4), ապաակտիվացնել միջուկային օբյեկտների մոտ գտնվող Իրանի ՀՕՊ համակարգերը, հետո, իհարկե, հարվածել թիրախին:
Բարդ խնդիր է, հաշվի առնելով, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հիմնականում կազմված են ոչ շատ «F-15E», «F-16I» եւ «F-16C»-երից, որոնք հիմնականում նախատեսված են սեփական օդային տարածքը պաշտպանելու կամ հարեւան երկրի դեմ գրոհի համար: Այդպիսով, իսրայելական ուժերը կարիք կունենան համապատասխան օդանավերի եւ ռումբերի համալրման: Վերջինի կապակցությամբ պետք է նշել, որ ԱՄՆ-ն ունի 13-տոննայանոց «GBU57»` հայտնի որպես «Massive Ordnance Penetrator», որը հատուկ մշակվել է Իրանի կամ Հյուսիսային Կորեայի կողմից ենթադրյալ սպառնալիքին դիմակայելու նպատակով:
Ուրիշ երկրից: Բանակցություններ կամ հարված ԱՄՆ բազայից
Օդային հարվածի բարդությունը նվազեցնելու եւս մեկ տարբերակ կա. հարված հասցնել ուրիշ երկրից: Դա իր հետ նախնական աշխատանքների անհրաժեշտություն կառաջացնի, որը գրեթե իդեալական է լոգիստիկ նպատակների տեսանկյունից:
Այսպիսով, ԱՄՆ-ի դերը կկայանա միայն նրանում, որ կզիջիի Ալ Ուդեյդի (Կատար) կամ Դիեգո Գարսիի (Հնդկական օվկիանոս) իր բազաները:
Քննարկվել է նաեւ երրորդ երկրի, օրինակ, Վրաստանի եւ Հայաստանի հետ ինչ-որ համաձայնության գալու մասին, սակայն INSS «ուղեղային կենտրոնում» դա համարում են քիչ հավանական` «Ո՞ր երկիրը կգնա նման ռիսկի»:
Գրոհից հետո` բալիստիկ հրթիռներ եւ ծովային պատերազմ Հորմուզի նեղուցում
Փորձագետների կարծիքով, օդային հարվածի հիմնական խոչընդոտը կլինի դրա առաջացրած շղթայական ռեակցիան: Իրանը կարող է օգտագործել միջին հեռահարության իր «Շահաբ-3» բալիստիկ հրթիռները, որոնք կարող են 1300–2000 կմ շառավղով գործել, եւ հետեւաբար, հասնել Իսրայել, որն էլ կպատասխանի իր «Երիհոն 3»-ներով:
«Սցենարներից վատագույնը» այն է, որ, ինչպես հավաստիացնում է զինվորական աղբյուրը, բաց է մնում Իսրայելի կողմից իր հրթիռների նոր տարբերակներն օգտագործելու հնարավորությունը: Հորմուզի նեղուցում Իրանի ռազմանավերի եւ Իսրայելի սուզանավերի հավանական ներկայությունը եւս մի գործոն է, որը պետք է հաշվի առնել գրոհից հետո:
«Գաղտնի պատերազմ». կիբերգրոհներ, գիտնականների սպանություններ...
Եթե օդային գրոհ չիրականացվի Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ, մենք կարող ենք Իսրայելի եւ Իրանի միջեւ «գաղտնի պատերազմի» վերածնման ականատես լինել: Գիտնականների եւ լրտեսների առեւանգում եւ սպանություն, արտերկրում Իսրայելի ներկայացուցչութունների վրա գրոհ, կիբերգրոհներ միջուկային օբյեկտների նկատմամբ: Այս առումով ԱՄՆ նախագահ եւ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Բարաք Օբաման մեծ երկընտրանքի առջեւ է մինչ Իրանի միջուկային ծարգրի նկատմամբ ենթադրյալ գրոհը: Նա հավաստիացրել է, որ դեռ բանակցությունների հնարավորություն կա: Իսրայելն էլ չի համբերում:
«Հնարավորությունը բաց է թողնվել 2002 թ-ին կամ 2003թ-ին: Հիմա արդեն այդ ծրագիրն ուժեղ է զարգացած»,-ասում է Իրանի միջուկային ծրագրերի հարցերով մեկ այլ փորձագետ:
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment