Sunday, March 11, 2012

Ո՞վ պետք է փոխհատուցի բանակում «ինքնասպանվածի» իրավահաջորդին

1in.am. 10-3-2012- Եթե զինվորը ինքնասպանություն է գործում, նրա հարազատներին պետությունը հրաժարվում է պետական բյուջեի հաշվին փոխհատուցում տալ, ինչն, օրինակ, անում է «մահացել է զինվորական պարտականությունների կատարման ժամանակ» ձևակերպման դեպքում: Արդյոք դա արդարացի՞ է, եթե հաշվի առնենք, որ զինվորը մինչ զորակոչվելը չի կատարել որևէ հանցագործություն, չի դրսևորել և ունեցել վարքի այնպիսի հակումներ, որոնք կարող էին հանգեցնել ինքնասպանության: Իսկ բանակում կատարված մահվան դեպքերին, մեծամասամբ հենց այդպիսի որակում էլ տրվում է` անկախ նրանից` մահացած զինվորի գործի հանգամանքները այդ վարկածը հաստատում են, թե հերքում: Իսկ որպեսզի մահացած զինվորի հարազատը համոզվի, որ հենց այդպես էլ եղել է, նախաքննական մարմինը նախ պետք է տուժող ճանաչի զինվորի հարազատին, որպեսզի նա էլ կարողանա պատշաճ կարգով հետևել քննչական գործողություններին և համոզվել: Մի բան, որը պետությունը չի անում` սահմանափակելով տուժողի իրավահաջորդի իրավունքները: Հետո` ինչպես ուզում, այնպիսի ձևակերպմամբ էլ փակում են քրեական գործը, և առավել հաճախ` հենց «ինքնասպանություն» ձևակերպմամբ, և առավել հաճախ` հիմնականում սոցիալապես անապահով և չափազանց անապահով ընտանիքների երեխաների գործերը, և հատկապես` եթե այդ գործերի վերաբերյալ լրատվամիջոցներում կասկածներ և ահազանգեր են հնչեցվում: Ինչ անել և ինչպես անել, որ նման լուրջ խնդիր չառաջանա պետություն-զինվորի իրավահաջորդ հարաբերություններում, և արդյոք պետությունը պե՞տք է պատասխանատվություն կրի զինվորի ինքնասպանության դեպքում: Փաստաբան Կարեն Թումանյանը այսպես ձևակերպեց իր մոտեցումը` հենվելով միջազգային չափանիշների տրամաբանության վրա. «Անկեղծ ասած` խնդրով չեմ զբաղվել, որ հիմա լուծում առաջարկեմ, բայց դա ամեն դեպքում պետք է դիտարկվի պետության կոնկրետ գործողությունների հետ: Բոլոր այն դեպքերում, երբ պետությունն է իր ազդեցության տակ վերցրել մարդու պարտականությունների կատարման շրջանակը, այդ դեպքում պետությունը պետք է պատասխան տա այդ գործողություններին: Օրինակ` դեպք կար, որ ասում էին՝ զինվորը հիվանդ է կամ հոգեկան որոշակի առողջական խնդիրներ է ունեցել: Այս դեպքում կրկին պատասխանատվությունը պետությունն է կրում: Եթե զինակոչիկը առողջական խնդիր ունի, մենք մի ամբողջ համակարգ ենք պահում, որ ստուգեն` նոր ուղարկեն: Ինձ` որպես ՀՀ քաղաքացու, ձեռք չի տալիս, որ հոգեկան որոշակի խնդիրների պարագայում զինվորը սահմանը պաշտպանի, որովհետև ես դրա համար պետական բյուջե փող եմ մուծում, որպեսզի և՛ սնվեն, և՛ առողջ լինեն, որ ես հանգիստ քնեմ իմ ընտանիքում: Իսկ եթե այնտեղ է հիվանդացել, ի վերջո ինքնասպանություն կատարելու համար պետք է նման հիվանդություն ունենալ կամ որոշակի պատճառներ պետք է առաջացած լինի այնտեղ: Պետք է պարզեն, որ տվյալ հիվանդությունները առաջացել են ոչ տվյալ պետության ազդեցության տակ, դա ուրիշ խնդիր է, բայց եթե պատճառաբանում են, որ հոգեկան շեղումներ է ունեցել, ես չեմ կարող հենվել պաշտոնական այդ տեսակետի վրա, և իրենք իսկ իրենց կհակասեն: Եթե հոգեկան շեղումներով այդքան շատ մարդ են զորակոչում, ուրեմն ամբողջ խնդիրը մնում է պետական այդ համակարգի վրա: Համենայնդեպս, կոնկրետ այդ բժիշկը, որը եզրակացություն է տվել, որ զինվորը առողջ է ծառայելու համար, ինքը անփութություն կատարել է, որի արդյունքում վնաս է հասցվել երկրի սահմաններին»: Փաստաբան Էդմոն Մարուքյանն էլ հավելեց. «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկայից ելնելով, մենք միշտ փաստարկում ենք` երբ անձը մահանում է պետության իրավազորության ներքո գտնվելու ժամանակ, պետությունը պետք է որոշակի պատասխանատվություն կրի կամ գործի քննության տեսանկյունից, այսինքն` պոզիտիվ պարտավորության, թե ոնց է եղել, այսինքն` բացահայտի իրավիճակը, ներկայացնի հանրությանը և պատշաճ քննություն տանի: Սա՝ պոզիտիվ պարտավորության շրջանակում, իսկ նեգատիվ պարտավորության շրջանակներում պետք է ուսումնասիրի, թե պետությունը ինչ դեր ուներ տվյալ իրավիճակում` արդյոք պետությունը կարո՞ղ էր կանխել անձի ինքնասպանությունը ու չի կանխել: Օրինակ` քրեակատարողական հիմնարկների օրինակով ասեմ, էլի պետության իրավազորության ներքո է, չէ՞: Տեսեք` անձը ծանր հիվանդությամբ տառապում է: Օրենքի համաձայն նա պետք է ազատ արձակվի, նրան ազատ չի արձակում պետությունը, այսինքն` տարբեր ընթացակարգային խնդիրներ է առաջացնում այնքան, մինչև տվյալ իրավիճակում գտնվելով՝ խոշտանգվում է ու ինքնասպանություն գործում: Հիմա պետությունը ունի՞ պարտավորություն: Ես կարծում եմ` այո: Եթե նորից հետ գանք բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին, կրկին պետության պատասխանատվության հարցը պետք է առաջ քաշվի, որովհետև դա սովորական ինքնասպանություն չի: Այսինքն` մարդը եղել է պետության իրավազորության ներքո, հետևաբար պետությունը պետք է օրենքի պարտավորության շրջանակներում պարզի, ի հայտ բերի բոլոր մեղավոր անձանց: Եթե չի անում, հնարավոր է, որ դա բերի կյանքի իրավունքի խախտման, որը տեղի է ունենում պետության կողմից` անգործության առումով»: Հ.Գ. 1. Ի դեպ, այս փաստաբանները բանակում մահացած զինվոր Գևորգ Կոծինյանի գործով մի նախադեպային` 5.000.000 դրամի բարոյական վնասի փոխհատուցման պահանջ են ներկայացրել ընդդեմ պետության` կյանքի իրավունքի խախտման հիմքով, որը Հայաստանի ներպետական ատյաններն անցնելուց հետո պետք է վիճարկվի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում բարոյական վնասի փոխհատուցում, սակայն եթե ՄԻԵ դատարանը բավարարում է նման պահանջը, Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինում հսկայական գումարներ վճարել պետբյուջեից: Բայց քանի դեռ ոչ բոլոր գործերն են գնում Եվրադատարան, մահվան դեպքերը հիմնականում ձևակերպվում են որպես ինքնասպանություն, իսկ թե դրանց քանի տոկոսն է իրականում ինքնասպանություն, հանրությունն այդպես էլ մնում Է անտեղյակ: Հ.Գ. 2. Եթե Եվրադատարանը ճանաչի պետության իրավազորության տակ գտնվելու հիմքով` պետության կողմից զինվորի կյանքի իրավունքի խախտման փաստը, անկախ նրանից՝ դա սպանություն է, թե ինքնասպանություն, և 5 մլն դրամի բարոյական վնասի պահանջը հիմնավոր համարի, ուրեմն նախաքննական մարմինը աստիճանաբար կսկսի քննություններն ավելի օբյեկտիվ և համոզիչ հունով տանել, գտնել իրական մեղավորներին և ռեգրեսիվ հայցով նրանցից էլ պահանջել վերոնշյալ փոխհատուցումը, քանի որ մահվան դեպքերը շատ են, իսկ պետության միջոցները` սահմանափակ: Էլմիրա Մարտիրոսյան

No comments: