Thursday, March 15, 2012

Արցախի վարչապետը՝ վերաբնակեցման, օդանավակայանի, բանակի մասին...

HayNews.am-ի բացառիկ հարցազրույցն Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հետ: -Պարոն վարչապետ, ի՞նչով է պայմանավորված Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հետաձգումը և երբ, ի վերջո, ակնկալել օդանավակայանի բացումը, հնարավո՞ր է, որ ամեն դեպքում մայիսի 9-ին կայանա բացման արարողությունը: -Չի կարելի ասել, որ հետաձգվում է, ինքնաթիռի ձեռքբերման գործընթացն արդեն ընթացքի մեջ է, որոշվում է՝ ինչ ինքնաթիռ ձեռք բերել, իսկ ֆինանսավորումն իր վրա է վերցրել պարոն Էռնեկյանը, այնպես որ առաջիկայում ինքնաթիռի հարցը վերջնական կլուծվի, իսկ օդանավակայանն առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվի, մինչ այդ ինքնաթիռը կանցնի լուրջ տեխզննում և փորձարկում, ինչպես նաև անձնակազմի պատրաստումը պետք է բարձր հիմքերի վրա լինի: Պետք է լավ պատրաստվել, և կարևոր չէ՝ բացումը կլինի մայիսի 9-ին, թե օրինակ 12-ին, թե փոքր-ինչ ուշ: Սկզբնական շրջանում կիրականացվի միայն Երևան- Ստեփանակերտ չվերթ, այնուհետ այլ ուղղություններով ևս: -Այս տարի Արցախում ևս ընտրական տարի է, ամռանն անցկացվելու են նախագահական ընտրություններ: Ինչպիսի՞ն են նախընտրական տրամադրություններն Արցախում, ի տարբերություն Հայաստանի, Արցախի հասարակությունը կարծես ավելի հանգիստ, «լռակյաց» և պակաս զգացմունքային է նման կարևոր հարցում: -Այո՛, հուլիսի կեսերին Արցախում նախագահական ընտրություններ են: Գործող քաղաքական ուժերից մեծամասնությունը պատրաստ են սատարել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը, իհարկե, կլինեն նաև այլ թեկնածուներ: Ինչ վերաբերում է արցախցու «լռակյաց» լինելուն, ապա մեր բնակչությունը շատ է կարևորում ներքին կայունությունը և գիտակցում է, որ դա հարաբերական խաղաղության պարագայում շատ կարևոր է: -Որքանո՞վ է Արցախի իշխանություններին և հասարակությանը հետաքրքրում և մտահոգում Հայաստանում սպասվելիք ընտրությունները, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ելքը Արցախում սպասվելիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա: -Մեզ մտահոգում է նաև Հայաստանի ներքին կայունությունը, որովհետև Հայաստանի ներսում ապակայունացումը ազդելու է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Իսկ առավել ուղիղ իմաստով, Հայաստանի ընտրությունները երբևէ չեն ազդել և չեն կարող ազդել արցախյան ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա: -Որո՞նք են Արցախի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները: -Արցախի կառավարությունն առանձնացրել է տնտեսության զարգացման չորս հիմնական ուղղություն` գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ուշադրության կենտրոնում են նաև շինարարության և զբոսաշրջության ոլորտները: Գերակա բոլոր ճյուղերին վերաբերող լուրջ ծրագրեր կան և ընթացքի մեջ, և դեռևս մշակված: 2012 թվականին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության հիմնական ուշադրությունը ուղղված է լինելու երկրագործության ու անասնապահության համաչափ զարգացմանը, ոլորտներ, որոնց համաչափությունը նախորդ տարիներին խստորեն խախտված էր: Գյուղատնտեսությանը պետական բյուջեից այս տարի նախատեսված է տրամադրել մոտ 3 մլրդ դրամ գումար: Էներգետիկայի ոլորտում, խոսքը մասնավորապես վերաբերում է հիդրոշինարարությանը, քանի որ Արցախում արտադրվող էլեկտրաէներգիան Հանրապետության պահանջն ամբողջովին չի բավարարում: Միայն 2011 թվականի առաջին կիսամյակում մենք կարողացել ենք ապահովել 6 տոկոս տնտեսական աճ, և լուրջ նախադրյալներ կան երկնիշ թվով տնտեսական աճ ունենալու համար: -Ի՞նչ կասեք ներդրումային քաղաքականության վերաբերյալ, դաշտը կարելի է բարենպաստ համարել: -Այո՛, բարենպաստ է, հարկային արտոնություններ կան, ուստի օտարերկրյա ներդրողների կողմից լուրջ ներդրումներ են կատարվել և նաև նոր ներդրումային ծրագրեր են սպասվում: -Հայաստանում որոշ տնտեսագետներ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը գնահատելիս` ակնարկում են, թե երկրի կառավարությունը Արցախի կառավարությունից սովորելու բան ունի, մասնավորապես հիշեցնելով այն ժամանակահատվածը, երբ Հայաստանում տնտեսական անկում էր, իսկ ԼՂՀ-ում`տնտեսական աճ: Ըստ ձեզ, Հայաստանի գործադիր մարմինն իրականում սովորելու և ընդօրինակելու բան ունի՞ Արցախի կառավարությունից: -Ես կասեի մենք էլ սովորել Հայաստանից, և այն տնտեսական աճերն ու զարգացման տեմպերը, որոնք արձանագրել ենք մեր տնտեսության գերակա ճյուղերում` հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, Հայաստանի կառավարության շնորհիվ է: Եթե վերցնենք հետպատերազմյան տարիներն, ապա երբևէ այդքան աջակցություն չի ցուցաբերվել Արցախին, որքան վերջին տարիներին: Հայաստան-Արցախ տնտեսական գործակցությունն այսօր առավել խորն է և ակտիվ է: Եվ չմոռանանք նաև, որ Հայաստանի տնտեսության զարգացումից է ի վերջո կախված Արցախի տնտեսության զարգացումը: -Իսկ ի՞նչպես կգնահատեք այս տարիներին ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ Արցախի և Հայաստանի քաղաքականությունը: Ո՞վ է մեղավոր, որ այն այդպես էլ պատշաճ մակարդակով չի իրականացվել: -Հարցն այստեղ ոչ թե Արցախի կամ Հայաստանի մեղավոր լինելն ու չլինելն է, այլ ֆինանսական միջոցների բացակայությունը: Վերաբնակեցումը լուրջ միջոցներ է պահանջում, խնդիրն այստեղ միայն վերաբնակվողին որոշակի արտոնություններ տալը չէ, պետք է տարրական կենսապայմաններ լինեն` սկսած ջրամատակարարումից մինչև ճանապարհների, դպրոցների, հիվանդանոցների կառուցում: -Հայաստանում գործող Ադրբեջանահայերի ասամբլեան և Բաքվի և Նախիջևանի փախստականների միությունը պնդում են, որ ունեն վերաբնակեցման հստակ ծրագրեր, ավելին, ակնարկում են, որ դրանցից տեղյակ է նաև Արցախի կառավարության ղեկավարները: Մասնավորապես` Ադրբեջանի և Նախիջևանի փախստականների միությունը որոշել է Քաշաթաղի շրջանում 100.000 բնակչի համար կառուցել նոր քաղաք` Բագարան անունով: Ի՞նչ կասեք այս մասին: -Ես այդ ծրագրերին նույնիսկ ծանոթ էլ չեմ, լսել եմ ընդհամենը, որ նոր քաղաք են ուզում կառուցել: Դրանք իրատեսական չեն, նորից եմ կրկնում քաղաք կառուցելը, վերաբնակեցման խնդրի լուծումը խոշոր ֆինանսավորում է պահանջում, ենթակառուցվածքների վերակառուցում է պետք, ջրագծեր պիտի անցկացվեն, խաղ ու պար չէ : Արցախի կառավարությունն այս պահին գերադասում է անել ամեն ինչ, որ այդ տարածքներում ապրողների սոցիալական վիճակը բարելավվի, որ չթողնեն հեռանան, և պիտի ասեմ, որ դա մեզ հաջողվում է, ավելին` բնական ճանապարհով բնակչության թվի աճ ունենք, ոչ մեծ, բայց և վերաբնակեցվողների: Այս պահին, այս ուղղությամբ պետք է աշխատել` մեծ երազանքների փոխարեն: -Պարոն վարչապետ, առիթն օգտագործելով, կցանկանայի իմանալ ձեր կարծիքը Արցախում տեղակայված զորամասերում արձանագրվող մահվան ելքով միջադեպերի վերաբերյալ: Ինչո՞ւ են դրանք հաճախակի հենց Արցախում: -Ես պիտի ասեմ, որ քաղաքացիական կյանքի բացասական բարքերը ներմուծվում են բանակ: Ես չէի ասի, որ Արցախում վերահսկողությունն առավել թույլ է կամ, որ միջադեպերն աճել են, եթե նայեք վիճակագրությունը կտեսնեք, որ դրանք ընդհակառակը նվազել են, պարզապես ՊԲ-ն առավել թափանցիկ է դարձել: Յուրաքանչյուր զինվորի մահ ցավ է և արվում է ամեն ինչ, որ այդ դեպքերն էլ ավելի նվազեն: Սրան զուգահեռ պիտի փոխվի տղաների գիտակցումը, հատկապես, երբ Արցախի սահմանների պաշտպանությունն առավել մեծ լարվածություն է պահանջում: -Պարոն վարչապետ, ուղղելու դեռ հարցեր կան, սակայն հաշվի առնելով ժամանակի սղությունն ամփոփենք, բայց մինչ այդ ևս մեկ հարց. հաշվի առնելով, որ մեկ ամսից լրանում է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 20-րդ տարելիցը, կուզեի անպայման հիշեինք նրան: Վստահ եմ, նրա մարդկային կերպարը բնութագրող պատմություններ հաստատ լսած կլինեք: -Բնականաբար, իր հետ անմիջական շփման հնարավորություն չեմ ունեցել, երբ նա գերագույն խորհրդի նախագահ էր, ես զինվոր էի, բայց իր ընկերներից իր մասին շատ եմ լսել. բացառիկ ազնիվ և բարի անձնավորություն: Մարդ, առաջնորդ, ով քաղաքականության դաշտ բարոյականություն է բերել:Ցավում եմ, որ մեր կողքին չէ և անձնապես ճանաչելու հնարավորություն չեմ ունեցել: Մարիամ Պետրոսյան

No comments: