Panorama.am.14-3-2012- Սիրիայում արդեն ավելի քան 11 ամիս ծավալվող ներքաղաքական ճգնաժամը ակնհայտ աճման միտում է ցուցաբերում. ի սկզբանե դրսևորվելով ուրբաթօրյա հակակառավարական ցույցերով, երթերով, բողոքի այլ խաղաղ ակցիաներով` սիրիական ըննդիմադիր զանգվածների գործողությունները վերաճեցին ներքին զինված հակամարտության` իշխող բաասական վարչակարգի և արտաքին ուժերի ռազմաքաղաքական հովանավորությունը կրող զինված խմբավորումների միջև:
Մերձավորարևելյան այս երկրում և նրա շուրջ տեղի ունեցած և ընթացող իրադարձությունները, որոնք դուրս են եկել բուն տարածաշրջանի սահմաններից ակամա ստիպում են հետ պտտել պատմության անիվը. խնդրի մասշտաբների միջազգայնացումը և նրա վրա ազդեցության փորձերը հիշեցնում են «սառը» պատերազմի և երկբևեռ աշխարհի պատմափուլը: Սակայն այս դեպքում էական տարբերություն կա «սառը» հակամարտության մեխանիզմների կիրառման առումով:
Սիրիական ճգնաժամում բախվում են մի քանի շահեր և մոտեցումներ, որոնցից յուրաքանչյուրն իր բնույթով տարբեր է, բայց առաձգական և համատեղելի: Մի կողմից Արևմուտքը` ԱՄՆ-ի գլխավորությամբ և տարածաշրջանային որոշ խաղացողների` հատկապես Թուրքիայի, Պարսից ծոցի արաբական միապետությունների և Իսրայելի (չնայած սիրիական ընդդիմության հավաստիացումներին` Թել Ավիվի հետ հաշտության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ, հրեական պետության համար առավել ձեռնտու է «կառավարելի քաոսի» իրավիճակը Սիրիայում, քանի որ մտավախություն կա արմատական մուսուլմանների իշխանության գալու հնարավորության դեպքում մեծ է իսրայելասիրիական ուղղակի առճակատման սպառնալիքը) գործուն աջակցությամբ նպատակ է հետապնդում` հետամուտ լինել իշխանությունից Բաշար Ալ-Ասադի հեռացմանը, մյուս կողմից Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, որոնք, ընդդիմանալով հակառակորդ ճամբարին, ձգտում են առնվազն պահպանել Սիրիայի ներկայիս վարչկարգը և հետևաբար իրենց դիրքերը այս երկրում:
ԱՄՆ-ի ակնկալիքներն ու դիրքորոշումը
Դամասկոսի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը, առավել ևս Սիրիայում իր համար նպաստավոր վարչակարգի հաստատումը միշտ էլ եղել է ԱՄՆ-ի մերձավորարևելյան շահերի տիրույթում, իսկ այսօր արդեն կանգնել է Սպիտակ տան օրակարգում. Վաշինգտոնի համար դեռ երբեք այսքան իրատեսական չի եղել Ասադ ընտանիքին «գահընկեց» անելու հավանականությունը:
Սառը պատերազմյան ժամանակաշրջանում արաբ-իսրայելական հակամարտության` միջազգային ասպարեզում հայտնվելուց և Մերձավորարևելյան տարածաշրջանում երկու հակադիր ճամբարների ձևավորումից հետո ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթություններից հանդիսացավ տարածաշրջանում հաստատված հարաբերական հավասարությունը ամերիկա-իսրայելյան նժարի կողմը շրջելու խնդիրը: Ասվածի համատեքստում ամերիկյան դիվանագիտությունը փայլուն կերպով հաղթահարեց 1970-ական թվականների վերջին Մերձավոր Արևելքում Վաշինգտոն-Թել Ավիվ դաշինքին սպառնացող ճգնաժամը. Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից և արևմտամետ շահական վարչակարգի տապալումից հետո ակտիվացած Վաշինգտոնի ջանքերը պսակվեցին հաջողությամբ: 1978թ. հաշտություն կայացավ հակաիսրայելական ճամբարի առաջատար հանդիսացող Եգիպտոսի և հրեական պետության միջև: Այսպիսով մերձավորարևելյան հակմարտության շրջանակներում արաբական կողմի դրոշակակիրը դարձավ հենց Սիրիան, հետևաբար Դամասկոսը դարձավ Արևմուտքի մերձավորարևելյան քաղաքականության առաջնային թիրախներից մեկը:
2011 թ. քաղաքական տերմինաբանությունը համալրած «Արաբական գարուն» հասկացության և դրա շրջանակներում Արաբական աշխարհում տեղի ունեցող «ժողովրդավարական» հեղափոխությունների շարքին դասվեցին Սիրիայում ծագած ներքաղաքական հուզումները`տեղեկատվական-քարոզչական միասայր արշավի, ինչպես նաև խնդրի միազգայացման օգնությամբ: Սիրիական հարցի լուծումը արևմտյան ուժերի թեթև ձեռքով հայտնվել է մի շարք միջազգային կազմակերպությունների աշխատանքային օրակարգում (ՊԾՀԽ, ԱՊԼ, ՄԱԿ, ԵՄ և այլն): Եվ հետևաբար, միամիտ կլինի կարծել, որ Արևմուտքը կհրաժարվի իր` այսքան սպասված «ձեռքբերումներից»:
Այս պարագայում, կարելի է ենթադրել, որ հակաասադյան դաշինքի կողմից Դամասկոսի նկատմամբ տնտեսական, քաղաքական, հոգեբանական և տեղեկատվական ճնշման օղակի թուլացումը հնարավոր է միայն Արևմուտքի համար մեկ այլ ռազմավարական կարևորություն ունեցող հիմնախնդրի առաջացմամբ: Որպես ասվածի օրինակ կարելի դիտարկել 2012-ի հունվար ամիսը, երբ իրանական գործոնի ակտիվացմամբ որոշակիորեն ստվերում էր հայտնվել ներսիրիական ճգնաժամը:
Ռուսաստանի շահերն ու դերակատարությունը
Վերոնշյալի համատեքստում բաասական վարչակարգի կյանքն է փորձում փրկել Խորհրդային Միությունից այս երկրում բավականին ազդեցիկ դիրքեր ժառանգած Ռուսաստանի Դաշնությունը. բավականին բարձր մակարդակի վրա են ռուս-սիրիական հարաբերությունները գրեթե բոլոր բնագավառներում, սիրիական Տարտուս նավահանգստում է գտնվում Միջերկրական ծովում ՌԴ-ի ՌՕՈՒ-ի նյութատեխնիկական մատակարարման կարևորագույն հենակետը, բացի նշվածից այս երկրում են աշխատում բազմաթիվ ռուսաստանցի ռազմական մասնագետներ, որոշ տվյսլներով ՍԱՀ-ում գործում է շուրջ 100 հազարանոց ռուսական համայնք:
ՄԱԿ-ի ԱԽ-ում հակասիրիական բանաձևի ընդունումը Չինաստանի հետ միասին կրկնակի անգամ վետոյի կիրառմամբ խոչընդոտելուց բացի Մոսկվան պետական-իշխանական համակարգի բոլոր մակարդակներով, և նույնիսկ երկրի ընդդիմության ներկայացուցիչների կողմից հանդես է գալիս սիրիական ճգնաժամը հենց սիրիացի ժողովրդի կողմից լուծելու և հակամարության բոլոր կողմերին զսպելու անհրաժեշտության դիրքերից:
Ի տարբերություն Արևմուտքի և նրա տարածաշրջանային դաշնակիցների առաջարկած լուծումների` Ռուսաստանի միջնորդական ջանքերը ողջունում են սիրիական իշխանությունները և ներքին ընդդիմության` արտաքին միջամտությունը բացառող հատվածը:
Սակայն երկրում ստեղծված անկայուն և որոշ շրջաններում նույնիսկ քաոսային իրավիճակի հեղինակները հենց Արևմուտքի և հատկապես Թուրքիայի կողմից հովանավորյալ զինված խմբավորումներն են` այսպես կոչված «Սիրիական ազատ բանակը», որը համալրված է սիրիական զինված ուժերի դասալիքներով և հարևան երկրներից Սիրիայի տարածք ներթափանցած գրոհայիններով: Իսկ արմատական ընդդիմության քաղաքկան թևը` «Սիրիայի ազգային խորհուրդը» դիվանգիտական հնարավոր բոլոր միջոցներով ջանում է հասնել այսպես կոչված «Լիբիական սցենարով» արտաքին միջամտության` գործող վարչակարգի հետ բանակցելու վերջնագրային նախապայման հայտարարելով Բաշար Ալ-Ասադի հրաժարականը:
Հետևաբար ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ. արտաքին ուժերից և ոչ մեկը իրական հնարավորություն չունի ներգործելու ներսիրիական հակամարտության բոլոր մասնակիցների վրա: Սակայն ի տարբերություն Արևմուտքի, ում սկզբունքորեն ձեռնտու է իրադարձությունների և հակամարտության նման զարգացումը, երբ Սիրիայում ակնհայտորեն աճում է երկկողմանի բռնությունների ալիքը, դրանց հետևանքով նաև մարդկային զոհերի թիվը, երկրի որոշ շրջաններում վատթարանում է սիրիական բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, Մոսկվան ևս պետք է պատրաստ լինի դիմակայելու տեղեկատվական պատերազմին և հետևաբար պատասխանատվություն կրելու նաև Սիրիայում ստեղծված ճգնաժամային իրադրությանը մեղսակցության համար մեղադրանքներին: Կրեմլը, ցանկանալով պահպանել Ալ-Ասադի վարչակարգը, փաստորեն ներսիրիական հակամարտության շրջանակներում էական ազդեցություն ունի հենց վարչակարգի վրա. «Սիրիական վարչակարգը չի ցանկանում բեռ դառնալ Ռուսաստանի համար»,_ Դամասկոսի կողմից նման հայտարարություն է հնչեցվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և արտաքին հետախուզության ղեկավար Միխայիլ Ֆրադկովի` փետրվարի 7-ին Սիրիա այցելության ընթացքում:
Այս պարագայում, անվիճելի է, որ խնդրի կարգավորումն արդեն իսկ գործնական քայլեր է պահանջում: Ինչպես կվարվի Ռուսաստանը, կստանձնի սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նախաձեռնությունը, թե կընկրկի հակաասադյան կոալիցիայի առջև, որը, լիբիական օրինակով, նախաձեռնել է սիրիական հարցի կարգավորման նոր ձևաչափ`«Սիրիայի բարեկամների», խումբը և որի աշխատանքներին մասնակցությունից Մոսկվան ու Պեկինն արդեն իսկ հրաժարվել են, ցույց կտա ժամանակը:
Չինաստանի դիրքորոշումը
Սիրիայի հետ կապված գործընթացներն, ինչ խոսք, շոշափում են նաև մի շարք այլ ուժերի շահերը: Չինաստանի համար, օրինակ, սիրիական ճգնաժամը կարևորվում է ոչ միայն կողմերի միջև առկա բավականին ամուր տնտեսական, էներգետիկ հարաբերությունների տիրույթում, այլև, ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակի ընթացքում տնտեսական ոլորտում արձանագրած լուրջ նվաճումների պայմաններում Պեկինը ձգտում է այդ ձեռքբերումները նյութականացնել նաև միջազգային ասպարեզում` հիմք ունենալով բազմաթիվ հարցերում Արևմուտքի հետ ունեցած հակասական մոտեցումները:
Իրանական գործոնը
Թեհրանի պարագայում, Սիրիայի դեմ իրականացվող արշավն իրավացիորեն դիտարկվում է նաև որպես Իրան-Սիրիա-Հիզբոլլահ առանցքին ուղղված մարտահրավեր, քանի որ Սիրիայում իշխող վարչակարգի տապալմամբ Իրանը կկորցնի Մերձավոր Արևելքում միակ և հետևողական դաշնակցին, կտուժի համագործակցությունը «Հիզբալլահի» հետ: Իսկ սուննիական համայնքի իշխանության գալու պարագայում կողմերի միջև հնարավոր է նույնիսկ որոշակի հակադրություն առաջանալ, եթե հաշվի առնենք սուննի արաբական մի շարք վարչակարգերի հետ Իրանի լարված և մրցակցային հարաբերությունները: Այս համատեքստում, իսլամալկան հանրապետության իշխանությունները Դամասկոսի տարածաշրջանային շրջափակումը փորձում են մեղմել քաղաքական, տնտեսական, որոշ տվյալներով նաև ռազմական բոլոր հնարավոր միջոցներով` աջակցելով իսլամի շիական ուղղություններից համարվող Սիրիայի ալավիական վարչակարգին:
Պարսից ծոցի արաբական միապետությունների հավակնությունները
Սաուդյան Արաբիայի համար «արաբական գարունը» նպաստավոր իրավիճակ է ստեղծել` ի կատար ածելու Էր-Ռիադի վաղեմի նկրտումները` իսլամական աշխարհում ունեցած առանցքային դերակատարությանը համապատասխան դիրքեր ապահովել նաև արաբական աշխարհում. մերձավորարևելյան հակամարտության պատմության ողջ ընթացքում արաբական ճամբարի ավանդական առաջատարները համարվող Սիրիան և Եգիպտոսը դեռ երբեք այսքան «հյուծված» չեն եղել: Այս համատեքստում, նաև Սաուդյան թագավորության ազդեցիկ ճնշման տակ «ՀԱՄԱՍ»-ի արտասահմանյան ղեկավարությունը հիմնականում լքել է Սիրիայի տարածքը, որի իշխանությունները ավելի քան երկու տասնամյակ ապաստան էին տրամադրել և աջակցում էին այս պաղեստինյան կազմակերպությանը: Սաուդյան Արաբիայի համար ևս Սիրիայում հնարավոր իշխանափոխությունը խրախուսվում է նաև այս երկրում հաստատվելիք նոր վարչակարգի շրջանակներում Սիրիայի սուննիական համայնքի ազդեցիկ դերակատարության առումով: Այս առումով Էր-Ռիադի հետ միևնույն դաշտում է հանդես գալիս նաև Կատարը:
Թուրքիայի շահերը և նկրտումները
Իսլամական գործոնի տեսանկյունից խնդիրը հետաքրքրական է նաև Թուրքիայի համար: Սիրիայում նոր վարչակարգի ստեղծումը Անկարայի համար նշանավորվում է այս երկրում քաղաքական և տնտեսական ազդեցության ընդլայնմանը զուգընթաց նաև «նեոօսմանիզմի» գաղափարները կյանքի կոչելու հնարավորությամբ: Այս համատեքստում Անկարան սիրիական ճգնաժամի հենց սկզբից անմիջական մասնակցություն ունեցավ սիրիական ընդդիմության ձևավորման գործում և նրա վրա «վերահսկողություն» հաստատելու նպատակով գործունեության հարթակ տրամադրեց հակաասադյան ուժերի թե քաղաքական, թե ռազմական հատվածներին (Թունիսից հետո Սիրիայի բարեկամների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հենց Թուրքիայում): Սիրիական իրադարձությունների սկզբնական շրջանում իր տարածքում ապաստան տալով ոչ մեծ քանակությամբ սիրիացի փախստականներին Անկարան շրջանառության մեջ դրեց Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ստեղծելու հավանականությունը, ինչը մինչ օրս դիտարկվում է որպես սիրիական ճգնաժամին արտաքին միջամության հնարավոր տարբերակներից մեկը:
Բավականին խայտաբղետ էթնիկ և կրոնական կազմ ունեցող Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններից անմասն չեն մնացել նաև այս երկրում առկա փոքրամասնությունները: Հայաստանի տեսանկյունից ներսիրիական զարգացումները կարևորվում են հայ-սիրիական հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթով և այդ երկրում մեծաթիվ ու բավականին կազմակերպված հայ համայնքի (շուրջ 75 հազար) առկայությամբ: Բաասական վարչակարգի օրոք համայնքը հասել է կրոնական, մշակութային և տնտեսական զգալի ձեռքբերումների: Հետևաբար, բնական է, որ վայելելով Սիրիայի իշխանությունների և նաև հասարակության համակրանքը`սիրիհայերը դրսևորում են իշխանամետ դիրքորոշում` ներկա վարչակարգի պահպանման մեջ տեսնելով իրենց ապահովության երաշխիքը.ի թիվս այլ ազգային և կրոնական համայնքների, հայկականը ևս այն համոզմունքին է, որ սիրիական «ընդդիմության» հնարավոր հաղթանակը կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ, առավել ևս, եթե երկրում իշխանության գան կրոնաքաղաքական ուժեր:
ՀՀ դիրքորոշումը
Ինչ վերաբերում է սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի Հանրապետության որդեգրած դիրքորոշմանը, ապա այն իրավաչափ է և բխում է միջազգային իրավունքի նորմերից և հիմնարար սկզբունքներից: Երևանի և սիրիահայ համայնքի միջև գործում է մշտական կապ և ընթանում են ակտիվ խորհրդատվություններ` համապատասխանեցնելու խնդրի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները. ՀՀ –ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիրիայի վերաբերյալ երկու բանաձևերի քվեարկությանն էլ ձեռնպահ է քվեարկել:
Որպես ամփոփում կարելի փաստել, որ ներսիրիական խնդրի բավականին բազմաշերտ բնույթը, ՍԱՀ աշխարհագրական դիրքը, հարևանների հետ ունեցած շատ յուրօրինակ և նաև ընդհանուր խնդիրները կարող են անկանխատեսելի և չափազանց վտանգավոր հետևանքներ ունենալ հակամարտությանը հնարավոր ռազմական միջամտության դեպքում. սա պետք է գիտակցվի հակամարտությանը ներգրավված բոլոր խաղացողների կողմից: Այս պարագայում հրատապ և օրակարգային է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման խաղաղ ճանապարհը:
Հեղինակ` Հեղինակ` արաբագետ, պ.գ.թ.Արմեն Պետրոսյան
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment