Tuesday, March 6, 2012

Համանախագահները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ծրագիր են առաջարկում

HayNews.am. 6-3-2012- ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը երեքշաբթի օրը Բաքվում հայտարարությամբ են հանդես եկել տարածաշրջան կատարած իրենց այցի արդյունքների վերաբերյալ։ Նշելով, որ մարտի 2-6-ը այցելել են Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու, ուր հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, ինչպես նաեւ «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին», համանախագահները տեղեկացնում են, որ կողմերին ներկայացրել են հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ընդունած համատեղ հայտարարությունը կյանքի կոչելուն ուղղված ծրագիր, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիմք առնելով Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործընթացն արագացնելու մասին երկու նախագահների համատեղ պարտավորությունը` միջնորդները կողմերին առաջարկել են քայլեր, որոնք ուղղված են հարատեւ խաղաղության հասնելու հետագա աշխատանքին։ Համանախագահները կողմերի հետ նաեւ քննարկել են շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների վրա աշխատելու մասին Սոչիի հայտարարությունում նշված պարտավորությունների իրականացման հարցը։ Միջնորդները ասել են, թե ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջոցով Ծրագրավորման բարձր խմբին դիմել են կայունության ամրապնդման եւ վստահության բարելավման մեխանիզմ մշակելու խնդրանքով։ Բացի այդ, համանախագահները քննարկել են հումանիտար եւ մարդկային շփումների հնարավորությունը, ինչը պետք է կիրառվի տարածաշրջանի ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահությունը խթանելու համար, եւ այն չպետք է քաղաքականացվի կամ օգտագործվի խաղաղության գործընթացին վնաս հասցնելու նպատակով։ Համանախագահները մտադիր են մարտի 22-ին մեկնել Վիեննա` ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին տեղեկացնելու խաղաղության գործընթացում իրականացված վերջին քայլերի մասին:

No comments: