Tuesday, March 6, 2012

Ս. Սարուխանյան. Հայաստանն Իրանի համար համարվելու է ավելի կարևոր գործընկեր

Panorama.am. 6-3-2012- «Տարածաշրջանի սունիական պետությունները ձգտում են Մերձավոր Արևելքում ուժեղացնել ԱՄՆ-ի ազդեցութունը և նվազեցնել Իրանինը: Այս առումով, Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն ագրեսիվ կդառնա: Սիրիայում ևս Իրանն ավելի մեծ ակտիվություն կդրսևորի»,- այսօր անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին ասաց իրանագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը: Շարունակելով միտքը` իրանագետը հավելեց. «Ես ակնկալում եմ իրանաթուրքական հարաբերությունների որոշակի վատթարացում: Այդ տեսակետից Հարավային Կովկասում տարվող քաղաքականության շրջանակներում Իրանի համար բավականին կարևորվելու է Հայաստանի դերը»: Այս առումով բանախոսը երկու համատեքստ առանձնացրեց` թուրք-իրանական հարաբերություններ և իրանաադրբեջանական հարաբերություններ: Ս. Սարուխանյանի կարծիքով` Հայաստանն Իրանի համար այսուհետ համարվելու է ավելի կարևոր գործընկեր: Ապա, անդրադառնալով Արևմուտքի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման հավանականությանը` Ս. Սարուխանյանը նշեց. «Իսրայելը ստիպում է Միացյալ Նահանգներին ռազմական հարված հասցնել Իրանին կամ աջակցել իրեն` այդպիսի հարված հասցնելու գործում, սակայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ը խուսափում է դրանից»: Բանախոը ԱՄՆ-ի` ռազմական գործողություններից ձեռնպահ մնալը բացատրեց նրանով, որ վերջին տարիներին ԱՄՆ-ին դժվարությամբ հաջողվել է Իրաքում հասնել կայունության: «Եվ դա միայն այն բանի շնորհիվ, որ Իրաքում գործող Իրանի կողմից հովանավորվող շիա կազմակերպությունները գնացել են այդ բալանսի ձևավորմանը: Իրանին հարվածելու դեպքում, վերջինս ունի այն լծակները, որ Իրաքում կրկին քաղաքացիական պատերազմ հրահրի»,- հավելեց բանախոսը:

No comments: