Saturday, March 3, 2012

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է ընդլայնվեն. Դեվիդ Ֆիլիփս

Tert.am., 2-3-2012- ԱՄՆ-ի Կոլումբիայի Համալսարանի Մարդու Իրավունքների պաշտպանության ինստիտուտի տնօրեն Դեվիդ Լ. Ֆիլիփսը հրատարակել է մի զեկույց` «Դիվանագիտական Պատմություն`արձանագրություններ» վերնագրով, որը լայնորեն քննարկվել է ԱՄՆ-ի կոնգրեսում և Պետքարտուղարությունում: Զեկույցը հիմնված է հայ, թուրք, շվեյցարացի, և ամերիկացի դիվանագետների հայտարարությունների վրա, որոնք հայ-թուրքական արձանագրությունների կազմելու գործընթացին անմիջական մասնակցություն են ունեցել, տեղեկացնում է Hurriyet Daily News-ը: Զեկույցի հեղինակը գլխավոր շեշտը դրել է 2 հիմնական հարցի վրա` «Ինչու՞ արձանագրությունները անհաջողության մատնվեցին» և «Ի՞նչ է պետք այժմ անել»: Հեղինակն անդրադարձել է վերջին շրջանի հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Գյուլի «ֆուտբոլային» հանդիպմանը, նշելով որ դրանից հետո ևս 7 պաշտոնական հանդիպում է կայացել կողմերի միջև: Անդրադարձ է արվել նաև Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի արձագանքներին, որը բազմիցս ասել, որ «Հայ-թուրքական» արձանագրությունները լուրջ չի ընդունում: Նշվում է նաև 2009թ «Ճանապարհային քարտեզի» մասին, հատկապես շեշտելով, որ «դա հայկական կողմի սխալն էր, որը ստորագրվեց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից ընդամենը 2 օր առաջ, և որի մասին հանրությանը որևէ տեղեկատվություն չտրամադրվեց»: Զեկույցում քննադատության է արժանացել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով ասել է, որ Երևանում և Անկարայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատները «չկարողացան ստեղծել երկխոսության բավարար պայմաններ»: Ֆիլիփսը, զեկույցի «Ի՞նչ է պետք այժմ անել» հատվածում նշում է մի քանի կարևոր քայլերի մասին, որոնք ըստ վերլուծաբանի` անհրաժեշտ են Հայ-թուրքական հարաբերությունների ընդլայնման համար: Նախ պետք է կանոնավոր չվերթներ իրականացվեն Երևան-Վան երթուղով: Անիի կամուրջը պիտի նորոգվի և Հայաստանցի զբոսաշրջիկներին թույլատրվի ճանապարհորդել այնտեղ: Երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի վաճառք պիտի թույլատրվի: Օպտիկամանրաթելային մալուխները պետք է հասնեն մինչև Երևանի արդյունաբերության Ազատ գոտի: Նշվում է նաև հետազոտողների համատեղ խումբ ստեղծելու մասին, որոնք միջազգային պահոցների միջոցով կընտրեն երկու երկրների տարածքում գտնվող պատմական նշանակության կոթողները, որոնք հետագայում կվերանորգվեն: Ֆիլիփսը կոչ է անում Հայոց ցեղասպանության թանգարանում, հատուկ անկյուն հատկացնել այն թուրքերի համար, որոնք ցեղասպանության ժամանակ օգնել են հայերին: Որպես հետգրություն նշվում է, որ այս առաջարկները կարող են Անկարայի համար «լույսի ճանապարհ» դառնալ, քանի որ 2015թ.-ը` Հայոց ցեղասպանության հարյուրամյակը մոտենում է:

No comments: