Saturday, March 17, 2012

Միջազգային լրատվամիջոցները ԼՂ հարցին բավարար ուշադրություն չեն դարձնում. Ջ. Ապաթուրայ

Tert.am. 16-3-2012- Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայն իր տեսաուղերձում մեկնաբանել է, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն Ղեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորմանը միջամտելու պլաններ չունի», - ասել է նա: Պաշտոնյան նշել է, որ իրենք աջակցում են ներկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընթացող բանակցություններին: «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մենք լսել ենք նախագահների հայտարարություններն այն մասին, որ նրանք միտված են խնդրի խաղաղ կարգավորմանը», - ասել է Ապաթուրայը` ընդգծելով, որ Մինսկի խումբը հատկապես վերջին շրջանում բախվել է լուրջ դժվարությունների հետ: Ապաթուրայի խոսքերով` վերջին շրջանում ռազմական հռետորաբանությամբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ իր ռազմական հնարավորությունները: «ՆԱՏՕ-ն հուսով է, որ հակամարտության լուծումը կգտնվի, սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ դաշինքն այդ գործընթացում ներգրավված չէ: Մենք միայն պատրաստ ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի Խմբին` խաղաղ կարգավորմանն ուղղված հարցերում», - ասել է Ապաթուրայը: Ապաթուրայն արձանագրել է, որ միջազգային լրատվամիջոցները բավարար ուշադրության չեն արժանացնում այս տարածաշրջանը, սակայն այն իրականում կարևոր` ռազմավարական նշանակություն ունի դիրքի, պոտենցիալի և էներգետիկ ռեսուրսների տարանցման առումով: Նա կարևորել է ԼՂ հարցի խաղաղ կարգավորումը`հիմնված միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքների հիման վրա:

No comments: