Wednesday, March 7, 2012

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են ներկայացրել Սոչիի համաձայնագրի իրականացման պլանը

Երեւան: Մեդիամաքս: 6-3-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում կողմերին են ներկայացրել նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի` հունվարի 23-ին Սոչիում արված հայտարարության իրագործման պլանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է համանախագահների` Երեւան, Լեռնային Ղարաբաղ եւ Բաքու կատարած այցերի արդյունքում արված հայտարարության մեջ: Հիմնվելով հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուն ուղղված համատեղ հայտարարության վրա` միջնորդները կողմերին են ներկայացրել այն քայլերը, որոնք պետք է իրագործվեն հետագա աշխատանքում խաղաղության ամբողջական համաձայնագրի շրջանակում: Համանախագահները կողմերի հետ քննարկել են նաեւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանն ուղղված աշխատանքների շարունակման հնարավորությունները, ինչի մասին ասվում է Սոչիի համատեղ հայտարարության մեջ: Միջնորդները հաղորդել են, որ ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի միջոցով իրենք դիմել են Բարձր մակարդակի պլանավորման խմբին, որպեսզի խումբը մշակի այդ մեխանիզմը` որպես կարեւորագույն քայլ կայունության եւ վստահության բարձրացման համար: Միջնորդները նաեւ քննարկել են մարդասիրական հարցեր, բնակչության միջեւ շփումներ, որոնք պետք է խթանեն փոխըմբռնումը տարածաշրջանի ժողովուրդների միջեւ եւ չպետք է քաղաքականցվեն `խաղաղ գործընթացին ի վնաս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պլանավորում են մարտի 22-ին այցելել Վիենա, որպեսզի տեղեկացնեն ԵԱՀԿ Մշտական խորհուրդը խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող վերջին քայլերի մասին:

No comments: