Tuesday, March 6, 2012

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ

Բրյուսելում այսօր, քիչ առաջ ավարտվել է աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: Արդեն մեկնարկել է «Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան» նիստը: Օրվա ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ: Հանրապետության ղեկավարն այսօր ելույթ կունենա նաև Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Ավելի վաղ՝ երեկ երեկոյան, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախագահը կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը: «Շնորհակալ եմ, որ դուք ապացուցում եք, որ կարելի է լինել բելգիացի և պահպանել, զարգացնել հայկական ինքնությունը»,-Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի և հայրենիքի միջև, և իր ցանկությունն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան: «Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնությունը՝ իրենց նպաստը բերելով հայ-բելգիական բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը: Ասածս ճշմարիտ է յուրաքանչյուրիդ համար առանձին-առանձին և բոլորիս համար միասին: Մենք ուժեղ ենք մեր վառ անհատականություններով, բայց առավել ուժեղ ենք մեր միասնությամբ»,-հանդիպման մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահն իր ներածական խոսքում, այնուհետ նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է Բելգիայի, Եվրոպական միության և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի հարաբերություններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և մի շարք այլ հարցերի: Նախագահը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ հարաբերություններում, և այսօր բանակցում է մի կողմից Ասոցացման համաձայնագրի, իսկ մյուս կողմից՝ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ու մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու շուրջ, ինչը զգալի խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման ու հարաբերությունների զարգացման գործում:

No comments: