Wednesday, March 7, 2012

«Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը կլինի տևական և կործանարար». Սաբինա Ֆրեյզեր

1in.am. 7-3-2012- Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Մեկ տարի առաջ ICG-ն հրապարակեց «Հայաստան և Ադրբեջան. պատերազմի կանխում» խորագրով զեկույցը, որում մենք զգուշացրեցինք իրավիճակի սրման հնարավորության մասին, քանի որ երկու կողմն էլ մասնակցում են սպառազինությունների մրցավազքին, շփման գծում բախումների էսկալացիային, ռազմաշունչ հռետորիկային, ինչը դանդաղեցնում է բանակցային գործընթացը: Ադրբեջանում և Հայաստանում առկա են ուժեր, որոնք կարծում են, որ կարող են հասնել արագ հաղթանակի: Սակայն մեր զեկույցում նշված է, որ յուրաքանչյուր պատերազմ կլինի տևական և ծանր: Ադրբեջանի զինված ուժերը կազմում են 95,000 մարդ, իսկ Հայաստանինն ու Լեռնային Ղարաբաղինը՝ մոտ 70,000 մարդ: Գնալով կողմերի զինանոցները դառնում են ավելի ու ավելի մահաբեր և ունակ են տևական պատերազմ մղելուն: Դրանք կարող են հասնել խոշոր բնակավայրերին, կենսական նշանակություն ունեցող ենթակառույցներին ու հաղորդկացության ուղիներին: Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կլինի այն, որ հայկական զորքերն ունեն մարտավարական առավելություն, քանի որ նրանք վերահսկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած բարձունքների մեծ մասը: Բացի Ֆիզուլուց ու Ջեբրաիլից, յուրաքանչյուր հարձակում կվերածվի բարդ լեռնային ռելիեֆում ծանր պայքար մղելուն, իսկ Ադրբեջանից պահանջվում է նվազագույնը եռակի առավելություն կենդանի ուժի ու սպառազինության հարցերում: Լիովին հնարավոր է, որ տարածաշրջանային պետություններն էլ կներքաշվեն այդ պատերազմի մեջ՝ թեև Ռուսաստանն ու Թուրքիան ներկայումս մոտ ռազմավարական դաշնակիցներ են: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կփորձի ապահովել Ռուսաստանի ռազմական միջամտությունը՝ հենվելով ՀԱՊԿ-ի շրջանակներում նրա ստանձնած պարտավորությունների վրա: Դժվար է ասել, թե արդյոք ռուսներն ուղղակի մասնակցություն կցուցաբերե՞ն այդ պատերազմում: Սակայն Գյումրիի ռուսական ռազմաբազայի համաձայնագիրը փոփոխության ենթարկվեց 2010 թվականի օգոստոսին: Ստորագրված փաստաթուղթն իրենում ներառում է անվտանգության երաշխիքներ՝ ընդդեմ Հայաստանի անվտանգության ընդհանուր սպառնալիքների: Հայ-ռուսական ռազմական համաձայնագրի թարմացումից մեկ օր առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 16-ին, Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության ու փոխօգնության մասին պայմանագիր, որով նախատեսվում է աջակցել միմյանց բոլոր հնարավոր միջոցներով՝ նրանցից մեկի հարձակման ենթարկվելու դեպքում: Ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ վնաս կպատճառի էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի շահերին, Հարավային Կովկասի զարգացմանը, դեպի Եվրոպա էներգակիրների տարանցիկ երթուղիներին: Լայնամասշտաբ պատերազմը սպառնալիքի տակ է դնում Կովկասյան միջանցքը, որի օդային տարածքին բաժին է ընկնում Կենտրոնական Ասիայում ու Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի բազաների ավիափոխադրումների մոտ 70 տոկոսը: Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի համար «հիմնարար սկզբունքները» հանդիսանում են հիանալի պլան՝ այդ հակամարտության կարգավորման հարցում առաջ ընթանալու համար: Սակայն հասկանալի է, որ հակամարտող կողմերը բոլոր մակարդակներում չեն վստահում միմյանց՝ սկսած նախագահներից, վերջացրած հասարակ մարդկանցով: Դա դժվարացնում է «հիմնարար սկզբունքների» շուրջ համաձայնության գալու գործընթացը: Կողմերը պետք է վստահ լինեն, որ իրենք պետք է դանդաղորեն, սակայն անխուսափելիորեն գրանցեն առաջընթաց և կարողանան պայմանավորվածության գալ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ: Այդ գործընթացը սկսելու համար նրանց անհրաժեշտ է վստահություն: Միջազգային հանրությունը չի կարող պարզապես գալ և բերել որևէ որոշում: Ներկայիս դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հստակեցման շուրջ»: Ֆրեյզերը հավելել է, որ իրենց հաջորդ զեկույցը նվիրված է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխություններին (օրինակ, դրանում Ֆրանսիային կարող է փոխարինել ԵՄ-ը):

No comments: