Tuesday, March 13, 2012

Ղարաբաղը բարդույթ է ռուսների համար

Ինչի՞ վրա է հիմնվում ռուսների ինքնավստահությունը, որ տվյալ նախագիծը հաջողությամբ կիրականացվի, եւ Հայաստանն ինքը կկնքի իր մահվան դատավճիռը: Սա թերեւս ամենակարեւոր հարցն է այս ամբողջ խաղում: Զարմանալին այն է, որ, ըստ էության, ռուսական ողջ քաղաքական եւ նախագծող-վերլուծական իստեբլիշմենտը խորապես համոզված է, որ հայ ժողովուրդը եւ նրա ղեկավարությունը պետք է երախտապարտ լինեն Ռուսաստանին ղարաբաղյան թեմայի նման հանգուցալուծման համար: Բազմիցս, ամենատարբեր մակարդակներում, փորձագիտական հանրությունից մինչեւ Պետդումայի հանձնաժողովներ ու Ռուսաստանի ԱԳՆ համապատասխան բաժիններ, մեծ զարմանքով են ընդունում նման որոշումների անհնարինությունը: Երեւում է, Ռուսաստանի համապատասխան վերլուծական եւ տեղեկատվական-հետախուզական ծառայությունները համապատասխան աշխատանք են կատարել եւ գնահատականներ տվել հայերի լիակատար բարոյալքման, հայերի կողմից ցանկացած որոշում, որ կապահովի նրանց «հանգիստ» կյանքը, ընդունելու պատրաստակամության մասին: Դա, հնարավոր է, ղարաբաղյան թեմայով որոշում ընդունելու օպերացիոն համակարգում գլխավոր փաստարկն է: ԱԳՆ ընդամենը փորձում է իրականացնել այդ քաղաքականությունը, որը համարվում է նախագահի աշխատակազմում մի խումբ մարդկանց մշակումը, որոնք նման գնահատականներում համոզվածություն ունեն: Օրինակ, որպես կարեւոր փաստարկ, բերվում է այն, որ Դաշնակցություն կուսակցությունը լիովին հավանություն է տալիս ռուսական ծրագրին, այսինքն՝ տարածքների հանձնմանը եւ խաղաղապահներ մտցնելուն, ի նկատի չունենալով կարգավիճակի որոշումը: Ի դեպ, բանակցություններում չի հիշատակվում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», որպես պետականության անվանում: Այսինքն, խոսքը ոչ միայն կարգավիճակի որոշման բացակայության մասին է, այլեւ ԼՂՀ չեզոքացման: Եւ դա պատահական չէ: Ռուսների համար ԼՂՀ-ն հետխորհրդային տարածքի քաղաքական նոր կոնֆիգուրացիայի էլեմենտի հիշեցում է: ԼՂՀ-ն ռուսական ազգային գիտակցության համար չափազանց ճչացող հասկացություն է: 20-ական թվականներին Հայաստանը բաժանվեց, նրանից խլվեցին պատմական գավառները, իսկ հետո մնացած տարածքում զարգացավ տնտեսությունը եւ սոցիալական ոլորտը, քանի որ Հայաստանի լիակատար ոչնչացումը անդառնալի հարված կհասցներ ռուսական ռազմավարությանը: Ռուսները Ղարաբաղի պատկանելը Հայաստանին մշտապես համարել են անհիմն ճոխություն հայերի համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ղարաբաղյան զինված ուժերի, քրիստոնեական պատկանելության մասին ցանկացած դրական հիշատակում 20 տարի շարունակ գործնականում ցանկացած ռուսի, հատկապես՝ քաղաքական գործիչների ու փորձագետների մոտ առաջացրել է ատելություն ու շփոթ: Ինչ վերաբերում է Մեդվեդեւի խոստումներին, ապա լավ կլիներ հարց տալ՝ իսկ ինչո՞ւ են հենց հիմա ի հայտ եկել այդքան շատ հավակնոտ առաջարկներ: Դժվար թե ռուսները ատոմակայան կառուցեն Հայաստանում: Ի՞նչ կարիք կա նման լուրջ օբյեկտ կառուցել մեռնող ու շպրտված երկրում: Ուրանը գուցեեւ նրանք արդյունահանեն, դա իրենց է պետք: Ատոմակայաններ ռուսները կկառուցեն Թուրքիայում եւ Ադրբեջանում: Իգոր Մուրադյան

No comments: