News.am. 12-3-2012-Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը թուրքական Taraf թերթին տված հարցազրույցում հայտնել է, թե փետրվարի 26-ին Ստամբուլում Խոջալուի իրադարձությունների անվան տակ կազմակերպված հակահայկական ցույցին աջակցել են թուրքական իշխանությունները։
Թաներ Աքչամը նշել է, թե հակահայկական կարգախոսները եղել են նաեւ մինչ ցույցի օրը։ «10 օր շարունակ Ստամբուլի փողոցներում փակցված են եղել մեծ պաստառներ. «Մի հավատա հայերի ստերին» գրությամբ։ Այնուհետ հայերի հանդեպ թշնամություն սերմանելը տարածվեց հենց ցույցի ժամանակ, որին մասնակցեց Ներքին գործերի նախարարը։ Ես վարչապետ Էրդողանին եմ հարցնում։ Եթե Գերմանիայում, ԱՄՆ-ում փողոցներում եւ մետրոներում մեծ պաստառների վրա գրված լինեն. «Մի հավատացեք թուրքերի ստերին», Էրդողանն ի՞նչ կասեր։ Թուրքական իշխանություններին աջակցող Star, Yeni Safak, Zaman եւ Akit թերթերը ի՞նչ կասեն։ Թուրքիայում միշտ էլ ռասիստական, ազգայնամոլական ալիքներ կան, սակայն մինչ Թաքսիմի ցույցն իրենց այդպես բացահայտ չէին ներկայացրել։
Խոջալուի հիշատակման ցույցի իմաստն այն էր, որ Թուրքիայի հայ քաղաքացիները կյանքի անվտանգություն չունեն։ Չունեն, քանի որ կա նման Ներքին գործերի նախարար, ով հայտարարում է, թե թափված արյունը գետնին չի մնա։
Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը եւ թուրքական իշխանություններն այս ցույցն իրականացրեցին դրա դեմ։ Թուրքական իշխանությունները սրանով ասացին. «Եթե ինձ նեղեք, ես էլ Թուրքիայի ազգայնականներին Խոջալույով կհրահրեմ»։ Ցույցի իրականացմանը ֆինանսապես աջակցել են նաեւ ադրբեջանական ընկերություններ»,-ասել է Թաներ Աքչամը։
Tuesday, March 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment