Wednesday, March 7, 2012

Արամ Աթեշյանը պահանջել է Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել բոլորին թուրք որակող կետը

1in.am. 7-3-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքական իշխանությունների հետ նոր Սահմանադրության մշակման շուրջ քննարկումների ժամանակ պահանջել է Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել այն կետը, ըստ որի՝ Թուրքիայում ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք. «Հին Սահմանադրության մեջ առկա այդ կետը սխալ է: Բնականաբար, մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, սակայն բոլորը չէ, որ ազգությամբ թուրք են: Այո՛, մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, սակայն մենք հայեր ենք: Այս հարցում պետք է ուղղումներ մտցնել, այլապես ստացվում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, մինչդեռ իրականում դա այդպես չէ: Ստացվում է, որ ես անգամ չեմ կարող դառնալ ոստիկան, եթե ես ազգությամբ թուրք չեմ»: Նշվում է, որ նոր Սահմանադրության նախագծի քննարկումները պետք է տևեն մինչև ապրիլի 30-ը: Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածի մասին է, որը բխում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ խոսքերից. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»: Ի դեպ, ներկայումս Թուրքիան նոր Սահմանադրության մշակման համար ուսումնասիրում է 60 երկրների Սահմանադրություն:

No comments: