Wednesday, March 7, 2012

Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Նախիջեւանում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները

News.am. 7-3-2012- Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովը, Ահմեդ Դավութօղլուն եւ Ալի Աքբար Սալեհին այսօր` մարտի 7-ին ժամանել են Նախիջեւանում: Երեք երկրների արտաքին գործերի նախարարները դռնփակ հանդիպում են ունեցել Նախիջեւանի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ: Եղել են նաեւ երկկողմ հանդիպումներ, հաղորդում է «Նովոստի Ազերբայջան»-ը: SalamNews-ի փոխանցմամբ, Դավութօղլուի եւ Մամեդյարովը քննարկել են տարածաշրջանում կայունության հաստատման եւ բարգավաճմանը նպաստող համատեղ ծրագրերի իրականացման խնդիրներ, ինչպես նաեւ Հարավային Կովկասի դրությունը: Այսօր կկայանան նաեւ եռակողմ դռնփակ հանդիպումներ, իսկ այնուհետեւ ավելի ընդգրկուն կազմով հանդիպումներ կանցկացվեն: Հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույց տեղի կունենա լրագրողների համար: Ակնկալվում է, որ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն հարցեր փոխադարձ հետաքրքրության շրջանակներում, այդ թվում տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ: Նախարարները մտադիր են դիտարկել նաեւ տարածաշրջանում կայունության հաստատման եւ դրա բարգավաճմանը նպաստող համատեղ ծրագրերի իրականացման խնդիրներ: Նշենք, որ այդ ձեւաչափող առաջին հանդիպումը կայացել է իրանական Ուրմիա քաղաքում, իսկ հաջորդն արդեն Թուրքիայում կկազմակերպվի:

No comments: