Saturday, March 10, 2012

Հրապարակային դատ Մաշտոցի պուրակում

«Լրագիր» 10-3-2012- Կոչ-հայտարարություն ՀՀ Քաղաքացիական պետության բոլոր քաղաքացիներին և բնակիչներին Կրկին անգամ և լիարժեք կերպով տերը դառնալով մեր հանրային տարածքին և սեփականությանը և գործելով հանուն հանրային շահի, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և մասնավորապես երկրորդ հոդվածը, այն է` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ. Արդեն 27 օր է, ինչ մենք` ՀՀ քաղաքացիներս ու բնակիչներս, կենսագործում ենք մեր Սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները և լինելով այս հանրային տարածքի ու սեփականության տերը, մեր քաղաքի և պետության տերը` պահանջել ենք մեր ծառայողներից` քաղաքային և այլ մարմինների ներկայացուցիչներից, կատարել իրենց Սահմանադրական գործառույթներն ու պարտականությունները, որի համար էլ վճարվում են հանրության կողմից: Մեր հստակ ու օրինական պահանջին նրանք արդեն ինչքան ժամանակ է որևէ հստակ և իրավական պատասխան չեն տալիս, այլ խուսափում են, փորձում են խճճել կամ երկարաձգել գործընթացը: Փաստելով նրանց անգործությունը` մենք կյանքի ենք կոչում «Քաղաքացիական անկախ ու արդար դատարան», որը կոչված է քննելու հանրային ունեցվածքի ու ազգային հարստության զավթման, կողոպտման, մասնավորեցման հիմնախնդիրը մեր պետությունում: Քաղաքացիական անկախ և արդար դատարանի գործընթացների հիմքում դրվելու են ՀՀ Սահմանադրական իրավունքները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Բոլոր դատավարությունները լինելու են թափանցիկ, բաց և հրապարակային: Կատարվելու է օնլայն հեռարձակում: Բոլորի մուտքն ազատ է ու մասնակցությունը` խրախուսելի: Դատական առաջին նիստի ժամանակ կներկայացվի դատավարության ընթացակարգը և պատիժները: Դատարանի ընդունած որոշումներն անբեկանելի են ու ենթակա են անհապաղ իրականացման: Բոլոր քաղաքացիներն ու բնակիչները, կազմակերպությունները, միությունները և այլ տեսակի կառույցները, որոնց հանրային սեփականությունը կամ ունեցվածքը խլվել կամ կողոպտվել է, կարող են դիմել Քաղաքացիական անկախ ու արդար դատարանին այստեղ` Մաշտոցի պուրակում, տրամադրել տեղեկատվությունը և հայց ներկայացնել դատարան գործը քննելու համար: Բոլոր այն քաղաքացիները, բնակիչները, որոնց մասնավոր սեփականությունը խլվել է «հանրային շահի համար», նույնպես կարող են դիմել մեզ` արդարացի, ժողովրդական և անկախ որոշում ստանալու համար: Կոչ ենք անում բոլոր գյուղերի, քաղաքների, մարզերի քաղաքացիներին ու բնակիչներին` Քաջարանից մինչև Թեղուտ, Մաշտոցի պուրակից մինչև Դալմայի այգիներ, միանալ մեր քաղաքացիական անկախ ու արդար հրապարակային դատավարություններին` իրենց իրավունքների և մեր բոլորիս քաղաքացիական պետության կերտմանն ի խնդիր: Քաղաքացիական անկախ ու արդար դատարանի առաջին հրապարակային դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 13.00-ին Երևանի Մաշտոցի պուրակում: Առաջին գործը Մաշտոցի պուրակի հանրային տարածքի ու սեփականության պաշտպանության դատն է, որտեղ հանրությունը հանդես է գալու ընդդեմ քաղաքային իշխանությունների: Մինչ վճռի հրապարակումը դատարանի որոշումով Մաշտոցի պուրակի գույքը կալանքի տակ է առնվում: Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ

No comments: