«Լրագիր» 5-3-2012-Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հասցեին Տեր-Պետրոսյանի արած այն հայտարարությունը, թե նա «խորտակված նավ» է, բավական ուշագրավ հիշեցում է արել, նշելով, թե Քոչարյանը մինչեւ այժմ պարտություն չկրած նախագահ է եւ «դեռեւս մեր հանրապետության միակ ղեկավարն է, ով երկու նախագահական ժամկետ է աշխատել»:
Ինչ է ակնարկում դրանով Ռոբերտ Քոչարյանը կամ նրա գրասենյակի ղեկավարը: Իհարկե, Քոչարյանը դեռեւս միակ նախագահն է, որ երկու լրիվ նախագահական ժամկետ է պաշտոնավարել, բայց մյուս կողմից էլ Հայաստանը ընդամենը երեք նախագահ է ունեցել, որից մեկինն էլ դեռ ընդամենը առաջին ժամկետն է ընթացքի մեջ:
Այդ պայմաններում, արտահայտությունը, թե Քոչարյանը դեռեւս միակ նախագահն է, որ երկու ժամկետ է պաշտոնավարել, շատ հիշեցնում է արտահայտության, երբ ասվում է, որ ասենք իքս թիմը պատվավոր երրորդ տեղն է գրավել մի մրցաշարում, որն ունի ընդամենը երեք մասնակից թիմ:
Մյուս կողմից, արդյոք Քոչարյանն այդ երկու ժամկետների մասին հիշեցնելով եւ շեշտելով, որ ինքը դեռեւս միակ այդպիսի նախագահն է Հայաստանում, ոչ միայն Տեր-Պետրոսյանին է պատասխանում, այլ նաեւ ակնարկ է հղում Սերժ Սարգսյանին, որոշակի ենթատեքստով կասկած հայտնելով, թե նա կարող է երկրորդ անգամ նախագահ դառնալ կամ այդ ժամկետը հասցնել ավարտին:
Ընդհանրապես, պաշտոնաթողությունից հետո, Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի այս կամ այն առիթով հայտարարություններից հետո մշտապես պատասխանելով նրան, այդ պատասխանները հմտորեն համեմել է նաեւ Սերժ Սարգսյանին ուղղված, եւ ենթատեքստերում կսմիթներ պարունակող ակնարկներով:
Կարծես թե այս անգամն էլ բացառություն չէ: Ընդ որում, հավանական է նաեւ, որ Տեր-Պետրոսյանն էլ հմտորեն «որսացել» է այդ ավանդույթը եւ Ռոբերտ Քոչարյանին գնահատականներ տալով, նրան փաստացի ստիպում է ինչ որ ակնարկներ անել նաեւ Սերժ Սարգսյանի հասցեին, քաջ գիտենալով, որ Քոչարյանը չի դիմանալու գայթակղությանն ու անպայման պատասխանի է դուրս գալու:
Ընդ որում, չի էլ բացառվում, որ իր պատասխաններում Տեր-Պետրոսյանին «շշպռելուց» բացի ակնարկներ անելով նաեւ Սերժ Սարգսյանի հասցեին, Ռոբերտ Քոչարյանը նրանից ընդամենը դժգոհում է այն կապակցությամբ, որ մինչեւ այժմ չի լուծել Տեր-Պետրոսյանի հարցն, ու նա դեռ միտինգներ է անում եւ հայտարարություններ թույլ տալիս Քոչարյանի հասցեին: Ըստ ամենայնի, Քոչարյանն ընդամենը այդ պահանջն է ներկայացնում Սերժ Սարգսյանին: Ի դեպ, դեռեւս 2008 թվականի հետնախագահական իր հարցազրույցներից մեկում էլ երկրորդ նախագահը բաց տեքստով էր ասել, որ եթե ինքը լիներ նախագահ, ապա ընդդիմության առաջնորդը ներկայում բանտում կլիներ:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment