Tuesday, March 13, 2012

Ադրբեջանցի փորձագետ. Յուրացումների արդյունքում ադրբեջանական բանակը չի զարգանում

Panorama.am. 12-3-2012-Ադրբեջանի զինված ուժերի կազմում գտնվող Ներքին և Սահմանային զորքերի ու բանակի պայմանների, սննդի և տեխնիկական հագեցվածության միջև որակային լուրջ տարբերություններ կան, ինչը կապված է երկրի բանակում կոռուպցիայի ավելի լայն տարածման հետ: faktxeber.com-ը գրում է, որ Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերենլիի կարծիքով` դրա գլխավոր պատճառն այն է, որ զինված ուժերի համար հատկացված հսկայական ֆինանսական միջոցների ծախսման կանոնները մութ են հասարակության համար, մրցույթներն անցկացվում են փակ պայմաններում, կաշառակերության և կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ կան: «Այդ բոլոր յուրացումների արդյունքում զինվորի սնվելու, հագնվելու մեջ լուրջ անբավարարվածություններ են ի հայտ եկել: Դրան գումարած էլ` զինված ուժերում ապօրինի դրամահավաքներ են կատարվում: Բանակում զինվորականների կարիերիայի հնարավորությունները սահմանափակվում են, սոցիալական անարդարություն է տիրում», -ասել է նա` նշելով, որ ամեն օր բանակից գանգատներ են ուղղվում իշխանության վերին ատյաններին, սակայն, այդպես էլ ոչինչ չի փոխվում: «Ներքին և Սահմանային զորքերում կարգուկանոնը, զինվորների խնդիրները լուծելու պատրաստակամությունը փոքր ինչ բարձր է, քան ազգային բանակում, ինչը գալիս է այդ կառույցների ղեկավարության` առավել պատրաստվածությունից: Սակայն նույնը չի կարելի ասել բանակի մասին: Հակառակը, մամուլում բազմաթիվ տեղեկություներ են հրապարակվել բանակում ծառայության վատ պայմանների, ոջիլի տարածված լինելու մասին: Բացի այդ, պաշտպանության նախարարության ղեկավարությունն արդեն 20 տարի է` չի փոխվել: Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը այդ պաշտոնում է արդեն 17 տարի, իսկ շտաբի պետ Նեջմեդդին Սադըգովը` 19 տարի: Աշխարհում ոչ մի երկրում, հատկապես հետխորհրդային տարածքում նման երկար ժամկետով պաշտոնավարողներ չկան, ինչն էլ Ադրբեջանի զինված ուժերի զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառներից մեկն է»,- կարծում է Սումերենլին:

No comments: