Thursday, March 15, 2012

Թուրք պատմաբան. Աթաթուրքը քրդերին վախեցնում էր հայերի վերադարձով

Թուրք պատմաբան, սոցիոլոգ Թաներ Աքչամը հարցազրույց է տվել թուրքական «Taraf» թերթին Հայոց ցեղասպանության թեմայով: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը: - Մոտենում է ապրիլի 24-ը: Հայերի հարցը նորից միջազգային օրակա՞րգ է գալու: - Այո, և ավելի ուժգին, քան նախկինում: 2015-ին ընդառաջ ամեն մեկն իր սուրն է բռնում: - Ըստ Ձեզ` ԱՄՆ-ն այս տարի ի՞նչ կանի Հայկական հարցում: -Ամեն դեպքում մեծ փոփոխություն չի լինի ԱՄՆ պահվածքում: Թուրքիայի վրա կշարունակի ճնշում գործադրել ոչ ավելի շատ, քան նախկինում, որովհետև 2012-ի վերջին ԱՄՆ-ում ընտրություններ են լինելու: Օբաման ընտրություններից առաջ վարքագծի փոփոխության չի գնա: Բայց, օրինակ, ենթադրում եմ, որ 2015-ին Օբաման կարտաբերի «ցեղասպանություն» բառը: - Եթե ԱՄՆ-ն, ի վերջո, օգտագործի «ցեղասպանություն» եզրաբառը, դրանից ի՞նչ կփոխվի: - Շատ բան կփոխվի: Իրականում Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Իսրայելն են թույլ տալիս, որ Թուրքիան միջազգային արենայում այժմ այսպես կարողանա «պար գալ ու պտտվել»: Այս եռյակի կողմից ցեղասպանության ընդունման դեպքում Թուրքիան արդեն չի կարողանա մանևրներ անել միջազգային հարթակում: Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը նրան աշխարհից մեկուսացված վիճակի կբերի, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Հարավային Աֆրիկայի ռասիստական պետությունը, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հյուսիսային Կորեան: Հարցն այն չէ, որ Թուրքիան «ցեղասպանություն» բառն ասի: Կարևոր է և պետք, որ Թուրքիան ընդունի 1915-ին մարդկության դեմ կատարված մեծ ոճիրը և ներողություն խնդրի: - Բայց այս հողերում եղած գույքն ու ունեցվածքը կոտորածի հետևանքով ուրիշի ձեռքն է անցել: Ներողություն խնդրելու դեպքում հայկական գույքի վերադարձի և փոխհատուցման հարցն ինչպե՞ս է լինելու: - Աթաթուրքը Սամսունում քուրդ աղաներին գրած մի նամակում ասում էր. «Հայերը կգան և իրենց ունեցվածքը ձեզնից կվերցնեն»: Փաստորեն հայերի հնարավոր վերադարձի և իրենց պատկանող ունեցվածքը հետ վերցնելու հանգամանքը, որպես վախ էր մոտիվացվում Թուրքիայի ազատագրական պատերազմում: Բայց հիմա նման խնդիր չկա, չի էլ կարող լինել: Անհնար է հետ վերցնել ունեցվածք: Դրանում ոչ մեկ թուրք մարդուն թող չփորձի համոզել: Այդ թեման իրականում ազգայանակններն են մեջտեղ բերել և օգտագործում մարդկանց վախեցնելու համար: - Բարի: Բայց այդ դեպքում փոխհատուցման հարցը ինչպե՞ս է լուծվելու: - Փոխհատուցման հարցը երկու երկրների կառավարությունների միջև քննարկելիք թեմա է: Այդ հարցում կանոնն այս է: Այնպես լինի, որ երկու հասարակություններն էլ իրենց խղճի չափով կարողանան բավարարված լինել: Երկու կառավարությունները համատեղ հանձնաժողովներ պետք է հիմնեն և բաց քննարկումներով լուծման հասնեն: Հիշեցնենք, որ Թաներ Աքչամն առաջին թուրք մտավորականներից է, ով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: 1977 թվականին նա ստիպված է եղել լքել Թուրքիան: 1988 թվականից հաստատվել է Գերմանիայում, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերով և 1996-ին Հանովվերի համալսարանում այդ թեմայով դոկտորական թեզ պաշտպանել։ 2002-ին հրավիրվել է դասախոսելու Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանում: Աքչամը հեղինակել է «Խայտառակ գործողություն. Հայոց ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության հարցը» գիրքը: Աղբյուր` Panorama.am. 14-3-2012.

No comments: