In.am. 14-3-2012- Գերմանական Welt Kompakt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության համատեքստում.
«Ես շատ հպարտ եմ, որ այդ երաժշտական մրցույթը մայիսին կայանալու է Ադրբեջանում: Ադրբեջանը հանդիսանում է միջազգային բազմաթիվ կառույցների անդամ և կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայումն առաջնահերթ են համարվում ադրբեջանական պետության համար:
Ադրբեջանում ազատորեն գործում է բազմակուսակցական համակարգը: Կան ընդդիմադիր կուսակցություններ, որոնք ունեն իրենց թերթերն ու տեղեկատվական կայքերը, ուր նրանք կարող են ազատորեն քննադատել կառավարությանը:
Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր միտումնավոր քաղաքականացնում են Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012»-ի անցկացումը, քանի որ դա առաջին հերթին մշակութային և ոչ թե քաղաքական միջոցառում է: Հայաստանը հրաժարվեց մասնակցել այդ մրցույթին, սակայն պետք չէ քաղաքականացնել այդ հարցը և մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները երկար ժամանակ է՝ արդյունք չեն տալիս: Չնայած դրան՝ Ադրբեջանը դեռ պատրաստ է շարունակել այդ բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ստատուս-քվոն անընդունելի է: Ես հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարությունը կցուցաբերի քաղաքական խոհեմություն, որպեսզի մեզ հետ միասին, ի վերջո, գտնի այս խնդրից դուրս գալու ելքը»:
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment