Tuesday, March 6, 2012

ԱՄՆ-ը Հայաստանին հանում է «պահեստից»

Հայաստանին առնչվող քաղաքական նախաձեռնությունների նախագծումը ներկայում, փաստորեն, բացառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-թուրքական հարաբերությունները։ Այժմ որոշակի համաձայնություն կա ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև` կապված Արևելյան Եվրոպայի, այդ թվում` Հարավային Կովկասի հետ։ Այդ համաձայնությունն է մեծապես պայմանավորել ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև որոշումների քննարկման և ընդունման գործընթացների խտությունը։ Պայմանավորվածությունները չեն հանգեցրել որևէ սկզբունքային, առավել ևս արմատական որոշումների, բայց հնարավորություն են տվել նախագծողների ու նախաձեռնողների կազմից հանելու այն քաղգործիչներին, որոնք արտացոլել են տարբեր ընկերությունների ու խմբավորումների շահերը։ Դա, անտարակույս, դրական նշանակություն է ունեցել Հայաստանի համար, քանի որ որոշումներ ընդունող անձանց շրջանակը նկատելիորեն սեղմվել է, ինչը թույլ է տվել միանգամայն սպառիչ վերլուծել իրական գործընթացները։ ԱՄՆ-ի ու Եվրամիության վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանում 2007-ին կայացած խորհրդարանական ընտրությունների բնույթի ու արդյունքների նկատմամբ, երբ, փաստորեն, որևէ բովանդակալից գնահատական չտրվեց դրանց, դարձավ հաստատումն այն վարկածի, որ Արևմուտքի քաղգործիչներին ու նախագծողներին հետաքրքրում են նախագահական ընտրությունները, որոնց հետ է կապվում հիմնական լարվածությունը հայաստանյան իրականությունում։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի, այդ թվում` վերլուծական դեպարտամենտի աշխատակիցների ու Հարավային Կովկասում վարչապետի ներկայացուցչի հետ շփումը, ինչպես նաև ԱԳՆ աշխատակիցների հետ խորհրդակցական զրույցին մասնակցությունը, որին ներկա էին վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, հնարավորություն ընձեռեցին անելու այս կամ այն սոցիալ-քաղաքական գործընթացների նկատմամբ Արևմտյան ընկերակցության հետաքրքրության կորստյան մասին հետևյալ եզրակացությունները, որոնք անմիջականորեն առնչվում են Հարավային Կովկասի երկրների ներքին կյանքին։ Արևմուտքի հետաքրքրությունը մեծ մասամբ շինծու էր ու մակերեսային, ինչը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ի ու Եվրոպայի տնտեսական խնդիրներով։ ԱՄՆ-ի ու եվրոպական առաջատար պետությունների արտքաղաքական գերատեսչությունների միջև կա լռության պահպանման եռյակ որոշում` կապված Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների սցենարի մշակման հետ, որին ակտիվորեն մասնակցել են Բրյուսելի վերլուծական կենտրոնների աշխատակիցները, մի բան, որ նախկինում չի եղել։ Դա հնարավոր եղավ բացառապես շնորհիվ Սարկոզիի ընտրության, որը, փաստորեն, համաձայնեց Հայաստանի հանդեպ քաղաքական վերաբերմունքի փոփոխմանը։ Ընդ որում, նկատի է առնվում, որ տվյալ դեպքում չեն օգտագործվի «գունավոր հեղափոխությունների» համապատասխան քաղաքական ոճն ու գաղափարախոսական հաշվարկները։ Փորձագետներն այդ պետությունների արտքաղաքական գերատեսչություններին չեն առաջարկել Հայաստանի կառավարող վարչախմբի հնարավոր ներփոխության վերաբերյալ դրական պատասխաններ ու սպասումներ։ Հարկ է նշել, որ ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Եվրոպայում չկան բավականաչափ լուրջ ակնկալիքներ կառավարող վարչախմբի հնարավոր փոփոխության առնչությամբ։ Չկան այնպիսի զգացողություններ ու ըմբռնում, թե ընդդիմադիր նախաձեռնություններից դրական արդյունքներ են սպասվում։ Առաջին անգամ է, որ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան սերտորեն համագործակցում են հարավկովկասյան պետություններից մեկի ներքին քաղաքականության խնդիրների շուրջ (ոչ մի նման բան չի եղել վրացական իրադարձությունների ընթացքում)։ Այդ իրավիճակների սկզբունքային տարբերությունն այն է, որ Եվրահանձնաժողովում, ԵԱՀԿ-ում և ԵԽԽՎ-ում համատեղ ջանքերի առնչությամբ որոշակի պայմանավորվածություններ կան` կապված Հայաստանի նախագահական ընտրությունների գնահատականների և քարոզչության հետ։ Պետք է նշել, որ վերջին երեք-չորս տարում Հայաստանում առաջատար եվրոպական պետությունների դեսպանությունները բազմիցս եվրոպացի վերլուծաբաններ են ներգրավել Հայաստանում տիրող իրավիճակն ու հեռանկարները քննարկելու համար։ Արված գլխավոր հետևությունն այն է, որ հնարավոր է համագործակցել Հայաստանի ներկա իշխանությունների հետ, հստակ պայմանավորվածություն ձեռք բերել և քաղաքական վստահության վարկ տրամադրել վերջիններիս։ Դրա հետ մեկտեղ, տարօրինակն այն է, որ հենց Արևմուտքը` ինչպես ամերիկացիները, այնպես էլ եվրոպացիները, շահագրգռված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ու Կովկասի ցանկացած այլ պետության հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ։ ԱՄՆ-ի համար շատ դժվար է քաղաքական հարաբերություններ հաստատել Հայաստանի ներկա իշխանությունների հետ, միաժամանակ նաև այդ իշխանությունների ծառայություններից հրաժարվել չի կարող։ Ցանկացած այլ սցենար և այլ գործընկերներ Հայաստանում շատ խնդրահարույց կլինեն։ Ոչ մի կասկած չկա, որ ԱՄՆ-ին ամենևին ձեռնտու չէ Հայաստանի ապառազմականացման գաղափարը, ինչն իրականում կնշանակի բանակի և հասարակության հայրենասիրաբար տրամադրված մասի հանդեպ վերահսկողության կորուստ։ Հայաստանի գործող ընդդիմությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, չի արտահայտում ԱՄՆ-ի ու նրա գործընկերների շահերը, քանի որ վերջիններս Հայաստանը տեսնում են որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ տարբեր խնդիրներ իրականացնող խիստ ռազմականացված, հավակնոտ երկիր։ Բայց դեռ վերջերս Վաշինգտոնում քննարկվում էին միանգամայն այլ ծրագրեր` կապված Հայաստանի ներքին իրադրության «կառուցման» հետ։ Օրինակ, Ֆրանսիայում կազմավորվել էր հայ գործարարների մի խումբ, որը նախորդ ընտրարշավի ընթացքում պետք է աջակցեր Լևոն ՏԵր-Պետրոսյանին։ Նույնօրինակ փորձեր են ձեռնարկվում նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ում քննարկվում է այնպիսի կազմակերպության ստեղծման հարցը, ինչպիսին «Առաջադիմություն Ամերիկայի համար» կազմակերպությունն է, որը վերահսկվում է Ջորջ Սորոսի կողմից։ Դրա հետ մեկտեղ, Լ. Տեր-Պետրոսյանի հաջողության առնչությամբ մեծ սպասելիքներ չեն եղել ո՛չ առաջ, ո՛չ հիմա։ Լուծվելիս են եղել հետևյալ խնդիրները. նկատի է առնվում գործի դնել Լ. Տեր-Պետրոսյանի անհատականությունը` որպես որոշակի քաղաքական և հասարակական ուժերի առաջնորդի, ստեղծվում են Հայաստանում ժողովրդավարության բացակայությանը տրվելիք կոշտ գնահատականների նախադրյալներ, բնակչության որոշակի խավեր նախապատրաստվում են նոր իրավիճակին, երբ Հայաստանը, հնարավոր է, հայտնվի տևական քաղաքական ճգնաժամում։ Լ. Տեր-Պետրոսյանը հավաստիացումներ է ստացել, որ ոչ մի պարագայում նախագահական ընտրությունները դրական գնահատական չեն ստանա, նա կունենա մշտական քաղաքական և կազմակերպական աջակցություն անկախ ընտրությունների արդյունքներից։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, ինչպիսիք առկա են Բելառուսում, հիմքեր նախապատրաստել Հայաստանին արտաքին օգնությունից այս կամ այն չափով զրկելու համար, երկիրն ընդհանուր առմամբ գցել միջազգային մեկուսացման մեջ։ Լ. Տեր-Պետրոսյանը պետք է ստանա «իրավարարի կարգավիճակ» և դառնա փորձագետ այն բոլոր հարցերում, ինչ տեղի է ունենում Հայաստանում, և նրա կարծիքն ընդունվի որպես վճռորոշ։ Այսպիսով, Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները դիտվում են որպես տևական քաղաքական ճգնաժամի ծավալման սկզբնական փուլ, որը կարող է հանգեցնել արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունների։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ այդ գործընթացները կդիտարկվեն ինտերակտիվ կարգով, և՛ արձագանքները, և՛ գործողությունները ոչ թե հիմնված կլինեն նախապես ուրվագծված ծրագրերի վրա, այլ կիրականացվեն հընթացս` տեղի ունեցող իրադարձությունների թելադրանքով։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցների խոստովանությամբ, խնդիրն այն է, որ այնքան էլ շատ չեն այն մասնագետները, որոնք ի զորու են ստեղծելու հայկական իրադարձություններին արագորեն արձագանքելու համակարգ։ Այդ դերը «Միջազգային ճգնաժամային խմբին» հանձնարարելու գաղափարն այդպես էլ պաշտպանություն չգտավ։ Երևում է, ինչ-որ փուլում որոշում է ընդունվել, որ այդ առաջադրանքն իրականացնեն անմիջականորեն դիվանագետները։ Արտգործնախարարության հետ աշխատող փորձագետները խոստովանում են, որ Հարավային Կովկասում վարչապետի ներկայացուցիչ Բրայեն Ֆոլլի ձգտումը կարող է հանգեցնել ոչ ձեռնտու գնահատականների և որակվել որպես անձնական շահադիտության հետևանք։ Սակայն այս ամբողջ սխեման փուլ եկավ մի որոշակի պահի, և մինչև օրս այնքան էլ հասկանալի չեն այն պատճառները, որ ուշադրության էին առնվել Արևմուտքում և ամերիկացիների կողմից` առաջին հերթին։ Կա Լևոն Տեր-Պետրոսյանին ցուցաբերվելիք համընդհանուր աջակցության սցենարի խափանման մեկ վարկած. ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը Հարավային Կովկասի առնչությամբ առաջադրել է միանգամայն այլ բնույթի ծրագիր` կապված տարածաշրջանի գործընթացների պատասխանատվությունը հենց այդ տարածաշրջանի երկրների վրա բարդելու անհրաժեշտության հետ։ ԱՄՆ-ի այդ քաղաքականությունն ավելի ցցուն ու համոզիչ է իրականացվում Մերձավոր Արևելքի առնչությամբ, բայց պակաս գերակա ուղղությունների առնչությամբ ևս նկատի է առնվում սահմանափակել ամերիկյան ծախսերը, և պատասխանատվությունն ու խնդիրները դնել գործընկերների կամ ամենևին էլ ոչ գործընկերների ուսերին։ Նման առաջադրանք կարող է կատարել հենց այնպիսի մի վարչախումբ, ինչպիսին հիմա Հայաստանում իշխանության գլուխ գտնվող ղեկավարությունն է։ Նախընթաց ժամանակաշրջանում ամերիկացիներն ունեին ընտրությունների հետ կապված տեխնոլոգիաների ու պայմանների մշակման ու կիրառման փորձ` համագործակցելով բնավ ոչ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ամերիկացիներն ապահովեցին ընտրությունների այն մոդելի «օրինակարգությունը», որը բացահայտորեն առաջարկեց Ռ. Քոչարյանը, այսինքն` «փողի դիմաց փող», ինչը հաստատում էր Հայաստանի նոր սոցիալական կարգավիճակը, որպես «անցումային շրջանի» ավարտական փուլում գտնվող մանրբուրժուական հասարակություն։ Ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչներն այս կամ այն չափով Հայաստանին ու նրա խնդիրներին վերաբերող որոշակի հայտարարություններ են անում։ Հայաստանի խորհրդարանական և նախագահական ընտրություններին նախորդող ներկա շրջանում ԱՄՆ-ը համակ ուշադրությամբ հետևում է Հայաստանի իրադարձություններին` մատնանշելով այս կամ այն իրադարձությունն ու գնահատականներ տալով առանձին գործընթացների։ Հայաստանի քաղաքական ղեկավարները բավական նյարդային ու երկյուղով են հետևել ԱՄՆ-ի այդ քաղաքականությանը, թեև դրանում խուսանավման ու հանդիպակաց քայլերի դիմելու քիչ սողանցքեր չկան։ ԱՄՆ-ի քաղաքականությունը, անգամ ամենատհաճ «քաղաքական շրջադարձերի» ժամանակ, երբեք Հայաստանի և անգամ հայկական քաղաքական ղեկավարության հանդեպ թշնամական չի եղել։ ԱՄՆ-ում Հայաստանի հանդեպ հակակրանք, թերևս, ունեն միայն «առարկայնորեն շահագրգռված» շրջանակները, որոնք կա՛մ ներկայացնում են նավթային ընկերությունների շահերը, կա՛մ վարչակազմում պահպանողական նոր խաղեր տվող ստահակներ են, ովքեր Ամերիկան հաջողությամբ առաջնորդում են դեպի միջազգային մեկուսացում և «նոր Վիետնամներ», ինչպես նաև Թուրքիայի բարեկամները, որոնց թիվն օրեցօր նվազում է։ Նրանք լուսանցքային դերակատարում ունեն ամերիկյան քաղաքական խավի, աջ քաղաքական շրջանակների, հանրապետական կուսակցության և նույնիսկ այդ կուսակցության աջ թևի համեմատ։ Հայերի հասցեին թույլ արտահայտված հակակրանք ունեցող մի բուռ մարդկանց այդ խառնախումբը հենց այդ կազմով կարողացել է վարչակազմում հայտնվել քաղաքական-գաղափարախոսական այն ճգնաժամի հետևանքով, որ ապրում է ԱՄՆ-ը և ամերիկյան պահպանողականությունը` մասնավորապես։ Այդ խառնախմբից դուրս ԱՄՆ-ում չկան խմբավորումներ կամ շրջանակներ, որոնք Հայաստանն ու հայերին համարեին թշնամական տարր։ Ամերիկյան հասարակությունը համակրանք ունի մի ազգի նկատմամբ, «հակառակ պատմության օբյեկտիվ ընթացքին», որը գոյատևել է՝ մարտահրավեր նետելով աշխարհակուլ իրապաշտությանն ու պայքարելով ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին։ Եթե ամերիկյան հանրությունը գրեթե չի հետաքրքրվում Հայաստանով, ապա Ադրբեջանով ու նրա ճակատագրով է՛լ ավելի քիչ է հետաքրքրվում։ Գաղտնիք չէ, որ ամերիկյան զինվորականները պատշաճն են հատուցում և հարգանք են տածում հայ զինվորականների ու հայ ժողովրդի նկատմամբ, որը ռազմական հաջողության է հասել` գտնվելով անհամեմատ պակաս նախընտրելի պայմաններում։ Այս բանը բազմիցս և համոզիչ ասվել է ինչպես ամենաբարձր մակարդակում, այնպես էլ մասնավոր զրույցների ընթացքում։ ԱՄՆ-ը Հայաստանը համարում է տարածաշրջանում առավել հուսալի և լուրջ գործընկեր։ Ամերիկացիները մշակում են Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու եղանակներ` հասկանալով, որ նա պարտավորեցնող հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և շահեր Մերձավոր Արևելքում։ Ամերիկացիների մտադրությունները Հայաստանի առնչությամբ` որպես ապագայի համար նկատառված պետության, արդեն օրախնդիր չեն, քանի որ ԱՄՆ-ը Հայաստանը վերցնում է «պահեստից» և աշխատում դարձնել «մոբիլ» գործընկեր։ Ամերիկացիները ենթադրում էին, թե իրենցից ինչ են ներկայացնում մեր հարևանները և, վերջապես, «պատռեցին» նրանց քաղաքական դեմքը։ Սակայն Հայաստանը ԱՄՆ-ին հետաքրքրում է ոչ Իսրայելի նման` նրա համապարփակ մեկուսությամբ, այլ որպես մի պետություն, որը քաղաքական և ռազմական լայն հարաբերություններ ունի Եվրասիայի ու Մերձավոր Արևելքի պետությունների հետ։ Ամերիկյան «կովկասագիտության մանկական հիվանդությունը»` Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցման թեզը, արդեն պատմության գիրկն է անցել։ Թուրքիան այլևս չի կարող հավակնել Կենտրոնական Եվրասիայի «խնամակալի» դերին և շատ հնարավորություններ չունի վերականգնելու նախկին հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Այսինքն, Թուրքիայի հետ հաշտեցումն արդեն չի հանդիսանում ԱՄՆ-ի կողմից Հայաստանի կլանման նվազագույն ծրագիր։ Այդ ծրագիրը փոխարինված է մեկ ուրիշով` համատեղ «պարեկումով», այսինքն, Հայաստանում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ ռազմական ներկայությամբ` որպես առաջին փուլ: Ընդ որում, այդ «համագործակցությունը» չպետք է անգամ հիշեցնի Ղրղզստանում տիրող ներկա իրավիճակը, ուր գոյակցում են ամերիկյան և ռուսական ռազմաօդային բազաները։ Թե դա ինչի կնմանվի, առայժմ իրենք ամերիկացիներն էլ չեն հասկանում։ Այդ ծրագիրը մտնում է Հարավային Կովկասում և առհասարակ Կենտրոնական Եվրասիայում անվտանգության խնդիրների լուծմանը Ռուսաստանին մասնակից դարձնելու ավելի լայն ծրագրերի մեջ։ Կարելի է նշել նաև, որ այդ ծրագիրն ավելի շուտ բրիտանական է, քան ամերիկյան։ Ինչ դատողություններ էլ անեն փորձագետներն առաջացած ու առաջացող սպառնալիքների ու վտանգների առնչությամբ, այժմ Հայաստանը գտնվում է բավականին նպաստավոր աշխարհաքաղաքական և միջազգային իրավիճակում` շնորհիվ այն բանի, որ ներգրավվում է ուժի համաշխարհային կենտրոնների ռազմավարական տարբեր նախագծերի մեջ։ Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո

No comments: