HayNews.am. 8-3-2012- Վերջին շաբաթներին Թուրքիայում հակահայ հզոր ալիք է ձևավորվել: Սա իրողություն է, ինչը ցույց են տալիս վերջին զարգացումները:
Իսկ թե ինչու հարևան երկրում մշտապես գոյություն ունեցող հայատյացության մթնոլորտը վերջին ամիսներին նման կտրուկ աճ ապրեց, փորձենք հասկանալ` դիտարկելով ստեղծված իրավիճակը:
Նախ` պետք է հասկանալ պաշտոնական Անկարայի որդեգրած խիստ ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Թուրքիան վերջին տասնամյակներին տարատիպ փորձեր է ձեռնարկում` ամեն կերպ ձախողելու պատմական իրողության ճանաչումը ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև իր հասարակության կողմից:
Դրա համար Թուրքիան կիրառում է տարբեր մարտավարություններ` ագրեսիվ հակաքարոզ, սպառնալիքներ, եղբայրության պատրանք և այլն:
Վերջին շրջանում առավել ակտիվ կերպով սկսվել է կիրառվել այն քաղաքականությունը, որը ենթադրում է պատասխան մեղադրանքներ հայերի հասցեին` «թուրքերի կոտորածների, սպանությունների, ցեղասպանությունների մեջ»:
Թուրքական մամուլում հաճախակի կարող ենք հանդիպել, թե այս կամ այն վայրում հայտնաբերվել են «հայ հրոսակախմբերի կողմից սպանված թուրք գյուղացիների զանգվածային գերեզմաններ» (թուրքական մամուլից` բառացի մեջբերում), իսկ փետրվար ամիսը ցույց տվեց, որ դրանց գումարվել է նաև, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը», որը թուրքական քարոզչամեքենան դարձրել է իր դրոշակակիրը:
Սույն տարվա փետրվարի 26-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում հավաքվեցին աննախադեպ թվով ազգայնամոլ և իսլամիստ ցուցարարներ, որոնք եկել էին «հարգելու Խոջալուի զոհերի հիշատակը» կամ որ ավելի տեղին կլինի ասել` վիրավորելու ու սպառնալու հայերին:
Անզեն աչքով էլ երևում էր, որ ցույցը կազմակերպվել և խրախուսվել էր թուրքական պետության կողմից, իսկ դրա համաֆինանսավորումը Բաքվից չէր ուշացել: Խիստ հայատյաց տրամադրություններով աչքի ընկած ցույցին զուգահեռ Թուրքիայի և Ադրբեջանի առաջին այրերը տարբեր ամբիոններից տարատեսակ ձևերով «սգացին ու հիշեցին ադրբեջանցի անմեղ զոհերին»` բարձրաձայն դատապարտելով հայերին և Հայաստանի Հանրապետությանը:
Այս ամենին միացան նաև թուրքական լրատվամիջոցները` կրկին աննախադեպ ուշադրություն հատկացնելով Խոջալուի թեմային:
Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Խոջալուին առանձնակի տեղ հատկացնելով` թուրք-ադրբեջանական «եղբայրությունը» փորձում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակադրել «թյուրքերի ցեղասպանությունը»:
Այս քայլով Անկարան փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել ոչ թե ցեղասպանված, այլ ցեղասպան հայի կերպարը` միևնույն ժամանակ Սփյուռքի և Հայաստանի վրա որոշակի ճնշման լծակներ ստեղծելու ու ուշադրությունը շեղելու մտադրությամբ: Եվ սրա համար թուրքերն ամբողջ թափով փորձում են օգտագործել իրենց կողմից արհեստական հնչողություն ստացած Խոջալուի գործոնը:
Պետք է նաև հիշել, որ 3 տարի անց նշվելու է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը. այս թվականը Թուրքիայում առաջացնում է մեծ զգուշավորություն և նույնիսկ ստեղծում վախի մթնոլորտ: Անկարան այլևս ժամանակ չի կորցնում և փորձում է բոլոր հնարավոր ձևերով կանխել իր համար ոչ ցանկալի զարգացումները:
Թուրքական հակահայ պահվածքի սեզոնայնությունը հաշվի առնելով` առաջիկայում ականատես կլինենք տարբեր հայատյաց ակցիաների, քայլերի, ելույթների: Պետք չէ մոռանալ, որ մոտենում է ապրիլի 24-ը: Սովորաբար հենց այս շրջանում էլ ակտիվանում են Թուրքիայի հակահայ տարրերը, որոնք 74 մլն բնակիչ ունեցող երկրում ամենևին էլ փոքր թիվ չեն կազմում:
Այստեղ տեղին է հիշել այն, որ թուրք ազգայնամոլությունը մշտապես կառուցվել և կառուցվում է նաև հակահայ հենքի վրա, ուստի առաջիկայում ունենք բոլոր նախադրյալները թուրքերի կատարմամբ հերթական հակահայ ներկայացման հանդիսականը լինելու համար:
Իհարկե, չի կարելի բառացել, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերջին որոշումները նույնպես գրգռեցին հայատյաց տարրերին, որոնց համար սա հարմար առիթ էր կրկին ինքնաարտահայտվելու, լիցքաթափվելու համար:
Ինչևէ, քանի դեռ թուրքական պետությունն շարունակում է իր ներկայիս ժխտողական և այլատյաց քաղաքականությունը, հայատյացության դեպքերը նվազելու փոխարեն աճելու են: Չեն բացառվում նաև Դինքի կամ Սևակի սպանություննեը հիշեցնող դեպքերը:
Պարոնայք, եկեք հիշենք, որ սա Թուրքիան է. նույնիսկ 21-րդ դարում հայն այստեղ «դուշման» է կամ «բիճ», իսկ մի քանի բացառությունների օրինակը չպետք է ժողովրդավար ու հանդուրժող Թուրքիայի պատրանք ստեղծի:
Գևորգ Պետրոսյան, թուրքագետ
Friday, March 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment